Ինչ բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Աղցքի արքայական դամբարանից․ հնագետի բացահայտումները

145
 

Աղցքի հայոց արքաների դամբարանային հուշարձանախմբի պեղումների ղեկավար, hնագետ Հակոբ Սիմոնյանը ներկայացրել է Աղցքի արքայական հուշահամալիրում կատարված պեղումների շնորհիվ ձեռք բերված բացահայտումները և հայտնագործությունները:

«Որպեսզի բոլոր ընթերցողների համար պարզ լինի դրանց արժեքը, ամեն մի հայտնագործության համառոտ նկարագրությունից հետո շղագիր տվել եմ դրանց գնահատականը: Կարծում եմ Ձեզնից շատերի համար անակնկալ կլինի գիտական բացահայտումների կարևորությունը և քանակը: Ներկայացնում եմ միայն կարևորագույն հայտնագործությունները և հրատարակությունների ցանկը (հոդվածները կարող եք ընթերցել` academia.edu Hakob Y. Simonyan կայքում).
1. Աղցք գյուղի տարածքում և Արքայական հուշահամալիրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են միջին բրոնզի դարի արտեֆակտներ, որոնք փաստում են տարածքի բնակեցման առնվազն չորս հազար տարվա վաղեմությունը:
2. Աղցքի հայոց արքաների դամբարանային հուշահամալիրը ձևավորվել է մի այնպիսի պատմամշակութային միջավայրում, որտեղ հնագույն ժամանակներում եղել է ամրոց: Բրոնզի դարի «կիկլոպյան» բերդշենի ավերակներ պահպանվել են արքայական հուշահամալիրից փոքր-ինչ հեռու՝ բլրակի վրա: Բուն հուշարձանի տարածքում բացվել են հսկայական քարերից կառուցված պատեր: Որոշակի է, որ այս քարերը տեղահանել են բրոնզի դարի ամրոցի պարսպից և զարգացած միջնադարում օգտագործել որպես շինանյութ:
3. Տեղանքի ամբողջական ուսումնասիրման արդյունքում պարզել ենք, որ միջնադարի Աղց ավանը զբաղեցրել է առնվազն 50 հա մակերես: Այսինքն ժամանակակից գյուղի կենտրոնական հատվածն ամբողջությամբ նստած է միջնադարյան ավանի վրա: Համեմատության համար նշենք, որ հուշարձանի պահպանական գոտին ընդգրկում է ընդամենը 0,4 հա տարածք:
4. Պեղումների արդյուքում հայտնաբերվել է շուրջ 150 հազար գտածո: Համեմատության համար նշենք, որ մի քանի տասնյակ հազար ցուցանմուշ ունեցող թանգարանները համարվում են կայացած կենտրոններ: Պեղումները արդյունքում հայտնաբերված բոլոր արտեֆակտները, անկախ մեծությունից և կարևորությունից հավաքվել են առանձին տուփերում: Բոլոր կարևոր ցուցանմուշները լուսանկարվել, նկարագրվել և ցուցակագրվել են: Աստիճանաբար կատարվում է մյուս գտածոների դասակարգման, մաքրման և վերականգնման աշխատանքները: Շատ ու շատ թանգարաններում մի քանի հարյուր գտածոյի նկարագրությունը և վերականգնումը համարվում է դրական ցուցանիշ:
5. Աղցքի արքայական դամբարանը Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի հավաստի թվագրված վաղ միջնադարի միակ թագավորական դամբարանային հուշահամալիրն է, որը հայոց հզոր պետականության իրեղեն և անառարկելի խորհրդանիշներից է:
6. Աղցքը բացառիկ տվյալներ է տրամադրել մեզ հայ վաղ միջնադարի արվեստի, ճարտարապետության, կոթողային քանդակագործության, վիմագրության, պատմության, մարդաբանության և այլ բնագավառների վերաբերյալ: Եզակի են հայոց արքաների դամբարանի արկասոլիները փակող սալաքարերի վրայի հարթաքանդակները, որոնք պատկերում են Հայկ նահապետին՝ երկու շների օգնությամբ ամեհի վարազի որսի պահին, իսկ սրա հարևանությամբ քանդակված է այսպես կոչված crux monogrammatica` Բյուզանդիայի կայսր Կոստանտինի (306-337 թթ.) խաչը: Արշավախմբի ղեկավարի կարծիքով այս հնագույն խաչաքանդակի հարևանությամբ պատկերված թեման խորհրդանշում է. աղավնիների տեսքով քրիստոնյաներին՝ քաղցր խաղողը ճաշակելու պահին, իսկ սրանց ներքո՝ դառը տերև ուտող ավանակը՝ հեթանոսներին (Սիմոնյան, 2017): Դիմացի արկասոլիի փականաքարի ճակատին ինքնատիպ լուծումով պատկերված է «Դանիելը առյուծների գբում» վաղ քիրստոնեական արվեստում լայն տարածում ունեցող թեման: Սրա հարևանությամբ, արդեն սև սալաքարի վրա պատկերված է համաշխարհային վիշապօձի սիմվոլիկ քանդակը՝ թափեղ գալարներով՝ բնորոշ դեռևս Ք.ա. 3-րդ հազարամյակի խեցանոթների զարդարվեստում արձանագրված կերպարներին: (Այս հարթաքանդակները հայ միջնադարյան արվեստի եզակի նմուշներ են, որոնք այսօր հողմնահարվում և անհետացման եզրին են կանգնած):
7. Միայն Աղցքի պեղումների ժամանակ են հայտնաբերվել բացառիկ վարպետությամբ կերտված հարթաքանդակ աղյուսներ. փողփողացող ժապավեններով արծիվներ, ազնվացեղ եղջերուներին հետապնդող առյուծներ, պարատ խոյերին հետապնդող վագրեր, արջեր, ուղտեր, «հազարան բլբուլ» կամ զմրուխտ հավք, կենաց ծառ և այլն: Եթնդարվում է, որ պատկերաքանդակներով թրծկավե աղյուսներից ձևավորել են ծոփորներ, որոնք օղակել են պալատական շինության կամ գահասրահի ներքին պատերը: Նման հարթաքանդակներ հայտնի չեն վաղ միջնադարյան շրջափուլի ամբողջ հինարևելյան տարածաշրջանում:
8. Արքունական դամբարանի հյուսիսային՝ բարձրադիր մասում է եռանավ հորինվածքով վաղ միջնադարի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Աղցից վանքը, որի ավերակները վկայում են հայ եկեղեցաշինության և ճարտարապետական մտքի պրպտումների մասին: Ըստ արշավախմբի ղեկավարի այն կառուցվել է 4-րդ դարի առաջին կեսին և Հայաստանի, թերևս նաև Քրիստոնյա Արևելքի հնագույն եկեղեցիներից է (Սիմոնյան, 2017):
9. Եկեղեցու հյուսիս-արևմտյան անկյունում՝ հյուսիսային և արևմտյան պատերի միջակայքում հատուկ թողնվել է մի անմշակ բազալտե ժայռաքար: Բուն եկեղեցին հատուկ կառուցվել է ժայռի ելքի վրա, որը ճարտարապետական ձևերում մարմնավորում է Աստծո պատգամը՝ «…իսկ այն քարը, որ իբրև կոթող կանգնեցրի, թող ինձ համար լինի Աստծու տուն» (Հին Կտակարան, Ծննդոց, 28:22):
10. Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ II արքան, գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ բնիկ տերերի՝ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները հափշտակելով տանել Պարսկաստան, որովհետև հեթանոս պարսիկների պատկերացմամբ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նաև Հայոց թագավորության «փառքը, բախտն ու քաջությունը»։ Թշնամուց ետ խլված Հայոց արքաների մասունքները հոգևոր խորհրդի որոշմամբ վերաթաղել են Աղցքում՝ մի մասը հատուկ կառուցված դամբարանում, մյուս մասը՝ տուֆակերտ սնդուկներում, որոնք թաքցվել են եկեղեցու սլահատակի ներքո։ Պեղումների արդյունքում բացահայտված սնդուկներն իրենց տիպերով կրկնում են Երուսաղեմում բացված Հիսուս Քրիստոսի եղբոր՝ Հակոբոսին վերագրվող աճյունասնդուկի ձևերը, որոնք հանդես գալով հելլենիստական Ժամանակաշրջանում՝ հարատևել են մինչև 4-րդ դարի կեսը: Երուսաղեմենյան գտածոն՝ մեկ օրինակով, հայտնվել է միջազգային գիտական մտքի կենտրոնում: Աղցքում պեղել ենք երեք այդպիսի սնդուկ-աճյունասափոր:
11. Աղցքի արաքայակն հուշահամալիրի տարածքում 2018 թ. պեղվել է հայոց աշխարհիկ ճարտարապետութայն մի բացառիկ կոթողային շինություն, որը նախնականորեն կոչել ենք «գահասրահ»: Շուրջ 500 քառ. մ մակերեսով, սրաբատաշ տուֆ քարերից կառուցված և արքայական որսի կենդանիների հարթաքանդակ աղյուսներով հարդարված պատերով ու սալահատակով այս շինությունը միակն է հայ միջնադարի ճարտարապետության բնագավառում և ողջ Հին Արևելքում հայտնի պալատական բնույթի եզակի շինություններից է: Ունի երկաստիճան գետնախարիսխների վրա բարձրացող, 1,2/1,3 մ հաստությամբ, տուֆե սրբատաշ քարերից կրաշաղախի օգտագործմամբ կառուցված պատեր: 1,75 մ լայնությամբ հանդիսավոր մուտքը հյուսիսային ճակատին է՝ կենտրոնից դեպի արևմուտք շեղումով: Որմնամույթերի և T-աձև մույթերի միջոցով կառույցի ներքին տարածքը ջլատվում է երեք հատվածքների՝ եզրային երկու նեղ և կենտրոնական ընդարձակ սրահների: Դատելով մույթերի և որմնամույթերի տեղադրությունից, կարող ենք եզրակացնել, որ կավաշաղախով ամրացված որմնապատերով շինությունն ունեցել է թաղակապ ծածկ, որը ներքուստ ունեցել է 405-420 սմ բացվածքով, հավասարամեծ, ռիթմիկ դասավորված կամարներ: Կոթողային այս շինությունն, ամենայն հավանականությամբ, եղել է աշխարհիկ կառույց, թերևս՝ պալատ: Դատելով կառուցի ներսում հայտնաբերված հելլենիստական և քրիստոնեության սկզբնավորման փուլին բնորոշ ճարտարապետական տարրերից՝ կտրվածքում T-աձև մույթեր, գետնախարիսխներ, երկթեք ճակատակալի գագաթին ամրացված ականթազարդ կոթող, ինչպես նաև պատկերազարդ աղյուսներից ձևավորված ծոփորից և սալահատակից, կարելի է ենթադրել, որ այս շքեղ հարդարված կոթողային կառույցը հիմնարկել են վաղ միջնադարում, թերևս՝ արքայական դամբարանի հետ միաժամանակ: Հուշարձանի ներսում բացվել է պատկերազարդ աղյուսներից շարված սալահատակ, որի պեղումները մնացել են անավարտ:
12. Աղցքի արաքայական հուշահամալիրի տարածքում է պեղվել նաև առ այսօր in situ վիճակում պահպանված միակ վաղ միջնադարի գերզեմանոցը՝ ինքնատիպ տապանաքարերով, որոնց ներքո ամփոփված են հայոց հոգևոր և աշխարհիկ տերերի աճյունները: Դրանց ԴՆԹ տարրալուծումները կարող են բացառիկ տեղեկություններ հաղորդել հայոց իշխանական և արքայական տոհմերի ծագումնաբանության մասին:
13. Բացառիկ են տապանաքարերի խաչաքանդակները և հայոց վաղագույն գրչության՝ պեղումների շնորհիվ բացահայտված երկաթագիր եզակի տապանաքարերը:
14. 2018 թ. պեղումների ժամանակ բացվեց վաղ միջնադարի ամենաընդարձակ և հնագույն երկաթգիր արձանագրությունը, որը փորագրվել է տապանաքարի վրա: Այս արձանագրությունը հիմնավորեց տեղանվան Աղց կամ Աղցք գրելաձևի ճշմարտացի լինելը: Պատմագրության մեջ հարյուրամյակներ արծարծվել է միջնադարյան ավանի անվանման՝ ըստ Մովսես Խորենացու Աղց կամ Աղցից և ըստ Փավստոս Բուզանդի՝ Աղձք գրելաձևերից մեկի իրական լինելը: Բազմաթիվ հրատարակություններում կիրառվել է մեկ այս, մեկ այն անվանումը: Պեղումների շնորհիվ վերջնականապես սրբագրվեց տեղանունը:
15. Այս արձանագրության շնորհիվ անցյալի մոռացված էջերից վեր է հառնում վաղ միջնադարի պատմական անձի՝ Ստեփանոս Աղցից վանականի անունը, որն ամենայն հավանականությամբ եղել է Վարդանանց շարժման մասնակիցներից մեկը և հանուն հավատի նահատակվել երիտասարդ տարիքում (Սիմոնյան և ուրիշներ, 2019, էջ 19-20):
16. Եզակի է տերունական նշանը՝ շրջանի մեջ վերցված հավասարաթև խաչի պատկերով կնիքը, որը հայտնաբերվել է եկեղեցու հարավային ավանդատան հատակի վրա: Լինելով միակ վաղ միջնադարյան օրինակը՝ այն կարող է նախատիպ հանդիսանալ հայ առաքելական եկեղեցուն՝ նշխարհները զարդարելու կնիքներ պատրաստելու համար»: