Ցեղն իրենից դուրս առիւծ չի ճանաչում. Նժդեհ

245

«Ազատ Ձայն» լրատվականը իր ընթերցողին է ներկայացնում Գարեգին Նժդեհի «Անարիութիւն –Մայր Չարեաց»ժողովածուից մի փոքրիկ հատված, որտեղ Նժդեհը ցույց է տալիս ժողովրդի և ցեղի տարբերությունները՝ մատնանշելով, որ ցեղն է մեր ապավենը: Ստորև ընթերցեք հատվածը՝

«Մեր դարում, մասնաւորապէս մեր օրերում, ոչինչ այնքան չի տկարացնում ժողովուրդների պայքարունակութեան ոգին, որքան այն աղէտալի մոլորանքը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ ինչ որ արտաքին ուժեր:

Աւելի՛ պարզ:

Մի ժողովուրդ, որ իրեն պէտք եղած ուժերը դուրս է փնտռում, կուրօրէն իր պարտութիւնն ու անկումն է նախապատրաստում:

Հասլանա՛նք, որ ցեղի ուժակշիռը աւելի մեծ է, նրա կարողականութիւնը բիւրաբիւր անգամ աւելի հարուստ, քան՝ ժողովրդինը:

Այն ժողովուրդը, որ գիտէ այդ, գիտէ ճշմարտութիւնը, փրկուած է նա:

Հայ ցեղը՝ հայ արիւննէ, համակ բոց ու զօրույթ, որ ասում է անխօս. – «Ես սնւում եմ նրանցով, որոնց սնուցանում եմ»:

Ցեղը չի ծերանում, թիկնադարձութիւն չգիտէ, եւ չի պարտւում, երբե՛ք:

Դա յաւիտենական հայն է, ժամանակների վկան, Աստուծոյ գործակիցը:

Ցեղն արարիչ է, ժողովուրդը՝ արարած: Ժողովուրդի ուժածին մեքենան է ցեղը, եւ նրա ուժակիրը, որի մէջ կրում է մի ինչ որ տիեզերական եւ յարուցիչ ուժ:

Դա այն հոգեւոր շաղախն է, առանց որի ժամանակը հեշտութեամբ է հիւլէացնում ժողովուրդներին:

Ժողովուրդը կարող է եւ շինարար լինել, ցեղի ազդեցութիւնը, սակայն, միշտ էլ սեղծագործ է: Եւ այդ իսկ պատճառով աւելի մշակութունակ է ցեղը:

 Երբ չկայ ցեղը՝ ժողովուրդների հոգեւոր անդաստանը աւելի խծուծ է արտադրում, քան ցորեն: Յաճախ նուաստախոհ եւ նուաստախօս է ժողովուրդը, ցեղը միշտ էլ թագաւոր է, եւ գահըկեցութիւն չգիտէ:

Հակառակայորդոր է ժողովուրդը՝ աննուէր ու անփառ, երբ նրա մէջ տկարացած է ցեղի ձայնը: Յարանուանական է ժողովուրդը- կաթողիկէ, բողոքական, լուսաւորչական եւ այլն- ցեղը միշտ էլ մի՛ է եւ ամբողջական:

Ժողովուրդ, ասել է՝ դասակարգեր եւ դասակարգային եսականութիւն, ցեղը՝ ընկերային արդարութիւն, եւ հնարաւոր հավասարութիւն:

Ժողովուրդը կարող է գիտենալ, ցեղը մի՛շտ էլ կարող է նաեւ:

Մեկը կայականութիւն է, միւսը՝ ուժականութիւն:

Ժողովուրդը հաշուետես ուղեղ է, ցեղը՝ սիրտ, որ անհաշիւ կերպով զոհաբերել գիտէ:

Միայն ցեղին է տրուած «հարիւրեզեան զոհաբերութիւն»-ը – ամենամեծը:

Ապրել օրը օրին, թելն ու ասեղը ձեռին՝ իր դրութիւնը կարկատելու գործի վրայ, – ահա՛ ժողովուրդի գորշ առօրեան:

Ցեղը կարկատումի քաղաքականութիւն չգիտէ: Միշտ էլ ամբոխանալու հակամէտ է ժողովուրդը, ցե՛ղն է, որ միաբան ու լարուած կը պահէ ժողովուրդի կամքը:

Ցեղը կարող է ժամանակաւորապէս ե՛ւ պարտուել, բայց պարտուողականութիւն չգիտէ:

Նրա մեջ ամէն ինչ նոր է, իսկ նորը հին է՝ իմաստութեամբ շաղախուած:

Նա գիտէ նախատեսել, նախազգալ վտանգը, եւ արհամարհել՝ միաժամանակ: Ժողովուրդը յաճախ տարակոյսի եւ վարանումի կը մատնուի, ցեղը բնազդօրէն գիտէ իր կտրելիք ճամբան:

Մինչ ժողովուրդը արդարութիւն կը խնդրէ, ցեղը՝ կը գործադրէ այդ:

Ժողովուրդը, յաճախ ասել է՝ կշիռ առանց սրիճ իրաւունքի անզօրութի՛ւն:

Ցեղը՝ սուր է, յաճախ սուրը առանց կշռի: Ժողովուրդն էլ կը խոստանայ, բայց քիչ բան կու տայ, երբ ցեղաշունչ չէ:

Ցեղին, մի՛այն ցեղին է տրուած ժողովրդի ստրկութեան ծանր շղթաները արծուի թեւերի վերածելու հոգեբանական արուեստը: Ստրկութեան մեջ իսկ՝ նա չի կորցնում իր պատմական ճամբան: Անցեղունակ ժողովրդին տրուած չէ այդ բնազդական կարողութիւնը:

Ժողովուրդը հայ հոգու մարտիրոս կողմն է, ցեղը՝ հերոսական:

Ժողովուրդն աւելի մեռելներ է տալիս, ցեղը՝ դիւցազներ:

Ժողովուրդն այն վախկոտն է, որին ուզեցին գործի ուղարկել, եւ առարկեց նա. «Դուրսն առիւծ կայ»:

Ցեղն իրենից դուրս առիւծ չի ճանաչում:

Ցե՛ղն է մեր ապաւենը»: