100 տարի անց հայտնաբերվել է Զապել Եսայանի զեկույցը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

43

Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների  արդյունքում հայտնաբերել են Հայոց ցեղասպանությունը վկայող մի նոր փաստաթուղթ: Նրանց կարծիքով այդ փաստաթուղթը մինչ օրս հրատարակված չի եղել: Խոսքը վերաբերում է հայտնի գրող Զապել Եսայանի 11 էջանոց զեկույցին, որում հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրան հաջորդած ընթացքում հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները: Այս մասին գրում է «Ագոս»-ը՝ նշելով, որ Եսայանի զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային: Վերջինն այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին: 

Զապել Եսայանի զեկույցը բաղկացած է մի քանի կետից, որոնցում հեղինակը մանրամասն ներկայացնում է թուրքերի, քրդերի և չերքեզների կողմից հայ կանանց ու երեխաների հանդեպ իրականացվող բռնությունների շարքը: Նա զեկույցում մասնավորապես նշում է, որ երիտութուրքական իշխանությունները պատերազմը սկսելուց անմիջապես հետո  սիստեմատիկ կերպով իրականացրել են երկրի ոչ մուսուլման ազգերի ոչնչացումը, երիտասարդ կանանց, աղջիկների և երեխաների առևանգումներն ու բռնությունները: Ըստ Եսայանի՝ նրանց թիվը գերազանցում է 200 հազարը:

Եսայանն առանձին կետերով ներկայացրել է, թե ինչպես էին  թուրքերն առևանգում  կանանցև երեխաներին:

1.Կանաց մի մասին առևանգում էին հենց իրենց քաղաքներից և գյուղերից: Էրզրումում թուրք սպաները գողանում էին քաղաքի հայնտի հայերի աղջիկներին, իսկ Էրզիջանում՝ հարուստ ընտանիքների ժառանգորդ աղջիկներին: 

2.Կանանց և երեխաներին գողանում էին քաղաքներից ու գյուղերից հեռացնելուց,տղամարդկանց սպանելուց հետո: Ոստիկանները, որոնք ուղեկցում էին կանանց խմբերը, նրանց բերում էին մի որևէ աղբյուրի մոտ, սակայն դրան մոտենալ և ջուր խմել արգելում էին: Ջուր խմելու գինը թուրք զինվորներին տրվելն էր:

3.Երբ այդ կանայք հասնում էին որևէ հավաքատեղի, նրանց վրա էին հարձակվում քրդերը, չերքեզները, չեչենները: 

Եսայանն իր զեկույցղում նաև գրում է, որ բռնաբարված կանայք հիմնականում ինքնասպան էին լինում, նրանցից շատերն իրենց Եփրատն են նետել ծծկեր երեխաների հետ միասին: Իսկ փրկված կանայք ու երեխաները հանձնվել են մուսուլման ընտանիքներին:

Հոդվածի հեղինակները հայտնում են նաև, որ Եսայանի զեկույցը հանձնվել է ոչ միայն Պողոս Նուբար Փաշային, այլև Պոլսի հայոց պատրարք Առաքել Չաքրյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովին, որը զբաղվում էր  որբ երեխաների և այրի կանանց վերադարձման հարցերով:

Հ. Գ. Նշենք, որ Զապել Եսայանը հրատարակել է բազմաթիվ հոդվածներ և գրքեր, որոնցում նկարագրել է Հայոց Ցեղասպանության արհավիրքները: