Կոմմագենեի հայոց թագավորության մայրաքաղաք Արսամեան վնասվել է երկրաշարժից

78

Մարաշում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից վնաս են կրել նաև Ադըյամանի որոշ պատմական կոթողներ։

Դրանց շարքում է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության արքա Արշամ Երվանդունու կողմից հիմնադրված Արսամեան, որից վնասվել են ժայռափոր շինություններ։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրը հաղորդում է նաև, որ Ադըյաման նահանգի Քահթա գավառի կառավարիչ Սելամի Քորքութաթան թուրքական NTV հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում նշել է, թե երկրաշարժերից հետո մասնագետներն այցելել են Նեմրութ լեռան շրջան, որպեսզի ճշտեն՝ արդյոք պատմական կոթողները վնասվել են բնության արհավիրքից, թե ոչ։

Գավառապետը շեշտել է, որ Նեմրութ լեռան վրա գտնվող դամբարանաբլուր-սրբավայրը չի տուժել, սակայն նույն գավառում գտնվող Արսամեա հինավուրց քաղաքում որոշ ժայռափոր կառույցները թեթև վնասվել են։

Բայց և այնպես, այդ վնասները էական չեն։ Հիշեցնենք, որ Եփրատի աջակողմյան վտակ Քահթա գետի վերին ավազանում գտնվող Արսամեան հիմնադրվել է Կոմմագենեի և Ծոփքի թագավոր Արշամ Երվանդունու կողմից, մ․թ․ա․ 3-րդ դարի 40-30-ական թվականներին։ 1950-ական թվականներին կատարված պեղումների արդյունքում Արսամեայում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի պաշտամունքային հուշարձաններ։