Վանի թագավորության քաղաքային բնակչության նիստ ու կացը բացահայտող նոր գտածոներ են հայտնաբերվել

118

Արևմտյան Հայաստանի Վանի բերդի հյուսիսային կողմում գտնվող կուրգանի 5-ամյա պեղումները լույս են ընծայել Վանի սոցիալական և մշակութային կյանքի մասին պատմող գտածոներ: Գտածոների մեջ կարևոր տեղ է գրավում սեպագիր առևտրային ցուցակը: Գրում է Hurriyet-ը:

Ստամբուլի Համալսարանի Վանի շրջանի պատմության և հնագիտության կենտրոնի տնօրեն դոցենտ Էրկան Կոնյարը այս պեղումների ղեկավարն է, ով նշում է, որ այս տարվա գտածոներից ամենաարժեքավորը սեպագիր առևտրային ցուցակն է: Խոսքն այն մթերքների մասին է, որոնք պետք է արտահանվեին:

Մինչ օրս կուրգանում հայտնաբերվել են կառքերի նախշեր՝ արտադրված 3000 տարի առաջ Վանի հայկական թագավորությունում, 15-16րդ դարերի հազվագյուտ կաթսաներ և թավաներ, 5000-ամյա շարժական վառարան և 2700-ամյա ոսկյա զարդեր: Բրոնզյա զարդերը, առևտրային ցուցակը և Վանի թագավորության շրջանում քաղաքային բնակավայրերը այս տարվա բացահայտումներն էին:

Հայտնաբերված տների ճարտարապետությունը ցույց է տվել, որ տները պատկանել են արքայական ընտանիքին ծառայողներին:

Գտածոներից շատերի վրա կան քաղաքային նշաններ: Բայց այս տարվա ամենամեծ հայտնագործությունը սեպագիր առևտրային ցուցակի հայտնաբերումն էր, որը առևտրային բովանդակություն ունի: Խոսքը գնում է այն մթերքների մասին, որոնք արտահանվել են Վանից: Գտածոն շատ բաներ է ցույց տալիս այդ շրջանի առևտրային հարաբերությունների մասին: Հնագետը կարծում է, որ  սա  միգուցե եղել է ծառայողական տուն և սեպագրերը գրվել են հենց այստեղ:

Կոնյարը նշել է, որ նախկինում պեղումներ կատարվել են հիմնականում ամրոցներում և բերդերում, որոնք ցույց են տվել վերնախավի կյանքը և շատ քիչ բան է հայտնի Վանի թագավորության շրջանի քաղաքային կյանքի մասին:

Տների ներսում հայտնաբերվել են վառարաններ և սննդամթերքի մնացորդներ. «Մենք տեսնում ենք, որ ավանդական տնային կուլտուրան ևս եղել է Վանի թագավորության շրջանում: Մենք այսօր դրա արտացոլանքը տեսնում ենք: Վառարաններն ու ձեղնահարկերը, որոնք այսօր կան Վանում, պարզվում է Վանի թագավորության շրջանում ևս նույն կերպ են եղել: Տները որոշակի հերթականություն չունեն: Նրանց ճարտարապետությունները իրարից տարբերվում են»,- ասել է Կոնյարը: 

Վանի թագավորության քաղաքային բնակչության նիստ ու կացը բացահայտող նոր գտածոներ են հայտնաբերվելՎանի թագավորության քաղաքային բնակչության նիստ ու կացը բացահայտող նոր գտածոներ են հայտնաբերվել