Թե ինչպես ավերեցին Վահագնի տաճարները

132

Հնում հայերը մարտի 21-ին նշել են արևագալը և փառաբանել Վահագնին: Վահագնին նվիրված տաճարներ կային ամեն մի գավառում: Ագաթանգեղոսը, Թավսոս Բուզանդը, Ալիշանը, Թովմա Արծրունին և այլք վկայում են, որ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեության տարածման ճանապարհին Անահիտի, Արամազդի, Նանեի, Տիրի ու Աստղիկի տաճարների հետ միասին հրամայել է հողին հավասարեցնել նաև Վահագնի տաճարները: Լուսավորիչը գավառ առ գավառ ավերելով վերացրել է հայոց հնագույն հավատքի հետքերը:

Վահագնին նվիրված հրաշալի տաճար է եղել Տարոնի Աշտիշատ ավանում: Եվ երբ Լուսավորիչը բացահայտել է, որ դեռ կանգուն է Վահեվանյան մեհյանը և Անահիտին ու նրա ոսկեձույլ արձանին ժողովուրդը նվիրաբերում է ծաղկեպսակներ ու ծառերի թավ ոստեր, զոհաբերում սպիտակ կամ ճակատը սպիտակաբիծ երիներ, որոնց մաշկին խարանված էր աստվածուհու հնագույն խորհրդանիշը՝ եռանկյունի, անմիջապես հրամայել է հողին հավասարեցնել նաև դրանք:

«Վահեվանյան մեհյանը մեծագույնն էր, լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով: Պաշտամունքի 8-րդ հռչակավոր վայրն էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի վրա, Տավրոս լեռան դիմաց, որը եւ պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ: Քանզի այնժամ դեռևս շեն էին նրանում 3 բագինները, 1-ինը՝ Վահեվանյան մեհյանը, 2-րդը՝ Ոսկեմայր, Ոսկեծին աստվածուհու և բագինը այս անվամբ էլ կոչված էր Ոսկեմայր, Ոսկեհատ դիցուհու, 3-րդը՝ Աստղիկ դիցուհու մեհյանը՝ սենյակ Վահագնի կոչված…»: 

Աշտիշատում էր գտնվում նաև հարուստ մեհենական մատենադարան, որը նույնպես ոչնչացվեց:

Աշտիշատի տաճարները հողին հավասարեցնելուց հետո Տարոնից դուրս Տոսպի Ահևական գյուղում դեռ կանգուն էր ևս մեկ Վահեվանյան մեհյան, որի մասին հիշատակում է Թովմա Արծրունին. «Քանզի էր և տեղին յառաջագոյն տեղի մեհենից Վահեվահեանի»:

Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ Աշտիշատում կանգնեցված տաճարներն ավերեցին և  նրանց վայրում հիմնվեց Աշտիշատ անունով մի վանք, քրմերի փոխարեն վերակացու կարգեց Դանիել անունով մի ծերունու՝ որպես իր փոխանորդի և Վահագնի տոնի փոխարեն սահմի 7-ին սահմանեց Հովհաննես կարապետի և Աթենոգինես եպիսկոպոսի տոն:

Ղևոնդ Ալիշանը գրում է, որ Գր. Լուսավորիչը Վահագնի պաշտամունքը շատ դժվարությամբ ջնջեց, քանզի «քրմերը և ժողովուրդը համառորեն պաշտում էին նրան»:

Չնայած Լուսավորիչն ամեն ինչ արեց վերացնելու այս պաշտամունքը, բայց Վահագնի մասին պատառիկներ մեզ, այնուամենայնիվ, հասել են:

Հարդագողի ճանապարհը, որ հայերը կոչել են  Ծիր կաթին ևս չմոռացվեց: (Հնում նաև Հեծանոց են ասել, իբրև թե հեծանոց փայտով էր հարդը շալակել): Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, դրա մի մասը թափվել է երկնակամարում և հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ: Հայոց տոմարի յուրաքանչյուր 27-րդ օրը նվիրված էր Վահագնին կամ Վահագնն այդ օրվա պահապանն էր:

Արևմտյան Հայաստանում ընթացող մերօրյա պեղումները նույնպես նոր պատմական հետքեր են բացահայտում հայոց հնագույն հավատքի մասին: Վերջերս Պորտասարում հայտնաբերվեց Վահագնի քանդակը, որը պատկերված է այնպես, ինչպես մեզ հասած հնագույն երգը Վահագնի ծնունդի մասին: Այսինքն՝ Վահագնի հետքերը 12 և ավելի հազար տարվա վաղեմություն ունի:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրընյութի հիպերակտիվ հղումով: