Վանի Սուրբ Թովմա եկեղեցին փլուզման եզրին է

4

Ռշտունիների, իսկ այնուհետև Արծրունյաց իշխանական տան տիրապետության տակ գտնվող պատմական Հայաստանի Վան գավառում գտնվող Սուրբ Թովմա եկեղեցին փլուզման եզրին է, հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Դեմոկրատ հաբեր»-ին:

Թերթը գրում է, որ Վանի համալսարանի արվեստաբանության մասնագետ Մեսութ Գյուլի խոսքերով լքված եկեղեցուն տարիներ շարունակ մեծ վնասներ են հասցրել գանձ որոնողների «պեղումները», և այն անհապաղ վերականգնման կարիք ունի: Հայոց Գագիկ Բագրատունի թագավորի ժամանակաշրջանում կառուցված եկեղեցին առ այսօր լքված է նաև շրջակա միջավայրի և զբոսաշրջության վարչության կողմից պաշտպանության տակ չվերցվելու պատճառով:

Մասնագետի հաղորդմամբ՝ 1801 թվականին վերանորոգված և 1895-ին թալանվելուց հետո լքյալ վիճակում հայտնված եկեղեցին այժմ էլ բավականին պատկառելի տեսք ունի: Վանական համալիրից մեր օրեր են հասել միայն եկեղեցին, արևմտյան կողմում ավելի ուշ կառուցված ժամատունը և շրջակա պատի մի մասը:

Այս եկեղեցին էլ շրջակա գրեթե բոլոր հայկական եկեղեցիների նման որպես ախոռ է ծառայում:

Եկեղեցու շրջակա պատի մոտ 100 մ հեռավորության վրա գտնվում է հայկական գերեզմանատունը, որտեղ դեռ բավականին ամբողջական մնացած գերեզմանաքարեր են պահպանվել: Սակայն գերեզմանների մեծամասնությունը փորված է, գերեզմանքարերը տեղահան են արված և այս ու այն կողմ թափված: