5 օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն անգամ օրվա խնդիրները չեն կարողացել լուծել. Խոդարյոնոկ

18

Ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյոնոկը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակը 5 օրվա ընթացքում չի կարողացել լուծել նույնիսկ առաջին օրվա համար իր առջև դրված խնդիրը, գրում է eadaily.com կայքը:

«Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը ծրագրել, նախապատրաստել և հարձակողական գործողություն է սկսել: Հինգ օրը շա՞տ է, թե՞ քիչ: Վեց օրում Իսրայելը լիովին ջախջախել է իրեն մի անգամ գերազանցող արաբական դաշինքին, 3 օրում Կարմիր բանակը գրավել է Քյոնիգսբերգը: Ինձ թվում է, որ 5 օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն անգամ օրվա խնդիրները չեն կարողացել լուծել: Իլհամ Ալիևն արդեն բաց է թողել «աստեղային ժամը»,- նշել է Խոդարյոնոկը:

«Ինձ թվում է, որ նույնիսկ նրանց զինամթերքն է սպառվում. ևս 2-3 օր և այս պատերազմը կթուլանա»,- հավելել է ռազմական փորձագետը:

«Հասկանալու համար, թե ինչու Ադրբեջանի մոտ մարտական գործողություններ իրականացնելն այնքան էլ հաջող չի ստացվում, անհրաժեշտ է հայացք գցել 1990-ականներին՝ տեսնելու, թե ինչու նրանք այդ ժամանակ գրեթե ամեն բան կորցրին: Ադրբեջանի բնակչության շրջանում զինվորական ծառայությունը երբևէ ժողովրդականություն չի վայելել: Խորհրդային, այնուհետև ռուսական բանակում 30 տարվա ծառայությանս ընթացքում ես գեթ մեկ ադրբեջանցի օդաչու չեմ տեսել: Գուցե ընկերներս ավելի հաջողակ են եղել, համենայնդեպս, իմ հարցրածներից որևը մեկը նույնպես չի տեսել: Ժամանակին, երբ Ադրբեջանում տեղակայված էր 4-րդ համազորային բանակը, այնտեղ պարբերաբար զորահավաքային վարժություններ էին իրականացվում, պահեստազորից Ադրբեջանի քաղաքացիների էին կանչում, փորձում էին գումարտակներ և մոտոհրաձգային ստորաբաժանումներ հավաքել, սակայն այդ ամենը շատ վատ էր ստացվում: Ինչո՞ւ: Քանի որ ում կանչում էին, պարզվում էր՝ անցյալում կա՛մ խոհարար է եղել, կա՛մ հաց կտրող, կ՛ամ հնոցապան կա՛մ էլ ռազմական շինարարական ջոկատի զինվոր»,- նշել է Խոդարյոնոկը: