ՊՆ-ն ու ԱԱԾ-ն խոշոր հարկատուների առաջատարների շարքում են

48
ԱԱԾ
Հայաստանյան խոշոր հարկատուների ցանկը 2021թ–ի երրորդ եռամսյակի տվյալներով գրեթե չի փոխվել․ առաջին տեղերում հանքարդյունաբերողներն են, պետական խոշոր կառույցները, ծխախոտի ու վառելիքի շուկայում գերիշխողները։
Այսպես. ինչպես և 2021-ի նախորդ երկու եռամսյակներում, խոշոր հարկատուների ցուցակի առաջատարը «Գազպրոմ Արմենիան» է, որը 9 ամսում պետական բյուջե 38 266 412 000 դրամ է մուտք արել, երկրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 38 249 247 000 դրամ մուտքերով, երրորդը` ՀՀ պաշտպանության նախարարությունն է` 34 194 185 000 դրամով։
Երկրորդ եռյակում Սոթքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, «Մասիս Տոբակն» ու «ՄՏՍ Հայաստանն» են։ Երրորդ եռյակը բաղկացած է «Թեղուտ», «ՍիՓիԷս օիլ» և «ֆլեշ» ընկերություններից։
Խոշորներ հարկատուների տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը։
Նշենք, որ նախարարություններից խոշոր հարկատուների ցանկում են նաև ԱԳՆ–ն` 701 մլն մուտքերով, Ֆինանսների նախարարությունը (624.7), Էկոնոմիկայի նախարարությունը (509.4 մլն), Առողջապահության նախարարությունը (501,4 մլն), ԿԳՄՍՆ–ը (373,2 մլն), Արդարադատության նախարարությունը (370,9): Իսկ, օրինակ ՊԵԿ–ը 9 ամսում 3 383 134 000 դրամի հարկային մուտքեր է վճարել, ԱԱԾ–ն` 3 294 788 000 դրամ։