Հաջորդ փուլը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, որտեղ Երևանն արդեն կորցնում է խոչընդոտներ ստեղծելու կարողությունը. Ադրբեջանը ԱԽ քարտուղար

302

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցությունների բովանդակությունը և խաղաղության օրակարգը միանշանակ որոշում է Իլհամ Ալիևը։

Ուսուբովի պնդմամբ՝ Ալիևի խնդրանքով բանակցություններում այլևս չեն օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», «կարգավիճակ» արտահայտությունները։

Ադրբեջանի ԱԽՔ-ի խոսքով՝ այժմ նախնական նպատակը «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցություններ սկսելն է և սահմանազատման և սահմանագծման հարցերը քննարկելը:

Այնուհետև Ուսուբովը խոսել է հաջորդ փուլի մասին, որն ըստ նրա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է․ «Հաջորդ փուլը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, որտեղ Երևանն արդեն կորցնում է խոչընդոտներ ստեղծելու կարողությունը … Իրանի հետ Ալիևի նախաձեռնությամբ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ կկառուցվի «Արևելյան Զանգեզուրն» ու Նախիջևանը կապող նոր տրանսպորտային հանգույց։ Այն բաղկացած է լինելու երկաթուղային գծից, բազմաշերտ մայրուղուց, թվային հաղորդակցությունից և այլ տարրերից՝ ամբողջությամբ անտեսելով «Զանգեզուրի միջանցքում» Հայաստանի «մանևրները»։ Հայաստանի կառավարությունը կարծում է, որ նոր տրանսպորտային հանգույցի հետ կապված պետք է գերակա դիրք ունենա և պետք է թելադրի իր պայմանները։ Սակայն մեր նախագահը հայտարարել է, որ այս տրանսպորտային հանգույցը շահագործման է հանձնվելու ընդամենը 5 կիլոմետր աշխարհագրական տարբերությամբ, և Հայաստանը հերթական անգամ սխալվել է իր հաշվարկներում»,- ասել է Ուսուբովը։