Ադրբեջանի հարձակողական պոտենցիալի ցամաքային բաղադրիչը շնչահեղձ է եղել․ Արծրուն Հովհաննիսյան

12
Արծրուն Հովհաննիսյան

«Չոր մարքեթինգ» յութուբյան ալիքի՝ «Տնտեսությունը պատերազմի պայմաններում» վեբինարի եթերում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ թշնամու ներուժին․

«Դժվար չէ հասկանալ, որ թշնամին վստահաբար այսքան մեծ ներուժ՝ թուրքական, ահաբեկչական, վարձկաններ, ահռելի տեխնիկական առավելություն ունենալով, չէր պլանավորել 40 օր կռվել և ինչ-որ դաշտավայր, այն էլ ոչ ամբողջական՝ Արաքսի հովիտը, «ազատագրեն», և անտառային զանգվածներում օրական այս գյուղից այն գյուղը թռչեն և կորուստներ կրեն ու չկարողանան հաջողության հասնել, Շուշիի մասին երազանքներով մնան։ Այն արդյունքը, որն Ադրբեջանը արձանագրել է, և այո, մենք էլ որոշ տեղերում նահանջել ենք, վստահաբար Թուրքիայի գլխավոր շտաբի ծրագրում սա չկար, լիովին վստահ եմ և դրա համար կան հետախուզական հիմքեր և կա նաև ռազմական լոգիկա, որ պատերազմը պլանավորված էր 1-2 օպերացիայի շրջանակում, ինչը 15-20 օր է տևում, և վստահ եմ, որ եթե նույնիսկ ՀՀ հարավային հատվածներն իրենց պլաններում չունեին, ապա Արցախն ամբողջովին վերցնելու պլան ունեցել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ թշնամին որոշ գործոններ հաշվի առնելով՝ մտադիր էր արագ ավարտել ռազմական գործողությունները։

«Կարսի պայմանագրի օրը, եղանակային պայմանները, ԱՄՆ ընտրությունները, միլիոն գործոն էր հաշվարկված, բայց դա տեղի չունեցավ, ավելին՝ ինչպես ռուս փորձագետներից շատերն արդեն խոստովանում են, ընդ որում ՝շատերը նախկինում այլ տոնով էին խոսում, Ադրբեջանի հարձակողական պոտենցիալի ցամաքային բաղադրիչը շնչահեղձ է եղել, փորձում է փոքր խմբերով շարունակել առանձին խայթոցներով, ճանկռտող մարտավարություն օգտագործել և առաջ գալ, այստեղ էլ ինչպես տեսնում ենք արդեն մեկ շաբաթ իրենք որևէ հաջողություն չունեն։ Այսինքն՝ մեծ ձեռքբերում չկա և արդեն իրենց սոցտիրույթում Ալիևին ասում էին՝ հերիք է Ջաբրայիլի ու Զանգելանի «ազատագրված» գյուղերի ցուցակը 4-րդ անգամ կրկնես, հոգնել ենք։ Այս ամեն ինչը արդեն իսկ մեր հաղթանակն է»,- նշեց նա։