Վանում հայկական գերեզմանատուն է ոչնչացվել

42

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է բուլդոզերով։ Տեղեկությունը հայտնում է Bianet լրատվականը։

Նշվում է, որ Կալեցիկ թաղամասը, որը նաև հայտնի է որպես Լեզք, 1915 թվականի Ցեղասպանությունից առաջ հայկական թաղամաս էր: 2011 թվականի Վանի երկրաշարժից հետո այստեղ բնակարաններ են սկսել կառուցել, տարածքը սեփականաշնորհվել է։ Սեփականատերերից մեկն էլ բուլդոզերներ է բերել գերեզմանատան տարածք և քանդել գերեզմանները: Գերեզմանաքարերն ու ոսկորները ցրվել են բուլդոզերների շուրջը։

Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության Վանի նահանգի պատգամավոր Մուրատ Սարիսաչն այսօր խորհրդարանում բարձրացրել է քանդված գերեզմանատան հարցը` ցուցադրելով լուսանկարներ։

«Նկարներում երևում է, որ գերեզմանաքարերը վնասվել են, իսկ գերեզմանոցից տասնյակ ոսկորներ ցրվել են շուրջը», – ասել է նա:

Պատգամավորը մատնանշել է, որ նման դեպքեր հաճախ են գրանցվում Վանում, ինչը վկայում է այն մասին, որ պատմական վանքերը, եկեղեցիներն ու գերեզմանատները պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում:

«2017 թվականին զուգարան, հանդերձարան և ավտոկայանատեղի կառուցվեց մեկ այլ հայկական գերեզմանատան վրա», – նշել է նա:

Սարիսաչը հարցրել է խորհրդարանի փոխնախագահ Ֆուաթ Օքթային, թե արդյոք միջադեպի հետաքննություն սկսվե՞լ է, և ինչու իշխանությունները չեն պաշտպանում հայկական գերեզմանոցները և մշակութային ու կրոնական ժառանգությունը: