«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում Լեո-ի «Հայ կղերական դիվանագիտություն» աշխատությունից մի հատված: Այստեղ Լեոն ներկայացնում է, թե ինչպես քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստան, ինչ էր իրենից ներկայացնում այս կրոնը և Հայաստանը ինչ ծանր հետևանքներ կրեց նրանից: Լեոն ասում է. «Քրիստոնեության լեզուն այնքան ավետարանն ու սաղմոսը չէ, որքան՝ երկաթն ու սուրը»:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում մի փոքր հատված՝
«Սակայն քրիստոնեությունը Հայաստանին միանգամայն անծանոթ կրոն չէր: Նա վաղուց մուտք էր գործել այդ երկիրը, դանդաղ տարածվում էր, առանց մեծամեծ աղմուկներ և շարժումներ առաջացնելու: Գուցե, բնական զարգացման ընթացքին թողնվելով, նրան հաջողվեր կատարել երկար նվաճումը՝ խաղաղ քարոզի միջոցով: Այս միանգամայն հնարավոր էր այդ նոր պաշտամունքի համար, որովհետև նա սիրիական քրիստոնեությունն էր, որ Հայաստան մտնելու հետ միաժամանակ՝ մուտք էր գործել նույնիսկ Պարսկաստան՝ իբրև խաղաղ ու չեզոք կրոնական երևույթ և իր քարոզչության կենտորնն էր դարձրել Սասանյան մայրաքաղաք Տիզբոնը՝ հիմնելով այնտեղ եկեղեցի և եպիսկոպոսական աթոռ: Սիրիական միսիոներության միակ ուժն ու հմայքը ՝ սիրիացի վաճառականի թափառիկ առևտրական կապիտալն էր, որի ուսերին հեծած նոր կրոնը՝ գնաց աննկատելի կերպով տարածվելու մինչև Հնդկաստան:
Սիրիական այդ աղքատ քրիստոնեության վրա հայ Արշակունիները ուշադրություն չէին դարձնում: Կար քրիստոնեություն և քրիստոնեություն: Հարկավոր էր ոչ թե վաճառականական, այլ կայսերական քրիստոնեություն, մինչև ատամները զինված մի հզոր պետականություն , որի լեզուն այնքան ավետարանն ու սաղմոսը չէ, որքան՝ երկաթն ու սուրը: Հարկավոր էր հունական քրիստոնեությունը , որ Արևելքում գալիս էր փոխարինելու Հռոմեական իմպերալիզմին: Այս կլնիներ ամենից, ամենից առաջ, լավագույն պաշտպանություն Հայ Արշակունիների դինաստիական շահերի՝ ընդդեմ Սասանյան վտանգի:
Այսպես էր ստեղծվում դինաստիական մեծ անհրաժեշտությունը Արարատյան կենտրոններում: Սակայն նրա իրագործումը հեշտ չէր բոլորովին: Միակամություն չէր կարող լինել այնպիսի մի բազմագլխանի ավատական երկրում, ուր այնքան շատ էին հետամնաց տնտեսական ձևերի ձգողությունը դեպի Իրան, մշակութային աստիճանների տարբեր շերտավորումնեը և այլն: Այն, ինչ միանգամայն հասկանալի էր և և ցանկալի Արարատյան խիտ քաղաքային տնտեսության սրտում, կարող էր միանգամայն մութ ու խորթ լինել Հայաստանի պարարտ արոտներում, ուր նախարարական տնտեսություններն էին՝ մեծամեծ հոտերից բաղկացած:
Այս մեծ անհրաժեշտության հողի վրա էր ահա, մեծ տարակուսանքների և երերումների մեջ, որ անհայտությունից արագ դուրս եկավ և դրությունն իր ձեռքն առնելով՝ սկսեց գործել մի տոհմ, որ առանձնակի տոհմանուն չի թողել. մերթ կոչվում է Պարթև, մերթ՝ Պահլավ, բայց ավելի հաճախորեն իր հիմնադրի՝ Գրիգորի տոհմ, և որովհետև եկեղեցական գրականության մեջ աստվածցված է «լուսավորիչ» տիտղոսով, ուստի սովորական է դարձել անվանել այդ տոհմը՝ Լուսավորչի տոհմ:
Նա էր, որ մտցրեց Հայաստան կայսրների քրիստոնեությունը և գլուխ հանեց նոր պետական կրոնի ամրապնդման դժվար գործը: Բայց այս հաջողությունը հայ Արշակունիների փրկության համար չէր, ոչ էլ երկրի տնտեսական առաջացումն էր ապահովում: Ընդհակառակը:
Պատմական քննադատությանը երբեք չի հաջողվել պարզել այս Գրիգորի իսկական ծագումը: Թեև նա ունի իր պատմությունը, որի շուրջ գոյացել է մի ամբողջ գրականություն: Բայց այդ պատմությունն այնքան խճողված է առասպելներով, հրաշքներով մարդկային միամտությունը հիմարացնելու և խաբելու ճիգերով , որ ճշմարտության մասին միայն ենթադրություններ կարելի է անել, որոնց մեջ միասնություն անգամ չի կարելի գտնել: Հայ եկեղեցականության այսպիսի ողորմելի միջոցով, հաջողվել է արդեն, բոլոր երկրների և ժամանակների կղերին հատուկ՝ քողարկված «սուրբ» ստեր ու խարդախություններ կուտակել, նրանց շատախոսությամբ մոլորեցնել նախապաշարված մարդկությունը և մի տեսակ կիսաստված դարձնել Գրիգորին՝ իբրև հատուցում այն մեծ ջանքերի, որոնց շնորհիվ Հայաստանը դարձավ քրիստոնյա պետություն:
Բայց այսքան անհունապես բարձրացված և փառաբանված գործչի ծագումը մեզ կարող է և չհետաքրքրել: Կարևորն այն չէ, թե հո՞ւյն էր նա արդյոք, հայացած պարթև՞, թե մի ուրիշ ազգից ու երկրից: Կարևորը նրա կատարծ գործն էր: Եվ այս գործի գնահատության մեջ՝ մենք այնքան էլ անօգնական չենք: Հենց այդ պատմությունը, նույն այդ Ագաթանգեղոսը՝ իր անվերջ շատախոսություներով, մեզ շատ նյութ է տալիս՝ իմանալու համար, թե ինչ տեսակ գործիչ էր Հայաստանը քրիստոնեացնող Գրիգորը:
Ամենից առաջ տեսնում ենք, որ դա աղքատների, զրկվածների և առհասարակ՝ խոնարհների հորինած, այսինքն՝ ռազմականացրած, սուր ու հուր հագցրած քրիստոսի մի անողոք և դաժան զորապետը, որի ձեռքում միայն մի միջոց կա համոզելու և խոնարհեցնելու՝ զինական բռնություն: Հայաստանի դարձի պատմությունը՝ զինվորական արշավների մի պատմություն է: Թագավորը, որին նույնպես շատ փքել- ուռցրել է եկեղեցական ներբողականությունը, մի կատարյալ ոչնչություն է այդ մարդու առաջ, իր զորքն ու զենքը տվել է նրան, ինքը մի կողմ քաշվել. երևի գոհ է, որ կատարվում է Կոստանդիանոսի կամքը և ամրապնդվում է Արշակունիների գահը Հայաստանում: Այդպիսի մի ապիկար բնավորություն, առանց այլևայլության պիտի հաղթահարվեր Գրիգորի եռանդի, ճարպկության և մանավանդ՝ կազմակերպչական մեծ կարողության առաջ: Եվ երկրի քրիստոնեացումը կատարվում էր հեշտ, կայծակնային արագությամբ: Այդ մի գաղափարական շարժում չէր, մտցված ժողովրդական զանգվածների մեջ, համոզում՝ գիտակցություն առաջ բերելու համար: Այդ մի հրաման էր, ձևական արարողություն: Լուսավորում էր Գրիգորը ոչ թե խոսքով, համառ ու երկարատև քարոզչությամբ, այլ հրով և երկաթով: Հեթանոսական Հայաստանում մեհյանը մի ավատական հիմնարկություն էր, ուժեղ ու հեղինակավոր, մանավանդ նրանով, որ հարստություններ էր կուտակում իր մեջ: Հիմնովին կործանել այդ տաճարները, կոտրել կամ փախցնել նրա պաշտոնյաներին՝ այս էր, որ Գրիգորի համար նշանակում էր «տարածել քրիստոնեություն», երբ նա, թագավորական զորքերի գլուխ անցած, մի տեղից թռչում էր մյուս տեղը՝ մեհյաններ քանդելու և քուրմեր փախցնելու համար: Ագաթանգեղոսը շարունակ այսպիսի արտահայտություններով է հիշատակում իր հերոսի «աստվածաին առաքելությունները»: Բայց նա չի մոռանում նաև շարունակ և միալար կրկնել, որ կործանված մեհյանի ոսկին ու արծաթը Գրիգորը չէր ոչնչացնում, այլ վերցնում էր՝ նպատակներով գործադրելու համար:
Գաղտնիքը բացված է: Սրբազան թալան. Ահա թագավորը, միսիոներության առանցքը, հաջողության մեծ գրավականը: Մեհյանների հարստությունը, իհարկե, միայն մետաղական չէր: Ավատական կարգի ամենամեծ հարստությունը հողն էր, միանման անկշտությամբ թալանում էին մեհենապետական հողերը: Այս հարստությունների բախշման միջոցով էր, որ Գրիգորը կազմակերպում էր քրիստոնեական եկեղեցին Հայաստանում, նրա պաշտոնեությունը, նրա նվիրապետությունը և այն քաղաքական ուժը, որի վրա նա պիտի հենվեր:
Քրիստոնեության այս մուտքը Հայաստան պետք է նկատել, իբրև մի ամբողջ ավատական շարժում, որի մեջ տակնուվրայությունների են ենթարկվում հողային հարստությունների բախշման ավանդական կարգերը՝ ոչնչացնելով հին տերերին, նոր ավատատերեր առաջ առաջ քաշելով, մնացողներին կամ ուժեղացնելով կամ թուլացնելով, նայած թե ինչպես են պահանջում նոր եկեղեցու կուսակցական շահերը:
Նոր, ուժեղ և լավատես կազմակերպված ավատական հիմնարկություն էր դառնում քրիստոնեական եկեղեցին, ստանալով ամեն գյուղում առատ հողաբաժիններ և այդպիսով դառնում էր ճորտային տնտեսության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Բայց եկեղեցական կազմակերպման մեջ առանձնապես կարևոր դերը պատկանում էր եկեղեցու պետին, և Գրիգորն այդ պետի դիրքը կարգավորում էր առանձնապես իր համար՝ ամենահոյակապ կերպով: Պետն ինքն էր և մի ուրիշին նա այդ տեղը չէր տա, և ահա այդ, իր փառաբանողների բերանով սրբերի ամենավերին դասի մեջ դրվածը, այդ «հրեշտակի մարմին»-ն, այդ գրեթե աստվածը ցույց էր տալիս, որ հաշվի ու շահի լավագիտակ մարդ է, և հարստությունների բախման միջոցին՝ առանձնապես իրեն էր պահում առյուծի բաժինը: Իբրև քահանապետ նա դառնում էր ամենից հարուստ մարդը Հայաստանում, գուցե թագավորի չափ հարուստ, հետևաբար, ամենից ուժեղն ու հեղինակավորը՝ ավատական դասի մեջ»:














