Պատմական Կիլիկիայի հայկական Վագըֆ գյուղում տեղացի հայերի պատմությանն ու մշակույթին նվիրված թանգարան կբացվի

52

Պատմական Կիլիկիայում՝ Մուսալեռան լանջերին գտնվող միակ հայաբնակ Վագըֆ գյուղում շուտով կբացվի գյուղի պատմությանն ու մշակույթին նվիրված թանգարան, որն այստեղ ժամանող զբոսաշրջիկներին առավել մանրամասն կպատմի կիլիկիահայության անցյալի մասին։

Ստամբուլի հայկական «Ակօս»-ի փոխանցմամբ՝ թանգարանի հիմնադրման հետ կապված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև մյուս տարվա օգոստոս՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին, որը Վագըֆում ավանդաբար մեծ շուքով են նշում։

Նախագծի հեղինակները կոչ են հղել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մուսալեռցիներին՝ Վագըֆի ու Մուսալեռի հետ կապված ցանկացած արխիվային նյութ, լուսանկար, նամակ կամ փաստաթուղթ ունենալու դեպքում կապ հաստատել իրենց հետ ու կիսվել դրանցով։

Նշվում է, որ թանգարանը հագեցած կլինի ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, այցելուներին կներկայացվեն նաև Վագըֆի բարբառի առանձնահատկությունները, ավանդական երգերն ու պարերը, խոհանոցն ու այլ մշակութային առանձնահատկություններ։