Էրզրումի հայկական դպրոցը կվերածվի Աթաթուրքի թանգարանի

139

Թուրքիայի իշխանությունների ֆինանսավորմամբ վերակառուցվող Էրզրումի հայկական դպրոցի պատմական շենքը հուլիսի 23-ին նախատեսվում է հանձնել շահագործման: Բայց հայկական նախկին դպրոցը հանրապետական Թուրքիայում օգտագործվելու է որպես Քեմալ Աթաթուրքի ղեկավարած շարժման և  Էրզրումի կոնգրեսի թանգարան: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

1881թ. կառուցված հայկական դպրոցում 1919-ի հունիս-օգոստոսին տեղի է ունեցել է Էրզրումի կոնգրեսը, որը հիմք է դրել Թուրքիայի ապագա հանրապետության ստեղծմանը (1923թ.): Հանրապետության հռչակումից հետո հայկական կրթօջախի այդ շենքը տարբեր նպատակների է ծառայեցվել. 1920-1921թթ. եղել է արվեստի դպրոց, 1922-1923թթ. գործել է որպես լիցեյ, 1924-ին` որպես նախակրթարան, 1940-ին Աթաթուրքի անվան արվեստի դպրոց: Իսկ 1960 թվականից իր դռներն է բացել որպես Աթաթուրքի և Էրզրումի կոնգրեսի թանգարան, այնուհետև վերածվել է ազգային պալատների վարչության:

Այժմ վերանորոգումից հետո դարձյալ կգործի որպես թանգարան: Էրզրումի փոխնահանգապետ Օմեր Հիլմի Յալմըն տեղեկացրել է, որ շենքի վերականգնման համար ծախսվել է արդեն 5 մլն թուրքական լիրա (ավելի քան 2.5 մլն դոլար):