Ուրֆայում հայտնաբերվել է Եդեսիայի թագավոր Աբգարի ընտանիքի ժայռափոր դամբարանը

20

Պատմական Ուրֆայի ամրոցի  տարածքում հայտնաբերված մեծաքանակ ժայռափոր  դամբարանների շարքում հայտնաբերվել է նաև Եդեսիայի Աբգար V թագավորի ընտանիքի դամբարանը: Գրում  է Hurriyet-ը:

Հնագետների կարծիքով հայտնաբերված ժայռափոր դամբարանախումբը կարող է լինել աշխարհում ամենամեծը:

45.000 ք/մ տարածքում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում մոտ 80 դամբարան է վերականգնվել:

Նոր հայտնաբերված դամբարաններից մեկը տեղակայված է բլրի ամենավերևի մասում և մյուս դամբարաններից ավելի մեծ է: Նշվում է, որ այն պատկանել է Եդեսիայի թագավոր Աբգար V-ի ընտանիքին: Դամբարանը ունի 10 մարդու համար նախատեսված սենյակներ: Ի դեպ, դամբարաններից մեկի հատակին խճանկար է հայտնաբերվել:

Նշենք, որ Հայոց Աբգար թագավորի հետ կապված մի շարք ավանդազրույցներ կան: Ըստ որի՝ Աբգարն անբուժելի հիվանդ է եղել և նամակ է ուղարկել Քրիստոսին՝ խնդրելով գալ իր քաղաքը, բժշկել իրեն և բնակվել այնտեղ: Քրիստոսը մերժել է նրա հրավերը, բայց Աբգարին ուղարկել է իր անձեռակերտ պատկերը, որը Հիսուսը իր դեմքի հպումով տպավորել էր դաստառակի վրա: