Վանի Հայկաբերդ ամրոցում Արարատյան թագավորության առաջնորդի շիրիմի տակ իշխանուհու հարուստ դամբարան է հայտնաբերվել

131
Արևմտյան Հայաստանի Վանի շրջանում՝ Հայկաբերդում (թուրք․՝ Չավուշթեփե) Վանի Արարատյան հայկական թագավորության առաջնորդի շիրիմի տակ իշխանուհու հարուստ դամբարան է հայտնաբերվել։
Հայկաբերդի ամրոցում պեղումների ժամանակ Արարատյան հայկական թագավորության կին-առաջնորդի դամբարան է հայտնաբերվել: Ամրոցի հյուսիսում գտնվող նեկրոպոլիսում պեղումներ են ընթանում, հայտնում է Arkeonews-ը:
Ավելի վաղ նույն տեղում հայտնաբերվել էր Արարատյան հայկական թագավորության առաջնորդի գերեզման, որը թաղված էր չորս ձիերի, շան եւ խոշոր ու մանր անասունների հետ միասին: Այստեղ հայտնաբերվել էր շատ բարձրորակ կավե արտադրանք, ինչպես նաեւ նավթի լամպ, որի նմանները նախկինում չեն գտնվել: Եւ երբ հնագետներն այն ամբողջությամբ պեղել են, պարզվել է, որ ներքեւում կա նաեւ ուրարտացի կնոջ գերեզման:
Հնագետները նշում են, որ հարուստ զարդերով թաղված կինը գլուխ չի ունեցել, ինչը, փորձագետների կարծիքով, կրոնական համոզմունքների կամ ծիսակարգի արդյունք է:
Ենթադրվում է, որ այս կնոջ գլուխը կարելի էր տեղադրել ավելի սուրբ վայրում: Նաեւ այս դամբարանում հայտնաբերվել են երկու պաշտոնական կնիքներ, որոնցից մեկը՝ բրոնզից, իսկ մյուսը՝ ալեբաստրից: Այն ժամանակներում կնիքներ կարող էին ունենալ միայն տիրակալներն ու վաճառականները, ինչը նշանակում է, որ թաղված կինը հասարակության մեջ ինչ-որ բարձր դիրք է ունեցել: Մի կնիքի վրա փորագրված է կյանքի ծառը եւ տարբեր պատկերներ: Մյուսի վրա առյուծ՝ ներքեւում կնիքով:
Գիտնականները պարզել են, որ կինը 40-50 տարեկան է եղել: Դամբարանում հայտնաբերված վզնոցն ունի դասական ուրարտական նախշեր: Բացի այդ, կինը նաեւ ունեցել է բրոնզից եւ արծաթից պատրաստված զարդեր, ուլունքներ, ագաթ, մարջան, պիրիտի քարեր, խխունջներ եւ ապակիներ:
Բավականին լավ են պահպանվել երեք կենդանիների գլխով ճարմանդը եւ բրոնզից պատրաստված ճոճանակ ականջօղերը: Սրանք ժամանակին շատ արժեքավոր զարդեր էին համարվում: Այն ժամանակ խխունջներով զարդեր կարելի էր գտնել միայն Միջերկրական ծովի շրջանում: Այս շքեղությունը ցույց է տալիս, որ կինն այն ժամանակ շատ կարեւոր անձնավորություն է եղել: Նշվում է նաեւ, որ զարդերը շարված են եղել մեկը մյուսի վրա, այլ ոչ թե մարմնի վրա: