Վանում դեռևս կանգուն են հայերի կառուցած 400 տարվա վաղեմության տներ

58

Վանի Գյուրփընար գավառի Ըշըքփընար թաղամասում դեռևս կանգուն են մնացել հայերի կողմից 400 տարի առաջ կառուցված քարե տները: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությանը:

Աղբյուրի համաձայն` այդ տներն այժմ օգտագործվում են նշյալ թաղամասի բնակիչների կողմից: Օրերս որոշ ուսումնասիրություններ կատարելու նպատակով այս թաղամաս է այցելել Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի արվեստի պատմության ամբիոնի պրոֆեսոր Մեհմեթ Թոփը:

Թուրք պրոֆեսորը ընգծել է տների կառուցվածքներում եղած նմանությունները: Հատկապես ուշագրավ է հայերի կողմից ամբողջովին թրծած կավից կառուցված ալյուրի պահեստը, որի վրա մնացել են հայերեն գրություններ և նշաններ: Վանի համալսարանի պրոֆեսորը թուրք ուսումնասիրողների ուշադրությունն է հրավիրել հայկական տների վրա՝ ասելով, որ տարածաշրջանի հայկական եկեղեցիները, վանքերն ու գերեզմանաքարերն արդեն բավականաչափ ուսումնասիրված են, իսկ այս բնագավառում դեռևս ուսումնասիրելու շատ բան կա: