Ադրբեջանը «Քարաբախի» մամուլի քարտուղարի նկատմամբ վարչական գործ է հարուցել

0

Ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի՝ սոցցանցերում կատարած գրառման հետ կապված, որով նա կոչ էր արել սպանել բոլոր հայերին` լինի կին, երեխա, թե տարեց։

«Նուրլան Իբրահիմովի հայտարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ նա չէր կարողացել զսպել դաժանության նկատմամբ իր հուզական դրսևորումները, և որի համար արդեն զղջացել է ու հեռացրել գրառումը, չեն արտացոլում «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական դիրքորոշումը և չեն հաստատվում մեր ակումբի կողմից:

Իբրահիմովը հանցագործության համար պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան: Ադրբեջանի դատախազության կողմից Նուրլան Իբրահիմովի նկատմամբ վարչական գործ է հարուցվել և ուղարկվել դատարան, որտեղ պատժի վերաբերյալ որոշում կկայացվի: Բացի այդ, մեր ակումբի ներքին կարգապահական օրենսգրքի համաձայն, Նուրլան Իբրահիմովի սխալ քայլը կդիտարկվի կարգապահական հանձնաժողովի կողմից, ինչից հետո էլ կսահմանվեն համապատասխան կարգապահական տույժեր:

«Քարաբախ» ֆուտբոլային ակումբը կրկնում է, որ մեր ակումբի աշխատակիցներն այս դժվարին շրջանում պետք է զերծ մնան սոցցանցերում նման հայտարարություններ տեղադրելուց, պահպանեն մարդասիրական սկզբունքները»,- նշված է «Քարաբախի» հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը: ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: