Պոլսահայ լրագրողին օրեր շարունակ բետոնե հատակին քնելուց հետո տեղափոխել են այլ բանտ

9

Իզմիրի Բուջա խստացված փակ ռեժիմով բանտում «անկողին չլինելու» պատճառաբանությամբ օրեր շարունակ բետոնե հատակին քնած պոլսահայ լրագրող, մտավորական Սևան Նիշանյանին տեղափոխել են Ալիաղայի բանտ։

Տեղեկացնում է «Ակօս»-ը: Պարբերականի հետ զրույցում Նիշանյանի ընկերներից Ալի Նեսինը նշել է, թե այսօր այցելել է Նիշանյանին: Նելսինի խոսքով՝ այս բանտում պայմաններն ավելի լավ են։

Սևան Նիշանյանի փաստաբան Մուրադ Աքչըն իր հերթին նշել է, որ Թորբալըի բաց բանտի ղեկավարության կողմից առաջադրված «բանտապահին սպառնալու և զրպարտելու» մեղադրանքը կքննվի մարտի 27-ին մեկնարկելիք դատավարության ընթացքում։

Աքչըն նշել է, որ այդ դատավարության ընթացքում պարզ կլինի, թե դեռ որքան պետք է Նիշանյանը մնա խիստ ռեժիմով բանտում։