Հիքսոսների դեմ մարտնչած փարավոնի մահվան մասին նոր բացահայտումներ

135

Ժամանակակից բժշկական տեխնոլոգիան հնարավորություն է տվել գիտնականներին մանրամասներ հայտնել Եգիպտոսի 17-րդ արքայատոհմի փարավոն Սեկենենրա-Տաա 2-րդ Խիզախի (մ.թ.ա. 1560/1558 – մ.թ.ա. 1555) մասին, ով կարճ ժամանակով իշխել էր Հարավային Եգիպտոսի վրա՝  Հիքսոսների արքայատոհմի կառավարման շրջանում, որը շուրջ մեկ դար (մ.թ.ա. մոտ 1650-1550) իշխանություն էր պահում թագավորության ողջ տարածքում: Հիքսոսներին վտարելու իր փորձի ժամանակ Սեկենենրա-Տաա սպանվել էր։ Փարավոնի մահն անուղղակիորեն հանգեցրել էր Եգիպտոսի վերամիավորմանը մ.թ.ա. 16-րդ դարում:

Հետազոտությունը հրապարակվել է «Սահմանները բժշկության մեջ» (“Frontiers in Medicine”)  հանդեսում, գրել է Միացյալ Թագավորությունում տեղակայված «Phys.org» գիտահետազոտական լրատվական կայքը։

Գիտնականները բանավիճել են փարավոնի մահվան ճշգրիտ պատճառների շուրջ մումիայի հայտնաբերման և ուսումնասիրության պահից՝ 1880-ականներից ի վեր:

Այս և հետագա հետազոտությունները, ներառյալ՝ 1960-ականների ռենտգեն հետազոտությունը, նշել են, որ մահացած թագավորը գլխի մի քանի ծանր վնասվածքներ էր ունեցել, բայց ոչ մարմնի այլ վնասվածքներ: Գերակշռող տեսությունը՝ հիմնված ապացույցների վրա, այն էր, որ արքան գերի է ընկել ճակատամարտում, իսկ հետո մահապատժի ենթարկվել, հավանաբար հենց Հիքսոսյան թագավորի կողմից: Մյուսները ենթադրել են, որ նա սպանվել է քնած ժամանակ պալատական ​​դավադրության հետևանքով:

Բացի այդ, մումիայի վատ վիճակը ենթադրում էր, որ բալասանացումն արվել է հապճեպ՝ արքայական մումիացիայի արհեստանոցից հեռու: Սակայն Սեկենենրայի մումիացված մնացորդների համակարգչային տոմոգրաֆիայով հայտնաբերվել են գլխի վնասվածքների վերաբերյալ նոր մանրամասներ, ներառյալ՝ նախկինում չբացահայտված վնասվածքները, որոնք բալասանարարները հմտորեն թաքցրել էին:

Նոր հոդվածի հեղինակները համակարգչով մշակված ռենտգենյան պատկերների հիման վրա առաջարկում են թագավորի մահից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձությունների նոր մեկնաբանություն. Սեկենենրան իսկապես գերեվարվել էր մարտի դաշտում, բայց ձեռքերը կապել էին մեջքին՝ զրկելով նրան հարձակումից պաշտպանվելու հնարավորությունից:

«Սա ենթադրում է, որ Սեկենենրան իսկապես առաջնագծում էր իր զինվորների հետ՝ վտանգելով իր կյանքը՝ Եգիպտոսն ազատագրելու համար», – ասել է Եգիպտոսի Կահիրեի համալսարանի ճառագայթաբանության [ռադիոլոգիա] պրոֆեսոր, դոկտոր Սահար Սալեեմը, ով մասնագիտանում է պալեոռադիոլոգիայի [հնաճառագայթաբանություն] ոլորտում:

Հետազոտության այս տեխնիկան օգտագործում է բժշկական պատկերման տեխնոլոգիաներ` հնագիտական ​​մնացորդները ոչ ներթափանցող (առանց վիրահատական միջամտության) ուսումնասիրելու համար, այդ թվում` մարմինները: Դա կարող է օգնել որոշել մահվան տարիքը, սեռը և նույնիսկ, թե ինչպես է մարդը մահացել։

Տոմոգրաֆիան, այլ ապացույցների հետ միասին, ենթադրում է, որ Եգիպտոսի փարավոնի մահապատիժն իրականացվել է բազմաթիվ հարձակվողների կողմից, որը գիտնականները հաստատել են՝ ուսումնասիրելով թագավորի վերքերին համապատասխանող հինգ տարբեր հիքսոսյան զենքեր: «Կապկպված բանտարկյալի նկատմամբ սովորական մահապատժի դեպքում կարելի էր ենթադրել, որ միայն մեկ հարձակվող է հարվածում, հավանաբար տարբեր անկյուններից, բայց՝ ոչ տարբեր զենքերով», – բացատրել է Սալեեմը: «Սեկենենրայի մահն միանգամայն հանդիսավոր մահապատիժ էր»:

Տոմոգրաֆիական հետազոտությունը նաև պարզել է, որ Սեկենենրան մահացել է շուրջ 40 տարեկանում՝ նկարներում բացահայտված մանրամասն մորֆոլոգիայի հիման վրա ներկայացնելով մինչ օրս ամենաճշգրիտ գնահատումը:

Հիշեցնենք, որ հիքսոսները, դուրս գալով Հայկական լեռնաշխարհից, նվաճեցին Եգիպտոսը, իրենց տիրապետությունը հաստատեցին այնտեղ և հիմնեցին թագավորական նոր հարստություն, որը դիմացավ մինչև մ.թ.ա. 1580 թվականը: Հիքսոսյան փարավոնները, բնականաբար, ձգտում էին զարգացնել իրենց իշխանության տակ գտնվող երկիրը, ամրապնդել իրենց տիրապետությունը և այլն: Այդ ժամանակաշրջանը բնութագրվում է եգիպտական մշակույթի վերելքով, թեպետ եգիպտական ժողովուրդը թշնամաբար էր վերաբերվում նվաճողներին և չէր դադարեցնում պայքարը օտար լծից ազատվելու համար: