Վանի Հայոց Ձորի Հոգվոց վանական համալիրը գրեթե հողին է հավասարվել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Վանի Հայոց Ձոր թաղամասում (այժմ՝ Գյուրփընար) գտնվող հայկական Հոգյաց կամ Հոգվոց (Տեր Մարիամ) վանական համալիրը գրեթե հողին է հավասարվել։ Գրում է Ermenihaber-ը։

Ավանդության համաձայն, վանական համալիրի տարածքում են գտնվում հայոց Տրդատ արքայի և նրա կնոջ գերեզմանները։ 4-րդ դարում այստեղ զբաղվել են բորոտության բուժմամբ։

Մեկ այլ ավանդության համաձայն՝ այս վանական համալիրում ապրել է Կույս Հռիփսիմեն և այդ ընթացքում կառույցը ծառայել է որպես կուսանոց, Մենաստանը գտնվում է այնպիսի տարածքում, որը հաճախ է պատերազմների թատերաբեմ եղել։ Հետևաբար պատմական կառույցն էլ պարբերաբար տուժել է այդ պատերազմներից և այսօր երբեմնի համալիրից միայն մի քանի կիսավեր պատ է մնացել։ Սակայն հայտնի է, որ այսօր էլ այս սուրբ հողակտորը շարունակում է հետաքրքրել հավատացյալներին։ Օրինակ, շրջակա գյուղերի բնակիչները, ովքեր երեխաներ չունեն, Տեր Մարիամ մենաստան են գնում ու մատաղ անում, իսկ երբ երեխա են ունենում, տղաներին կոչում են Իսա, աղջիկներին՝ Մարիամ։