Ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցություններն ավարտվել են. Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազը չի թանկացնի, բայց Հայաստանի կառավարությունը դրա դիմաց ստիպված կլինի տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար վճարել «Գազպրոմ Արմենիային»։ Գրում է Sputnik-Արմենիան։
Ռուսաստանի հետ բանակցությունների այս ավարտն այսօր արձանագրվել է ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ, որով առաջարկվում է համապատասխան փոփոխությունը կատարել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին փոփոխություններ կատարելու մասին» հայ–ռուսական համաձայնագրում։
«Գազպրոմ Արմենիային» վճարվող տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլարը, ըստ հավելյալ արձանագրության, նախատեսված է Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը փոխհատուցելու համար։
Բանն այն է, որ «Գազպրոմի» կողմից կատարված ներդրումներով վերագործարկված այս Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով ռուսական կողմը ոչ միայն չի ստացել գործարքով խոստացված շահույթը, այլև հակառակը` վարկային պարտավորությունների պատճառով արդեն շուրջ 100 մլն դոլարի վնաս է կրել։
Իսկ պատճառը պարզ է. որպեսզի Հրազդանի ՋԷԿ–ն աշխատեր ՀՀ իշխանությունների խոստացած հզորությամբ, Հայաստանը պետք է ապահովեր ստացվող էլեկտրաէներգիայի սպառումը, ավելի ճիշտ` արտահանումը դեպի Իրան, իսկ դրա համար պետք է կառուցվեր տարիներ առաջ խոստացված ու մինչ օրս չիրականացված Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը։
Եվ, ահա, չկատարված խոստումների դիմաց Հայաստանը ստիպված կլինի բավական թանկ վճարել։ Ռուսաստանն էլ խոստացել է դրա դիմաց առաջիկա 10 տարիներին հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 ԱՄՆ դոլար 1000 խոր. մետրի համար։
Հիշեցնենք` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն ամբողջական ծավալով շահագործման էր հանձնվել 2013թ–ի դեկտեմբերի 2-ին։ Նույն օրը ստորագրվել էր համապատասխան փաստաթուղթ, որով «Գազպրոմը» ձեռք էր բերել «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը` դառնալով ընկերության լիակատար բաժնետեր: Ինչ վերաբերում է «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմանը, դրա վերջնաժամկետը սահմանվել էր 2020թ. տարեվերջը։ Բայց պարտավորությունները չիրականացվեցին, «Գազպրոմ Արմենիան» էլ հայտարարեց, որ «Հրազդան» ՋԷԿ–ի չգործելու հետևանքով տարեկան շուրջ 6 մլրդ դրամի վնաս է կրում։
«Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հաշվարկով`«Հրազդան-5» կայանի պահպանման ծախսերը կազմում են շուրջ 2 մլրդ դրամ, իսկ վարկի սպասարկման ծախսերը` շուրջ 3-4 մլրդ դրամ: Կայանի շինարարության համար ներգրավված շուրջ 72,5 մլն դոլարի վարկի սպասարկման ծախսերն էլ 2021թ.–ին հասել են շուրջ 102 մլն ԱՄՆ դոլարի։
Հատկանշական է, որ 2013թ–ին, երբ «Հրազդան» ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը միջպետական պայմանագրով հանձնվեց «Գազպրոմին», դրա աշխատանքից ընկերությունը 9 տոկոս եկամտաբերություն էր ակնկալում` իր ներդրումների դիմաց։ Բայց եկամուտները մնացին թղթի վրա, իրականացան միայն ծախսերը։ Եվ այդպես` 8 տարի։ 2021 թվականին «Հրազդան-5» կայանի աշխատանքում լուրջ տեխնիկական խնդիր առաջացավ՝ կապված գազատուրբինային տեղակայանքի հետ։ Դրա կապիտալ նորոգման համար «Գազպրոմ Արմենիայի» հաշվարկով անհրաժեշտ է ավելի քան 17 մլն եվրո: Եվ քանի որ, նման ծախս կայանից առաքվող էլեկտրաէներգիայի գործող սակագներով նախատեսված չէր, ընկերությունը որոշեց ժամանակավորապես դադարեցնել կայանի շահագործումը: 2021թ–ի ապրիլին կայանի աշխատանքը դադարեցվեց ու առ այսօր չի վերագործարկվել։