Վանի՝ խոտի, փայտի, գոմաղբի պահեստարանի վերածված հայկական եկեղեցին պետական պահպանության տակ կառնվի

55

Վանի նահանգի Շատախի շրջանի Քորլու գյուղի տարածքում գտնվող հայկական եկեղեցին, որն այսօր օգտագործվում է որպես խոտի, փայտի, գոմաղբի պահեստ, պետական պահպանության տակ կառնվի: Ցավոք, եկեղեցի անվանումը չի նշվում:

 Թուրքական «Հաբեր3» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Վանի մշակույթի և զբոսաշրջության վարչության տնօրեն Մուզաֆֆեր Աքթուղը եղեկեցու ներկայիս վիճակի մասին լուրերը լսելուց հետո հանձնարարել է Վանի մշակութային հուշարձանների պահպանության խորհրդի տարածքային վարչության 5 անդամներին ուսումնասիրություն կատարել ու զեկույց պատրաստել եկեղեցու վիճակի մասին: 

«Մշակութային  հուշարձանների պահպանության տարածքային վարչության առաջին իսկ ժողովում կքննարկվի այս եկեղեցու հարցը: Եկեղեցին նախ կմաքրեն, ապա կհաշվառվի ու կպարզվի, թե որ թվականին է կառուցվել: Եթե վերանորգման կարգի լինի, կվերանորոգվի: Սրանով մենք ներդրում կունենանք զբոսաշրջության զարգացման գործում»,-ասել է Աքթուղը:

 Նշենք, որ եկեղեցին նախկինում 5 տարի ծառայել է որպես դպրոց, իսկ այնուհետև՝ որպես հնձված խոտի պահեստարան: Տեղի մահեմդական բնակիչները հայկական եկեղեցին այժմ օգտագործում են նաև փայտանյութ և կենդանական գոմաղբ պահեստավորելու նպատակով: Եկեղեցին քիչ-քիչ ավերակի է վերածվում և գտնվում ոչնչացման վտանգի տակ, մի մասն արդեն փլուզվել է: