Մարաշը, Այնթափը, Ադանան, Եդեսիան՝ ավերիչ երկրաշարժ հայոց պատմական հողերում

94

Փորձագետ Մհեր Հակոբյանը գրել է․

«Թուրքական երկրաշարժի մասին գրելիս չէր խանգարի ստորև գրվածը համենայն դեպս հաշվի առնել և որևէ կերպ արտացոլել նաև այն հանգամանքը, որ խոսքը ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ տարածքների մասին է:

Кахраманмараш/Ղահրամանմարաշ – հայկական Մարաշն է, որին արհեստականորեն միացրել են «Ղահրաման» սկիզբը՝ նկատի ունենալով Կիլիկիայից արևմուտք գոյություն ունեցած Ղահրամանյանների էմիրությունը, որի տարածքը հայտնի էր որպես Ղահրամանիա: Քաղաքը դիմադրեց թուրք ջարդարարներին 1919 թ-ի դեկտեմբերի 25-ից մինչև 1920 թ-ի փետրվարի կես, երբ հայերն ու իրենց աշխարհազորը ֆրանսիացիների հետ միասին լքեցին քաղաքը,
Адане/Ադանե – սա հայկական Ադանան է: Ադանայի ջարդ և այլն: Քաղաքը դատարկվեց հայերից 1920 թ-ի օգոստոսին, երբ ֆրանսիական բանակի հեռանալուց հետո հայերը լքեցին քաղաքը և կազմակերպված ձևով հեռացան,

Газиантепе/Ղազինթեփե – սա հայկական Այնթապն է, որը վերջնականապես հայաթափվեց 1923 թ-ի հունվարին, երբ Կիլիկիան անցավ Թուրքիային: Այնթապն այն աստիճան էր կանգնած Աթաթուրքի կոկորդում, որ հայերի հեռանալուց հետո քաղաքի անունը փոխվեց հենց Ղազինթեփե՝ «Ղազիների քաղաք» իմաստով,
Մերսին/Мерсине – սա պատմական Սոլեն է, որին տիրում էր դեռևս Տիգրան II Մեծը: Քաղաք է Կիլիկիայի հարավ-արևմուտքում, որտեղ 1920 թ-ի ապրիլի 1-ից մինչև հունիս Կովկասում մարտնչած 2 հայ սպաների գլխավորած Հայկական աշխարհազորը (200 հոգի) դիմադրություն կազմակերպեց Թուրքիայի Հանրապետության բանակի և բաշիբոզուկների դեմ: Քաղաքը չգրավվեց, բայց ֆրանսիական բանակի հեռանալուց հետո հայերը լքեցին քաղաքը և կազմակերպված ձևով հեռացան,

Շանլիուրֆե/Шанлыурфе – սա հայկական Ուրֆան է՝ Եդեսիան, Հայոց Միջագետք նահանգի մայրաքաղաքը, հայ գրի և դպրության հայտնի կենտրոնը, Եդեսիայի խաչակրաց կոմսության սիրտը: Եդեսիայի հայերը դիմեցին ինքնապաշտպանության դեռևս 1915 թ-ի հունիսի 6-ին և, ընդհուպ մինչև քաղաքի գրավված ավերակներում, դիմադրեցին մինչև նոյեմբերի վերջ: Եվս մեկ անգամ քաղաք վերադարձած հայերը ինքնապաշտպանության դիմեցին 1920 թ-ին և հաջող դիմացան մինչև 1923 թ-ի մայիս, երբ, չհանդուրժելով վերսկսվող քեմալական բռնությունները, կազմակերպված ձևով հեռացան հայրենի քաղաքից»: