Չնայած այն հանգամանքին, որ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանն իր տված հարցազրույցներում նշում է, որ Թուրքիայի համար հայկական հարցը այդքան էլ առաջնային խնդիր չէ, սակայն վերջին շրջանում այդ երկրում ծավալված հակահայկական կոնֆերանսներն ու միջոցառումներն այլ բան են ապացուցում:
Ըստ այդմ՝ Թուրքիայի մայր ընդդիմությունը` «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը ծրագրել է 2015թ.-ի ապրիլին Ստամբուլում անցկացնել 1915-ին նվիրված համաժողով, որին կհրավիրվեն մասնակցելու հայտնի պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Նախատեսվում է 5 ամսում 3 միջազգային կոնֆերանս անցկացնել: Բացի պատմաբաններից մասնակցելու են նաև մի շարք ականավոր քաղաքական ու պետական գործիչների թոռներ, ինչպես օրինակ` Չերչիլի թոռ Սիլյա Սենդիեսը, Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը, Քյազըմ Կարաբեքիրի թոռ Ֆիլիզ Հանըմը և այլոք: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Այս նախագծի մասին կառավարամետ «Սի էն էն թուրք» լրատվամիջոցին հայտնել է, Իզմիրից ընտրված ԺՀԿ-ական պատգամավոր Մուստաֆա Բալբայը: Վերջինս ի տիրապետած տվյալներից ելնելով նշել է, թե աշխարհում 1915-ի վերաբերյալ հայկական տեսակետը պաշտպանող գրքերի թիվը չի անցնում 40 հազարից, մինչդեռ թուրքական տեսակետը պաշտպանվում է իբր ավելի քան 60 հազար գրքերով: Ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել հայերին գալ և մասնակցել ապրիլյան համաժողովին՝ լսելու, թե ինչ են պատմաբանները խոսում 1915-ի վերաբերյալ: Բալբայը նաև նշել է, որ իրենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ են հրավիրելու մասնակցել ապրիլյան համաժողովին:














