Հայկաբերդում Վանի թագավորության շրջանի իշխանական դամբարաններ են հայտնաբերվել. Լուսանկարներ

20
Վան քաղաքից 26 կմ հեռավորության վրա գտնվող Հայկաբերդ հնավայրում (Չավուշթեփե բերդում) շարունակվում են պեղումները։

Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ Սարդուրի 2-րդի կառուցած բերդի տարածքում իրականացվող պեղումները գլխավորում է Վանի «100-րդ տարի» համալսարանի Հնագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն:

3-րդ տարին շարունակվող պեղումների արդյունքում նախկինում հայտնաբերված 2750-ամյա վաղեմության Վանի թագավորության շրջանի դամբարանների ուսումնասիրությամբ հայտնաբերվել էին թաղման 4 ձևեր։ Առաջինը դիակիզումն էր, որից հետո մոխիրը լցրել են սափորի մեջ, երկրորդը՝ դամբարաններն են, երրորդը՝ զարդանախշ սենյակի տեսք ունեցող դամաբարանները, և չորրորդը՝ ուղղակի հողի մեջ թաղելն է եղել, գրում է Ermenihaber-ը:


Շարունակվող պեղումների արդյունքում օրերս հայտնաբերվել է թաղման 5-րդ տարբերակը: 50 քմ տարածքում հայտնաբերված դամբարանները գրեթե ամբողջությամբ կառուցված են ավազաքարերից: Նոր հայտնաբերված 5-րդ ձևով ենթադրաբար թաղել են իշխաններին: Աշխատանքները ղեկավարող թուրք պրոֆեսորի խոսքով իրենք առաջին անգամ են հանդիպում կանգնեցված տապանաքարերով ուրարտական շրջանի դամբարանների։

Չավուշօղլուն ավելացրել է նաև, որ այս ձևով կառուցված դամբարաններում հանգուցյալների թաղումը կատարվել է ինչպես դիակիզման եղանակով, այնպես էլ սովորական եղանակով: