Վանի թագավորությունում կին մարտիկներ կային. Forbes

26
Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարվա վաղեմության ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Վանի թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում:

Հետազոտողները ենթադրում են, որ հենց այդ կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին՝ ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում: Հնագետների աշխատությունները հրապարակել է International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը, որին հղում կատարելով անդրադարձ է կատարել Forbes-ը:

Հնագետները մնացորդները գտել են Լոռու մարզի Բովեր 1-ին դամբարանում դեռ 2017թ.: Ըստ հայտնաբերված խեցեղենի և զարդերի, գիտնականները թաղումը թվագրում են մ.թ.ա 8-6-րդ դարերով, երբ ներկայիս Հայաստանի տարածքում ծաղկում էր Վանի Արարատյան թագավորությունը: Այն ակտիվ նվաճողական քաղաքականություն էր վարում մինչև մ.թ.ա 6-րդ դարի ավարտը, երբ թագավորությունն ընկավ սկյութերի, կիմերների և մարերի համատեղ հարձակման արդյունքում:

Կմախքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պատկանել է մոտ 20 տարեկան կնոջ: Զարդերը խոսում էին նրա բարձր դիրքի մասին: Առավել մանրամասն հետազոտությունը թույլ է տվել գիտնականներին անել ևս մեկ կարևոր եզրակացություն՝ կինն, ամենայն հավանականությամբ, նաև մարտիկ է եղել:

Ոսկորների կառուցվածքն ու վնասվածքները գիտնականներին հուշել են, որ նա լավ զարգացած մկաններ է ունեցել: Հավանական է, որ նա նետաձիգ է եղել: Ճակատամարտերում նրա մասնակցության մասին վկայել է աղեղի երկաթե ծայրը, որը խրված է եղել ձախ ծնկի մեջ: Սակայն այս վերքը բուժվել է մարտիկի մահից երկար ժամանակ առաջ: Գիտնականների խոսքով՝ նրա մահը վրա է հասել այլ վերքերից:

Մասնագետները ոսկորներում հայտնաբերել են առնվազն երեք լուրջ վնասվածքների հետքեր, որոնք, նախնական վարկածի համաձայն, հասցվել են կացնով և թրով:

Հնագետները ենթադրում են, որ այդ վնասվածքները մեկ մարդու կողմից չեն հասցվել, և եզրակացնում են, որ, ամենայն հավանականությամբ, կինը զոհվել է մարտի դաշտում:

Սրանք Վանի թագավորությունից հայտնաբերված կին մարտիկների առաջին մնացորդները չեն: Պատմական այլ աղբյուրներն ասում են, որ Վանում կանայք մարտնչել են տղամարդկանց հետ ուս-ուսի: Այդ պատճառով են գիտնականները ենթադրում, որ հենց Վանի բնակչուհիներն են ոգեշնչել հին հույներին՝ ամազոնուհիների կերպարի կերտման հարցում՝ պատերազմող ժողովուրդ, որը բաղկացած էր միայն կանանցից: