Ադրբեջանցի քաղաքագետը հայտարարել է, թե վերահսկողության տակ պետք է վերցնեն Լաչինի միջանցքը

52

Ադրբեջանցի քաղաքագետը, արձագանքելով այդ երկրի պաշտպանության նախարարության հայտարարությանը, նշել է, թե Ռուսաստանը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու Ադրբեջանը պետք է իր հսկողության տակ վերցնի Լաչինի միջանցքը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, թե ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարությունից պահանջում են դադարեցնել հայկական զինված ուժերի տեղակայումն Արցախի տարածքում։

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից հետո ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօգլուն ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, թե Ադրբեջանի ՊՆ-ն, փաստացի, հայտարարել է, որ ՌԴ-ն չի իրականացրել ստորագրված հայտարարության դրույթները, չի ապահովել հայկական զորքերի հեռացումն Արցախի տարածքից և նոր պայմաններ է ստեղծել՝ հայկական նոր դիրքերի ստեղծման համար։

«Այլ խոսքով՝ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է, որ Ռուսաստանը խախտում է եռակողմ հայտարարությունը»,- հայտարարել է նա՝ հավելելով, թե այդ հայտարարությունը չպետք է օդում մնա ։ Ավելին՝ ադրբեջանցի քաղաքագետը ցինիկաբար նշել է, թե պետք է մեխանիզմներ կիրառվեն հայտարարության մեջ տեղ գտած առաջարկի իրականացման համար, համաձայն որի՝ «բոլոր համարժեք միջոցները կձեռնարկվեն ադրբեջանական բանակի կողմից»։ Վերջինս չի թաքցրել իրենց նկրտումները՝ նշելով, թե անհրաժեշտ է վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը, զինաթափել Արցախի Հանրապետությանը՝ հայությանը ներկայացնելով որպես «անջատողականներ»։