Ստամբուլի Թաքսիմ հրապարակը զբոսավայր դարձնելու թուրքական իշխանությունների ծրագրի շրջանակներում սկսված շինարարության ժամանակ հայատնաբերված հայկական գերեզմանաքարերը տեղադրվել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատան տարածքում: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով «Ակօս»-ին:
Սուրբ Հակոբ նախկին հայկական գերեզմանատանը պատկանող շիրմաքարերը ուսումնասիրությունների նպատակով ուղարկվել էին Հնագիտության թանգարան: Այժմ նշյալ գերեզմանաքարերը տեղադրվել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատան տարածքում:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարակից տարածքում, որտեղ այժմ Դիվան հյուրանոցն է ու այլ շենքեր, մինչև 1930-ական թվականները գտնվում էր հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը: Թաքսիմում սկսված շինարարական աշխատանքների ժամանակ գետնի մակերևույթից մեկ և կես մետր խորության վրա հայտնաբերված գերեզմանաքարերը պատկանում էին հենց վերոնշյալ հայկական գերեզմանատանը, որը հիմնվել էր 16-րդ դարում Օսմանյան Սուլեյման Քանունի սուլթանի կյանքը փրկած Վանեցի խոհարար Մանուկ Քարասեֆերյանի խնդրանքով: Օսմանյան սուլթանի թույլտվությամբ հիմնված գերեզմանատան տարածքը 1939 թվականին հանրապետական Թուրքիայի ղեկավարության կողմից ընդունված վիճարկելի որոշմամբ, բռնագրավվում է:
Թուրքական հնագիտական թանգարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները հայտնաբերված հայկական գերեզմանաքարերը վերագրում են 17-19 դարերին: Գերեզմանաքարերի մի մասի վրայի գրությունները վերծանել հնարավոր չի եղել, մի մասի վրա էլ գրություններ չեն եղել, իսկ մնացածների վրա կան այսպիսի գրություններ՝ «Մարտիրոսի որդի Նիկողոս», «Եղիազարի որդի Գրիգոր», «Կարապետի որդի Դիքեշ Հարություն», «Ասլանի որդի վարսավիր Խաչատուր», «Անտիրեսի տղա Միքայելի որդի Հովհաննես»: Գերեզմանքարերն այժմ տեղադրված են Ստամբուլի Շիշլիի թաղամասի հայկական գերեզմանատան մուտքի դիմաց:














