1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրվեց «Բարեկամության և եղբայրության» պայմանագիրը: Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզն որպես ինքնավար տարածք հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը, պայմանով, որ Ադրբեջանն այդ խնամակալությունը չզիջի մի երրորդ պետության: Ստորև ներկայացված է Մոսկվայի պայմանագրի տեքստը՝ ռուսերենից թարգմանությամբ:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ
Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, բաժանելով ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, նշելով իրենց միջև գոյություն ունեցող համերաշխությունը իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, ինչպես նաև այն իրողությունը, որ երկու ժոդովուրդներից մեկի համար ստեղծված ամեն տեսակ դժվարությունները վատթարացնում են մյուսի դրությունը, և ամբողջովին խանդավառված միմյանց միջև մշտական սրտագին փոխհարաբերություններ և երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցին կնքել բարեկամության և եղբայրության պայմանագիր և դրա համար որպես իրենց լիազորներ նշանակեցին՝
Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության Կառավարությունը—Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար և Համառուսաստանյան Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ Գեորգի Չիչերինին և Համառուսաստանյան Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ Ջելալ-Էդդին Կորկմասովին, և
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդական Տնտեսության Ժողովրդական Կոմիսար, նույն Ժողովում Կաստամոնիից դեպուտատ Յուսուֆ Քեմալ բեյին, թուրքական Ազգային մեծ ժողովի՝ Լուսավորության Ժողովրդական Կոմիսար, նույն Ժողովում Սինոպից դեպուտատ դոկտոր Ռիզա Նուր բեյին և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի լիազոր դեսպան, Անգորայի կողմից Ազգային մեծ ժողովի անդամ Ալի Ֆուադ Փաշային, որոնք իրենց լիազորագրերը փոխանակելով, դրանք գտան պատշաճ և օրինական ձևի և համաձայնվեցին ներքոհիշյալի շուրջը՝
Հոդված 1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտեր, եթե Պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք։ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերվող և այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության կողմից չճանաչված որևէ միջազգային ակտ։
Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տերիտորիաները, որոնք մտցված են 1920 (1336) թվականի հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է օսմանյան դեպուտատների Պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին։
Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսվելով Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմթա սարի վրայով, հետո առաջանում է Շավշետ սարի և Կաննի-դաղ սարի ջրբաժան գծի ուղղությամբ, այնուհետև շարժվում է Արդահանի և Կարսի սանջակների հյուսիսային վարժական սահմանագծի երկարությամբ՝ Արփաչայ և Արաքս գետերի հնահունով` մինչև Ստորին Կարասուի դետաբերանը (սահմանագծի մանրամասն նկարագրությունը և դրան վերաբերող հարցերը պարզաբանված են 1 (A) և 1 (B) հավելվածներում և երկու Պայմանավորվող տերությունների կողմից ստորագրված առդրվող քարտեզի վրա)։
Հոդված 2. Թուրքիան համաձայնվում է Վրաստանին զիջել Բաթում նավահանգստի ու քաղաքի և սույն Պայմանագրի առաջին հոդվածում նշված սահմանագծից դեպի հյուսիս ընկած և Բաթումի մարզի բաղադրիչ մասը կազմող տերիտորիայի սյուզերենությունը, պայմանով, որ
1) սույն հոդվածում նշված վայրերի բնակչությունը վարչական առումով կօգտվի տեղական լայն ինքնավարությամբ, որը յուրաքանչյուր համայնքին կապահովի կուլտուրական և կրոնական իրավունքներով, և բնակչությունը հնարավորություն կունենա սահմանելու իր ցանկություններին համապատասխանող հողային օրենք։
2) Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստի վրայով Թուրքիա կամ այնտեղից ուղարկվող ամեն տեսակ ապրանքների անմաքս, ազատ տրանզիտի իրավունք, տեղի չեն ունենա խափանումներ, ապրանքների վրա չի դրվի ոչ մի տեսակի տուրք։ Թուրքիային կտրվի Բաթում նավահանգստից օգտվելու իրավունք և դրա համար նրանից չեն գանձվի հատուկ տուրքեր։
Հոդված 3. Երկու Պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը՝ սույն Պայմանագրի 1-ին (C) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության։
Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովը կշտկի Նախիջևանի տերիտորիայի եռանկյունի կազմող գոտու` արևելքում Արաքսի հնահունի և արևմուտքում Դաղնա (3829) – Վելի-դաղ (4121) – Բագարզիք (6587) – Քյոմուրլու-դաղ (6930) լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տերիտորիայի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլու–դաղ (6930) սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում է Քարասուի և Արաքսի տրամախաչման տեղում։
Հոդված 4. Երկու Պայմանավորվող կողմերը հավաստելով Արևելքի ժողովուրդների ազգային ու ազատագրական շարժման և նոր հասարակարգի համար Ռուսաստանի աշխատավորության մղած պայքարի միջև եղած փոխադարձ շփումը, անվերապահորեն ճանաչում են այդ ժողովուրդների ազատության և անկախության իրավունքը, ինչպես նաև իրենց ցանկությունների համեմատ կառավարման ձևի ընտրության իրավունքը։
Հոդված 5.Նեղուցների բացումը և բոլոր ժողովուրդների առևտրանավերի անցման ազատությունն ապահովելու համար, երկու Պայմանավորվող կողմերը համաձայնվում են Սև ծովի և նեղուցների միջազգային ստատուտի վերջնական մշակումը հանձնել ափամերձ պետությունների պատգամավորների ապագա Կոնֆերանսին, պայմանով, որ նրա ընդունած որոշումները չեն վնասի Թուրքիայի լիակատար սուվերենությանը, ինչպես նաև Թուրքիայի և նրա մայրաքաղաք Կ. Պոլսի անվտանգությունը։
Հոդված 6.Պայմանավորվող երկու կողմերն ընդունում են, որ ցայժմ երկու երկրների միջև կնքված բոլոր պայմանագրերը չեն համապատասխանում փոխադարձ շահերին։ Ուստի նրանք համաձայնվում են այդ պայմանագրերը համարել վերացված և ուժը կորցրած։
Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը հայտարարում է, մասնավորապես, որ ինքը Թուրքիային համարում է ազատ առաջներում Թուրքիայի և ցարական կառավարության միջև կնքված միջազգային ակտերի վրա հիմնված դրամական կամ որևէ այլ պարտավորություններից։
Հոդված 7. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը, կապիտուլյացիաների ռեժիմը համարելով անհամատեղելի յուրաքանչյուր երկրի ազգային ազատ զարգացման, ինչպես նաև նրա սուվերեն իրավունքների լրիվ իրագործման հետ, գտնում է, որ կորցրել են իրենց ուժը և վերացվել են այդ ռեժիմին որևէ առնչություն ունեցող բոլոր գործողություններն ու իրավունքները։
Հոդված 8.Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ։ Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ։
Համարվում է որոշված, որ սույն հողվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում է այն տերիտորիան, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և քաղաքացիական անմիջական կառավարման ներքո։
Հոդված 9. Երկու երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու համար, Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ երկաթուղային, հեռագրային և հաղորդակցության այլ միջոցները պահպանելու և որքան հնարավոր է արագ զարգացնելու, ինչպես նաև առանց որևէ խափանումների երկու երկրների միջև մարդկանց ու ապրանքների ազատ փոխադրումն ապահովելու նպատակով ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները։
Սակայն ընդունվում է, որ ինչպես ճանապարհորդների, նույնպես և ապրանքների փոխադրության, մուտքի և ելքի նկատմամբ լիովին կկիրառվեն յուրաքանչյուր երկրում այդ մասին սահմանված կանոնները։
Հոդված 10. Մյուս կողմի տերիտորիայում գտնվող Պայմանավորվող երկու կողմերի քաղաքացիների վրա կտարածվեն այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այն երկրի օրենքներից, որտեղ նրանք գտնվում են, ի բացառյալ ազգային պաշտպանության հետ կապված պարտականությունները, որոնցից նրանք կազատվեն։
Երկու կողմերի քաղաքացիների ընտանեկան իրավունքին, ժառանգության իրավունքին և գործունակությանը վերաբերող հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումներից։ Դրանք կորոշվեն հատուկ համաձայնությամբ։
Հոդված 11. Երկու Պայմանավորվող կողմերը համաձայն են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տերիտորիայում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կիրառել առավելագույն բարենպաստման սկզբունքը։
Սույն հոդվածը չի կիրառվում Ռուսաստանին դաշնակից Սովետական Հանրապետությունների քաղաքացիների իրավունքների և Թուրքիային դաշնակից մուսուլմանական պետությունների քաղաքացիների նկատմամբ։
Հոդված 12. Մինչև 1918 թվականը Ռուսաստանի կազմի մեջ մտնող այն տերիտորիաների բոլոր բնակիչները, որպիսիք սույն Պայմանագրի հիման վրա Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական կառավարությունն այսօր ընդունում է որպես Թուրքիայի սուվերենության տակ գտնվող տերիտորիաներ, ունեն իրենց ունեցվածքը կամ դրա արժեքն իրենց հետ վերցնելով Թուրքիայից ազատ հեռանալու իրավունք։ Նույնպիսի իրավունք տարածվում է նաև Բաթումի տերիտորիայի բնակիչների վրա, տերիտորիա, որի սյուզերենությունը սույն Պայմանագրով Թուրքիան զիջում է Վրաստանին։
Հոդված 13. Սույն Պայմանագրի ստորագրման օրից հաշված Եվրոպական Ռուսաստանի և Կովկասի համար եռամսյա և Ասիական Ռուսաստանի համար վեցամսյա ժամկետում Ռուսաստանը պարտավորվում է իր հաշվին հայրենիք վերադարձնել մինչև Թուրքիայի Հյուսիս-արևելյան սահմանը Ռուսաստանում գտնվող բոլոր զինվորական և քաղաքացիական գերի թուրքերին։
Թուրքիան նույն պարտավորությունն ստանձնում է դեռևս Թուրքիայում գտնվող ռուս զինվորական և քաղաքացիական գերիների վերաբերմամբ։
Այս հայրենադարձության մանրամասնությունները կսահմանվեն հատուկ կոնվենցիայով, որր պետք է մշակվի սույն Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո։
Հոդված 14. Երկու Պայմանավորվող կողմերը համաձայն են ամենամոտիկ ժամանակներում կնքել հյուպատոսային կոնվենցիա, ինչպես նաև բոլոր տնտեսական, ֆինանսական և երկու երկրների միջև սույն Պայմանագրի ներածականում նշված բարեկամական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորող համաձայնագիր։
Հոդված 15. Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց։
Հոդված 16. Սույն Պայմանագիրն ենթակա է վավերացման: Վավերագրերի փոխանակումը կկայանա Կարսում որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում։
Սույն Պայմանագիրը, ի բացառյալ 13-րդ հոդվածը, ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից։
Ի վավերացումն շարադրվածի վերոհիշյալ լիազորներն ստորագրեցին սույն պայմանագիրը և կնքեցին այն իրենց կնիքներով։
Կազմված է երկու օրինակով Մոսկվայում տասնվեցին մարտի հազար ինը հարյուր քսանմեկ (հազար երեք հարյուր երեսունյոթ) թվականին։
ԳԵՈՐԳԻ ՉԻՉԵՐԻՆ ՅՈԻՍՈԻՖ ՔԵՄԱԼ
ՋԵԼԱԼ ԿՈՐԿՄԱՍՈՎ Դ-Ր ՌԻԶԱ ՆՈԻՐ
ԱԼԻ ՖՈԻԱԴ
Հավելված 1 (A)
Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանագիծը որոշված է հետևյալ կերպ (ըստ ռուսական Գլխավոր Շտաբի քարտեզի, մասշ. 1/210000, 1 մատնաչափում՝ 5 վերստ)՝
Սև ծովի ափին Սարպ գյուղը — Ղարա Շալվար սարը (5014) — Վ. Մարադիդի գյուղից դեպի հյուսիս տրամախաչում է Ճորոխը — անցնում է Սաբաուր գյուղից դեպի հյուսիս ընկած տեղանքով — Խեդիսմթա (7052) լեռը — Կվաքիբե լեռը — Քավթարեթի գյուղը — Մեջիբնա լեռան ջրբաժան գիծը — Գերաթքեսուն լեռը (6168) — առաջ շարժվելով Քորդա լեռան (7910) ջրբաժան գծով — Շավշեթի լեռնաշղթայի արևմտյան մասի երկարությամբ առաջանալով, հարում է Արդվինի նախկին մարզի վարչական սահմանագծին — անցնելով Շավշեթի լեռան ջրբաժան գծով, հասնում է Սարիչայ (Ղարա Իսալ) լեռանը (8478) — Քվիրալի լեռնանցք — այնտեղից Քաննի դաղ լեռան մոտ միանում է Արդահանի նախկին մարզի վարչական սահմանագծին — այնտեղից, շարժվելով դեպի հյուսիս, հասնում է Թլիլ (Ղրմանի) լեռանը (8357) — առաջ շարժվելով Արդահանի նախկին սահմանագծով, Բադել գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած տեղանքում հարում է Փոսխով-չայ գետին և այդ գետի երկայնությամբ՝ հարավային ուղղությամբ առաջանում է մինչև այն կետը, որն ընկած է Չանչախ գյուղից դեպի Հյուսիս — այնտեղ թողնում է այդ գետը և, շարժվելով ջրբաժանքի երկայնությամբ, հասնում է Այբիլյան-բաշի լեռանը (8512) — անցնում է Քելլե-թափա (8163) և Հարման-թափա (9709) լեռների վրայով — հասնում է Քասրիս-սերի լեռանը (9681) — այստեղից Քարզամեթ-չայ գետի հոսանքով առաջանում է մինչև Քուռ գետը — այնտեղից Քուռ գետի հնահունով շարժվում է դեպի այն կետը, որն ընկած է Քարթանաքով գյուղից դեպի արևելք ընկած տեղանքում, որտեղ հեռանում է Քռից, անցնում է Ղարա-օղլի լեռան (7259) ջրբաժան գծի երկայնությամբ — այնտեղից, Խազանին լիճը բաժանելով երկու մասի, հասնում է 7580 բարձունքին և այնտեղից շարժվում է դեպի Գեքդաղ լեռը (9152) — Ուչ-Թափալյար (9783) — Թայս-քալա (9716) — 9065 գագաթը, որտեղ թողնում է Արդահանի մարզի նախկին սահմանը և առաջ է շարժվում Մեծ Ախ-Բաբա (9973) — 8828 (8827) — 7602 լեռներով — անցնելով Իբիշ գետից դեպի արևելք ընկած տեղանքով, հասնում է 7518 բարձունքին և հետո Ղզըլ-դաշ լեռանը (7439) (7490) — Նոր Ղզըլ-դաշ (Ղզըլ-դաշ) գյուղը — Ղարա-Մահմեդից անցնելով դեպի արևմուտք, հասնում է Ջամուշբու-չայ գետին (գտնվում է Դելավեր, Մեծ Քմլի և Թիքնիս գյուղերից դեպի արևելք) — Վարդանլի և Բաշ-Շուրագել գյուղերի վրայով, շարժվելով հիշյալ գետի երկայնությամբ, Քալալիից դեպի հյուսիս հասնում է Արփա-չայ գետին — այնտեղից շարունակ առաջ շարժվելով Արփա-չայի հնահունով, հասնում է Արաքս գետին — շարժվում է Արաքսի հնահունով մինչև այն տեղը, որտեղ Արաքսի մեջ թափվում է Ստորին Կարասուն։
(NB Հասկանալի է, որ սահմանագիծն անցնում է վերոհիշյալ բարձունքների ջրբաժան գծի երկայնությամբ)։
ԳԵՈՐԳԻ ՉԻՉեՐԻՆ ՅՈԻՍՈՒՖ ՔԵՄԱԼ
ՋԵԼԱԼ ԿՈՐԿՄԱՍՈՎ Դ-Ր ՌԻԶԱ ՆՈԻՐ
ԱԼԻ ՖՈԻԱԴ
Հավելված 1 (B)
Ուշադրության առնելով, որ, ինչպես նշված է 1 (A) Հավելվածում, Արփա-չայի և Արաքսի հնահուները հանդիսանում եհ սահմանագիծ, Ազգային մեծ ժողովի կառավարությունը պարտավորվում է բլոկհաուզների (ամրոցիկների) գիծը հետ տանել այնպես, որպեսզի այդ գիծը Ալեքսանդրապոլ — Երևան երկաթուղու՝ Արփա-չայի շրջանում նրա այժմյան ուրվագծից գտնվի ութ վերստ հեռավորության վրա և Արաքսի շրջանում վերոհիշյալ երկաթուղուց չորս վերստ հեռավորության վրա։ Վերոհիշյալ շրջանները սահմանափակող գծերն ստորև նշված են՝ Արփա-չայի գոտու համար — 1-ին պարագրաֆի A և Б կետերում և Արաքսի գոտու համար — 2-րդ պարագրաֆում։
1. Արփա–չայի գոտին
A) Վարդանլիից դեպի հարավ-արևելք — Ուզուն-Քիլիսից դեպի արևելք — Բոզյատ (5096) — 5082 — 5047 լեռան վկայով — Կարմիր-վանքից դեպի արևելք — Ուչ-թափա (5578) — Արազ-օղլուց դեպի արևելք — Անիից դեպի արևելք — Ենիքեյից դեպի արևմուտք հասնում է Արփա-չային։
Б) Արփա-չայից դեպի արևելք հեռանում է 5019 բարձունքից — գնում է ուղղակի դեպի 5481 բարձունքը — Ղըզըլ-կուլից գնում է դեպի արևելք 4 1/2 վերստ հեռավորության վրա ընկած կետը — Բոջալիից առաջանում է դեպի արևելք երկու վերստ հեռավորության վրա ընկած կետը — հետո Դիգոր-չայ գետը — շարժվում է այդ գետի երկայնությամբ մինչև Դուզ-Քեչուտ գյուղը և Կարա-բաղ ավերակներից ընթանում է ուղիղ դեպի հյուսիս և հասնում է Արփա-չային։
2. Արաքսի գոտին
Ուղիղ գիծ Խարաբա Ալիջանի և Աուլեյման (Դիզա) գյուղի միջև։
Մեկ կողմից Ալեքսանդրապոլ — Երևան երկաթուղու գծով և մյուս կողմից վերոնշյալ երկաթուղուց ութ վերստ և չորս վերստ հեռավորության վրա ընկած գծերով սահմանափակված գոտիներում, Ազգային մեծ ժողովի կառավարությունը պարտավորվում է չկառուցել որևէ ֆորտիֆիկացիոն կառուցվածքներ (հեռավորության այս գծերը գտնվում են վերոնշյալ գոտիներից դուրս) և դրանցում չպահել կանոնավոր զորքեր։ Սակայն Ազգային մեծ ժողովի կառավարությունը պահպանում է վերոնշյալ գոտիներում զորք ունենալու իրավունք, որոնք անհրաժեշտ են կարգի պահպանության, անվտանգության և վարչական կարիքների համար։
ԳԵՈՐԳԻ ՉԻՉԵՐԻՆ ՅՈԻՍՈՒՖ ՔԵՄԱԼ
ՋԵԼԱԼ ԿՈՐԿՄԱՍՈՎ Դ-Ր ՌԻԶԱ ՆՈՒՐ
ԱԼԻ ՖՈԻԱԴ
Հավելված 1 (C)
Նախիջևանի տերիտորիան
Արարատ կայարանը — Սարայ-Բուլաղ լեռը (8071) — Քյոմուրլու-դաղ (6839), (6930) — 3080 — Սայաթ-դաղ (7868) — Քուրդ-քուլաղ (Քյուրդ-քուլաղ) գյուղը — Գամեսուր-դաղ (8166) — 8022 բարձունքը — Քյուքի-դաղ (10282) և առաջվա Նախիջևանի գավառի արևելյան վարչական սահմանագիծը։
ԳԵՈՐԳԻ ՉԻՉԵՐԻՆ ՅՈԻՍՈԻՖ ՔԵՄԱԼ
ՋԵԼԱԼ ԿՈՐԿՄԱՍՈՎ Դ-Ր ՌԻԶԱ ՆՈԻՐ
ԱԼԻ ՖՈԻԱԴ
Պայմանագիրը վավերացված է ՀԿԳԿ-ի կողմից 1921թ. հուլիսի 20-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից՝ 1921թ. հուլիսի 31-ին։ Վավերագրերի փոխանակումը տեղի է ունեցել Կարսում 1921 թ. սեպտեմբերի 22-ին։