Ադրբեջանը թույլ է տվել իսրայելական «Մոսադ»-ին իրեն օգտագործել որպես Իրանի դեմ լրտեսության կենտրոն

154

SIPRI-ի ավագ գիտաշխատող Փիթեր Վեզեմանը CNN-ին ասել է, որ  Ադրբեջանի և Իսրայելի միջև զենքի շարունակվող առևտրի մանրամասներն անհայտ են։

Ադրբեջանն ու Իսրայելը սերտ ռազմական գործընկերներ են. Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2017-2020 թվականներին ադրբեջանական զենքի ներմուծման  60%-ից ավելին  կատարվել է Իսրայելից, ինչը կազմում է իսրայելական արտահանման 13%-ը նույն ժամանակահատվածում։ SIPRI-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2010-2020 թվականներին Ադրբեջանը Իսրայելից գնել է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և ականանետների լայն տեսականի:

«Մենք բավականին շատ տեղեկություններ ունեինք մինչև 2020 թվականը, իսկ հետո ամեն ինչ դադարեց», – ասել է  Վեզեմանը: «Եվ դա իրականում իմաստ չունի, քանի որ Ադրբեջանը 2020 թվականին օգտագործել է իր  տեխնիկայի զգալի քանակություն… Նրանք, հավանաբար, շարունակել են իրենց հարաբերությունները Իսրայելի հետ»:

Ենթադրվում է, որ առևտուրը հատկապես ակտիվ է եղել Ադրբեջանի պատերազմի մեջ մտնելուց անմիջապես առաջ: Haaretz-ի 2023 թվականի մարտի հոդվածում հաստատվել է, որ ադրբեջանական ավիաընկերությունների թռիչքների թիվը Բաքվի և Օվդա ավիաբազայի միջև՝ Իսրայելի միակ օդանավակայանը, որով կարելի է պայթուցիկներ տեղափոխել, կտրուկ աճել է մի քանի ամսվա ընթացքում՝   2020 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից անմիջապես առաջ։

Նմանապես, սեպտեմբերի կեսերին Haaretz-ը հայտնել էր, որ նույն ընկերությունը թռիչքներ է կատարել Բաքվի և Օվդայի միջև մեկ շաբաթից էլ քիչ առաջ, երբ Ադրբեջանը սկսել է իր վերջին հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ: CNN-ը դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և համապատասխան ավիաընկերությանը, սակայն պատասխան չի ստացել։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը, որը վերահսկում է Օվդա օդանավակայանը, նույնպես չի մեկնաբանել։

«Մենք չգիտենք, թե ինչ է եղելինքնաթիռում, բայց շատ հավանական է, որ դա կապված է ռազմական տեխնիկայի հետ, որը Իսրայելը նախկինում արդեն մատակարարել է Ադրբեջանին», – ասել է Վեզեմանը:

Իսրայելի և Ադրբեջանի միջև զենքի առևտուրն արտացոլում է նրանց դիվանագիտական ​​հարաբերությունները, որոնք ժամանակին ԱՄՆ սպրդած դիվանագիտական ​​հեռագրում նկարագրվում էին որպես «այսբերգի նման, որի ինը տասներորդը… մակերևույթի տակ է»: Չնայած տասնամյակների երկկողմ համագործակցությանը, Ադրբեջանը միայն այս տարի դեսպանություն բացեց Իսրայելում։

Սակայն նրանց կապերը դուրս են գալիս զենքի ու զինամթերքի շրջանակից։ ՏՀԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ Իսրայելն իր նավթի 65%-ը գնել է Ադրբեջանից 2021 թվականին: Ենթադրվում է, որ երկրները նաև հետախուզական տեղեկություններ են փոխանակում Իրանի՝  Իսրայելի ոխերիմ թշնամու, մասին, որի հետ սահմանակից է Ադրբեջանը:

Հաղորդվում է, որ Ադրբեջանը նաև թույլ է տվել իսրայելական «Մոսադ» լրտեսական գործակալությանը իրեն  օգտագործել որպես Իրանի դեմ լրտեսության կենտրոն: (Իսրայելի պաշտպանության նախարարությունը մերժել է մեկնաբանել այս հարցը):

Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների փորձագետ, Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտի նախագահ Էֆրաիմ Ինբարի վկայությամբ, երկրների միջև կապերն ամրապնդվել են 2020 թվականից: «Նավթի և զենքի վաճառքը շարունակվում է. Ադրբեջանն ավելի մեծ ճնշում է զգում Իրանի կողմից, որի միջազգային դիրքերը բարելավվում են»,- CNN-ին ասել է Ինբարը: «Իսրայելում  համակրանք չկա Հայաստանի հանդեպ, որը համարվում է Իրանի դաշնակիցը»։

Ըստ նրա, երկրում  քաղաքական դիմադրություն չկա Ադրբեջանին զենք վաճառելու հարցում։ «Զենքի վաճառքը մեծ հրապարակայնություն չի ստանում», – ավելացրել է նա: «Սակայն քաջ հայտնի է իսրայելական անօդաչու թռչող սարքերի կիրառումն Ադրբեջանի պատերազմում։ Իսրայելցիները հպարտանում են իրենց զենքերով. Զենքի վաճառքը համարվում է շահավետ Իսրայելի համար»։

Սակայն հարցն այն է, թե որքան հեռու է պատրաստ Իսրայելը գնալ Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում աջակցելու հարցում: Երկու երկրների միջև շարունակվող սահմանային ճգնաժամը հանգեցրել է ադրբեջանական ներխուժման հայկական տարածք, և ադրբեջանական զորքերը ներկայումս գրավել  են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանների մոտ գտնվող տարածքները: Հայաստանում շատերը մտահոգված են, որ խրոխտացած Ադրբեջանը կփորձի ներխուժել իրենց երկիր, բայց Ադրբեջանը հերքում է դա: Որոշ մտահոգություններ կապված են  Նախիջևանի հետ, որը սահմանակից է Թուրքիային և Հայաստանին, ինչպես նաև  Բաքվի ցանկության հետ, որը ցանկանում է  տրանսպորտային միջանցք ստեղծել, որը Նախիւևանը կկապի երկրի մնացած մասին:

Միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ Ղարաբաղից հայերի գաղթից հետո Ադրբեջանի դեմ գործողությունների կոչ են անում։ ԱՄՆ-ում, որտեղ հայկական մեծ սփյուռք կա, Կոնգրեսի մոտ 100 անդամ կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ, և ԵՄ օրենսդիրները ևս կոչ են արել դաշինքին պատժիչ միջոցներ դիտարկել:

Վեզեմանն ասել է, որ Իսրայելը կարող է հայտնվել իր արևմտյան դաշնակիցների ճնշման տակ՝ Ադրբեջանին զենքի վաճառքը վերանայելու հարցում: «Սա կվնասի Իսրայելի՝  Ադրբեջանի հետ հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ Իսրայելը պետք է մտածի եվրոպական երկրների հետ հարաբերությունների մասին, որոնք ավելի կարևոր գործընկերներ են»։

Էֆրաիմ Ինբարն ասել է, որ Իսրայելը ցանկանում է պահպանել Ադրբեջանի համար հուսալի մատակարարի իր համբավը։ «Ամեն դեպքում,- հավելել է նա,- Իսրայելի համար Ադրբեջանը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Հենց ռեալ պոլիտիկն է առաջնորդում Իսրայելի արտաքին քաղաքականությունը»: