Ապրիլի 1-ից գազը կարող է թանկանալ. Հրապարակ

155
Հնարավոր է, որ փետրվարին «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի։ Այս մասին գրում է Hraparak.am-ը հավելելով, որ սահմանին գազի գինը կմնա նույնը, բայց երկրի ներսում սպառողներին մատակարարվող գազի սակագինը կփոփոխվի, որի հիմնավորումների մեջ մի շարք գործոններ են ներառվելու, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը։
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը Hraparak.am-ի հետ զրույցում չի հերքել գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին տեղեկություններն ու հավանականությունը, թեև նշել է, որ այս պահին «Գազպրոմ Արմենիայից» դեռ հայտ չեն ստացել․ մինչև հայտն ուղարկելը պետք է այդ մտադրության մասին մամուլով հաղորդագրություն տարածեն։
«Ավելի շատ ոչ թե ծախսերի հետ է կապված խնդիրը, այլ այն միջգերատեսչական համաձայնագիրը, որը կա, որտեղ փոփոխություններ եղան «Հրազդան-5»-ի մասով, այնտեղ նախատեսված էր, որ արդեն ապրիլի 1-ից պետք է գործեին կալորիայի հաշվարկման մեխանիզմներ, որի բանաձևը կա, իհարկե, որ սահմանի գինը 7900 կիլոկալորիայի համար է, և փաստացի, սահմանի գնի և կալորիայի փոփոխության կամ ճշգրտման գործակից չէր կիրառվում, որն առանձին համաձայնագրերով միշտ ֆիքսվել է, որ այս տարի չկիրառել, մյուս տարի չկիրառել։
Հիմա էս վերջին համաձայնագրում գրված էր, որ պետք է լինեն մշակված մեխանիզմներ՝ մինչև ապրիլի 1-ը։ Բայց գինը սահմանին մնալու է նույնը, քանի որ առնվազն այդ մասով 10 տարվա համաձայնություն կա, և դա ուղղակիորեն կապի մեջ է դրած «Հրազդանի 5-րդ» էներգաբլոկի հզորության վճարի հետ։ Այսինքն՝ խոսքը սահմանին գազի գնի մեծության վերաբերյալ չէ, այլ փաստացի կալորիայիով ճշգտումներ իրականացնելու մասին է»,- ասել է Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, այս պահին փաստացի ավելի բարձր կալորիականության գազ է մտնում Հայաստան՝ մոտ 8 300 կիլոկալորիա (Կկալ)։
Ըստ Բաղրամյանի՝ սա նշանակում է, որ սահմանին գազի գինը նույնը կմնա բացարձակ արժեքով, բայց արդեն կալորիայի ճշգրտում կարող է կիրառվել, ինչը ենթադրում է, որ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար արժեքի վրա կարող է կիրառվել գործակից՝ կախված նրանից, թե փաստացի ինչ կալորիայով գազ կմատակարարվի։
Այսինքն, կստացվի՝ Հայաստանի սպառողը իր ստացած ավելի կալորիաներով գազի համար ստիպված կլինի ավելի շատ վճարել։ Բացի դրանից, այլ գործոններ ևս կարող են ազդել գազի սակագնի բարձրացման վրա, եթե «Գազպրոմ Արմենիայի» որոշի սակագնի փոփոխության հայտ ներկայացնել։