Ադրբեջանը 15000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն կանցկացնի

54

Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի համաձայն՝ մայիսի 16-ին ադրբեջանական բանակում զորավարժություններ կսկսվեն տարբեր տեսակի զորքերի ներգրավմամբ, գրում է minval.az-ը:

Ինչպես փոխանցել են երկրի պաշտպանության նախարարությունից, զորավարժություններին կմասնակցեն առավելագույնը 15 000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային կայանք, հրթիռային բազմակի համակարգեր, ականանետեր և հակատանկային զենքեր, մինչև 50 տարբեր նպատակների ռազմական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի միավորներ:

Զորավարժությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն հրամանատարությունը և վերահսկողությունը, զորքերի մարտական պատրաստվածությունը և վերախմբավորումը՝ հաշվի առնելով Արցախյան երկրորդ պատերազմում ձեռք բերած մարտական փորձը, այդ թվում՝ մարտական համակարգումը և փոխգործակցությունը համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև:

Զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև մայիսի 20-ը, զորքերը միաժամանակ  կիրականացնեն  անօրինական զինված խմբավորումների սադրանքները կանխելու և ահաբեկիչներին  չեզոքացնելու  հակահարվածային գործողություններ: