Մեզ անտեսում են. ադրբեջանցի զինվորականները բողոքի ակցիաներ են իրականացնում

81

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ադրբեջանցի զինվորներն անտեսված են, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են պարգևատրել նրանց կամ նպաստ նշանակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական սոցցանցերում ամեն օր հրապարակվում են նոր տեսանյութեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները բողոքում են իրենց հանդեպ պետության վերաբերմունքից՝ նշելով, որ պարգևատրումների են արժանանում այն զինծառայողները, որոնք թիկունքում են եղել, իսկ նրանք, ովքեր կռվել են առաջին գծում, հիմա անտեսված են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվում է որևէ բացատրություն տալ այս բողոքների առնչությամբ:

Ադրբեջանական Free Azerbaijan կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի խումբ զինծառայողներ ու զոհվածների հարազատներ բողոքի ակցիա են իրականացնում Ադրբեջանի պաշտպանության նախարարության մոտ՝ բացատրություններ պահանջելով իշխանություններից:

Նշվում է նաև, որ կան մեծ թվով անհետ կորածներ, որոնց ճակատագրի մասին հարազատներին տեղեկություններ չեն հաղորդում: «Հայտարարվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, սակայն այս ընթացքում պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրել գտնված մարմինների վերաբերյալ: Ծնողներն անգամ չգիտեն՝ որդիները գերի՞ են, թե մահացել են, իսկ պատկան մարմինները նրանց մարմինները թողել են փտելու Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտիներում»,- գրում է Free Azerbaijan-ը: