ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն դատապարտում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու ու ազատ արձակելու ադրբեջանական իշխանությունների որոշումը:
Կոնգրեսականի կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ցնցված եմ Ադրբեջանի կառավարության անմիտ գործողություններից, որով ազատ արձակվեց անզեն ու քնած հայ սպային դաժանորեն կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: Ծայրաստիճան անպատվաբեր է նախագահ Ալիևի ստորագրած ներման հրամանագիրը, որով դատապարտված մարդասպանն այսուհետ կարող է ազատ քայլել: Սա խաղաղության ու արդարության ձգտող հավատարիմ կառավարության քայլեր չեն: Դժբախտաբար, Ադրբեջանի իրականացրած գործողությունը հաստատում է Հայաստանի և նրա ժողովրդի նկատմամբ իրականացված բռնությունը խթանելն ու արդարացնելը: Համոզված եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է համերաշխություն հայտնի հայկական կառավարությանը Ադրբեջանի գործողությունները դատապարտելու գործում: Ավելին, կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ճանաչել Ռամիլ Սաֆարովին որպես դատապարտված մարդասպանի և համարժեք քայլեր ձեռնարկել, որը հարիր է օրենքի գերակայությունն ու արդարությունը հարգող ժողովրդական երկրին», – ասված է կոնգրեսականի հայտարարությունում:














