Անիի ավերակների տակ թունելների հսկայական ցանց է հայտնաբերվել

15

Թուրք հնագետները Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակների տակ հայտնաբերել են զարգացած թունելային ցանց: Գրում է թուրքական Zaman-ը:

11-րդ դարի հայոց ամենաազդեցիկ թագավորության մայրաքաղաքը, որը հայտնի էր «40 դարպասներով» և 1001 եկեղեցիներով», պարզվում է՝ ունեցել է հզոր թունելային համակարգ, որն ըստ հնագետների՝ բացահայտվել է ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման շնորհիվ:

«Անիի ստորգետնյա գաղտնիքները» անվանումով սիմպոզիումի ընթացքում, որը կազմակերպվել էր Կարսի Կովկասյան համալսարանի կողմից, հետազոտող Սեզայի Յազիչը  նշել է, որ իրենք Անիի տակ բացահայտել են թաքնված ջրային թունելներ, վանականների խցեր, աղոթասենյակներ, հսկայական միջանցքներ, ճյուղավորվող անցումներ և թունելներ:

Յազիչը նշում է, որ շատ հեշտությամբ կարելի է կորցնել ճանապարհը: Ավելի քան 823 ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել 500 մ երկարությամբ: Այս կառույցների մեծամասնությունը կիրառվել են բնակության համար ներառյալ եկեղեցիները: Հետազոտողները քարտեզագրել են ստորգետնյա շինություններն ու անցումները:

Յազիչի խոսքով՝ այս բացահայտումները կատարելիս նրանք ներշնչվել են Գեորգի Գյուրջիևի աշխատություններով, ով 1886թ-ին իր ուղեկցորդ Պողոսյանի հետ այցելել է Անիի ավերակները և հայտնաբերել մի քանի անցումներ կոտրված կահույքով,  կերամիկայով և հոգևորականների խցերում որոշ գրվածքներով: Յազիչը նշում է, որ չնայած Գյուրջիևը սահուն խոսում էր հայերեն, նա չի կարողացել հասկանալ հայտնաբերված գրությունների վրա գրվածները, քանի որ դրանք եղել են Հին հայերենով`  գրաբարով:

 

Անիի ավերակների տակ թունելների հսկայական ցանց է հայտնաբերվել