Ադրբեջանում հայկական եկեղեցին ներկայացնում են աղվանական՝ շուռ տալով քարի արձանագրությունը․ Ֆոտո

165
Ադրբեջանում ահազանգում են Գանձակի շրջանի հայկական պատմական եկեղեցիներից մեկի ոչնչանալու վտանգի մասին։ Այն ներկայացվում է որպես աղվանական։ Գրում է Panarmenian.net-ը։
 
Հրապարակվել են նաև եկեղեցու տարածքի լուսանկարները, որոնցից մեկում երևում է հայատառ գրություն՝ «հայկ․գ»։ Լուսանկարում հայերեն գրությամբ արձանագրությունը շուռ է տված գլխիվայր՝ ամենայն հավանականությամբ անընթեռնելի գրության տպավորություն ստեղծելու համար։ Նշվում է նաև, որ եկեղեցին գտնվում է 2109 մ բարձրության վրա։
քար
 
Լուսանկարներում մեծ հավանականությամբ պատկերված է Սուրբ Պանդալիոն մատուռը՝ կառուցված 1857 թվականին՝ Ազատից 5,5 կմ հարավ-արևմուտք՝ Պանդ լեռան գագաթին՝ 2108 մ բարձրության վրա:
 
Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ մատուռը մերձաբնակ ու մինչև իսկ հեռավոր վայրերի հայ բնակիչների շրջանում համբավավոր ուխտատեղիի համարում ուներ: Այն կառուցել է Հայր Տէր Սարգիս Տէր Ազարեանցը։
 
Ադրբեջանի պաշտոնական տարածքում գտնվող հայկական ժառանգությունը որպես աղվանական ներկայացնելու հեղինակներից մեկը «պատմաբան» Ֆարիդա Մամեդովան է։
 
Ըստ Լեռնային Ղարաբաղի մասին «Սև այգի» աշխատության հեղինակ, Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դը Վաալի` Մամեդովան Աղվանքի պատմությունը ուսումնասիրելուց հետո վերցրել է աղվանական տեսությունը և դա օգտագործելով` փորձում է հանել հայերին Կովկասի պատմությունից։ Նա տեղադրել է Աղվանքը այժմյան Հայաստանի տարածքում. ՀՀ ամբողջ տարածքը՝ բոլոր եկեղեցիները և վանքերը կոչելով «աղվանական»։ 1975 թվականին Մամեդովան Գանձասարի վանք է այցելել և կարդացել տաճարի ճակատին գրած փորագրությունը “Ես Հասան Ջալալն եմ, կառուցել եմ այս եկեղեցին Աղվանքի իմ ժողովրդի համար…”, ինչից հետո նա վերագրել է այդ գրությունը անտիկ Աղվանքի բնակչությանը։
 
Ադրբեջանում նման կերպ փորձում են ժխտել այդ տարածքներում հայերի բնակվելու փաստը: