Իրանն այսօր Մոսկվայում կայացած նիստում սատարել է «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանում Իրանի դեսպանատանը։
Դեկտեմբերի 10–ին Մոսկվայում կայացել է հարթակի առաջին նիստը՝ արտաքին գործերի փոխնախարարների՝ Անդրեյ Ռուդենկոյի (Ռուսաստան), Վահե Գևորգյանի (Հայաստան), Խալաֆ Խալաֆովի (Ադրբեջան), Սեդատ Օնալի (Թուրքիա), ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալիռեզա Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց։
«Հագիգիանը ելույթի ժամանակ հայտնել է, որ Իրանը սատարում է ձևաչափը, քանի որ այն տեղավորվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության շրջանակներում, և վստահ է, որ խնդիրները, մարտահրավերները և հակասությունները տարածաշրջանի երկրների միջև անհրաժեշտ է լուծել տարածաշրջանային պետությունների ջանքերով», – նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։














