Ադրբեջանում իրավիճակը լարված է. զինկոմիսարիատների դիմաց բողոքի ցույցեր են

2
Գանձակ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանում իրավիճակը բավականին ծանր է և լարված։ Ադրբեջանի իշխանությունը ծայրաստիճան անհանգստացած է բնակչության շրջանում օրեցօր աճող հակակառավարական տրամադրություններից: Կարո՞ղ է արդյոք ներկա իրավիճակն այնպիսի զարգացումներ ունենալ, որը հիմք դառնա Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության վերջնականորեն արթնացմանը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի (ֆակուլտետ) տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն ասաց, որ պատերազմը սկսելուց առաջ Ադրբեջանը մեծ աշխատանք տարավ ընդհանուր դաշտը մաքրելու ուղղությամբ և այդ իմաստով իշխանությանը հաջողվեց ազատվել այն անհատներից, որոնք կարող էին ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա։

«Դա չի նշանակում, սակայն, որ չկա շարժում, դժգոհություններ չկան, մանավանդ թալիշաբնակ և լեզգիաբնակ շրջաններում։ Թեկուզ փոքրաքանակ մասնակցությամբ, բայց բազմաթիվ ցույցեր են տեղի ունենում, հատկապես զինկոմիսարիատների առջև»,- ասաց Ասատրյանը։

Նրա գնահատմամբ՝ ահաբեկիչներն ավելի շատ վնաս տվեցին Ադրբեջանին, քան օգուտ՝ թե՛ ռազմական գործողությունների ժամանակ, թե՛ այլ առումներով։ Այս պատերազմի արդյունքում հօդս ցնդեց նաև թուրքական բանակի հզորության մասին առասպելը։ Թուրքական հատուկ միավորումը, որ մտել էր Հադրութ, այդպես էլ չկարողացավ կատարել իր առջև դրված առաջադրանքը։ Փշուր-փշուր եղավ նաև ջիհադիստների անվեհեր կեցվածքի մասին առասպելը, տեսանյութ կա, որտեղ վերջիններս լացում են մահվան վախից»։