Հայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշեցին՝ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանի Հանրապետությունում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։
«Մարիաննա» ընկերությունը մածուն է արտահանում Ռուսաստանի Դաշնության շուկա: Ընկերությունն արտահանման համար «մածուն»-ի փոխարեն 2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից իր արտադրանքի վրա գրում է «Հայկական սարի յոգուրտ»:
Պատճառը Վրաստանի արգելքն է՝ «մածուն» անվանումով արտադրանքը իրենց հանրապետության տարածք մուտք գործելու կապակցությամբ՝ թեկուզ տարանցիկ փոխադրման ժամանակ: