Ո՞վ էր Թորգոմը՝ Հայկի Նահապետի հայրը, և ի՞նչ կապ ունի Տորք Անգեղի հետ

804

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մեծ հայագետ Հովիկ Ներսիսյանի աշխատությունից մի հատված, որում հեղինակը բացահայտում է, թե որտեղից է եկել Հայկ նահապետի հոր՝ Թորգոմի անունը, ի՞նչ կապ կա Տորք Անգեղի և Թորգոմի միջև, ի՞նչ է իրենից ներկայացնում Անգեղ Տուն նահանգը: Ստորև ներկայացնում ենք մի հատված.

«Երջանկահիշատակ պատմահայր Խորենացին Հայկին համարում է Թորգոմի որդին՝ «Այս է Հայկը հայ ազգի նախնին, որ Թորգոմի որդին էր», և Հ. Ժամկոչյանը գրում է, որ հայ պատմագիներից առաջ Գ և Դ դարերի եկեղեցական պատմագիրներ Հոպպոլիտոսը և Եվսեբիոս Կեսարացին նույնպես հայերին սերած են համարել Թորգոմի սերնդից:

Այժմ փորձենք համեմատություն անցկացնել Թորգոմա և Տորք բառերի միջև:

Նախ բացահայտենք, թե ինչ է նշանակում այս հատուկ անունը կամ բառը՝ դարերի  ընթացքի իր չնչին հնչյունափոխությամբ՝ Տորքու-մա, Տարքու-մա, Թարքու-մա, Թորքու-մա և պատմահոր՝ Թորգոմա-ն:

Այս տարբերակներն ենք բերում, քանզի սեպագրերում, նույնպես Սեմական լեզվաընտանիքում միայն բաղաձայներն են, որ գրի են առնվում, և հետևապես եթե իր ճիշտ արտահայտությունը չիմանանք, առաջին և երկրորդ ձայնավորները կարելի է արտասանել Ա-Ո-Օ և ՈՒ, բացառությամբ վերջին ՄԱ բաղադրիչ մասնիկը:

Այս բառը դասվում է բարդ բառերի շարքին և բաղկացուցիչ պարզ բառերն են Տարքու կամ Տորքու և Մա պարզ բառերը, Մա-ն «մայր» բառի արմատն է նույն նշանակությամբ: Սեպագրերում այս Տորքումա և Տարքումա բառի և անվան վերջին բաղկացուցիչ Մա-ի գրի առնված սեպախումբը ոչ թե մա հնչյունի կամ վանկի սեպախումբն է, այլ այն սեպախումբն է, որը ներկայացնում է Փոքր Ասիայի Մա դիցուհուն, որը սերնդաբերության, պտղաբերության դից էր: Այն այստեղ որպես վերջածանց և բաղկացուցիչ մասնիկ մեկնվում է շեն, ծին, սերունդ, որդի նաև ունի ծին, ազն և զուն վերջածանցային մեկնություն, ուստի Տորքումա, Թարքումա, Թորքումա և Թորքո-մա նշանակում է Տորքու-ի, Թորքու-ի և Թորքո-ի սերունդ և ազն, ճիշտ այնպես, ինչպես Արմա նշանակում է Ար-ի սերունդ, որդի, Արև աստծո սերունդ, ուրեմն Տորքումա, Թորքոմա, և Խորենացու Թորգո-մա-ն նշանակում է Տորք-ազն, Տորքորդի:

Հայերի մոտ Տորքի՝ ռազմի և փոթորիկի դից լինելու աղերսն ենք տեսնում հնուց եկած և դարերի բովից անցած մի ժողովրդական վեպի և առասպելի մեջ, մի դյուցազնավեպ, որը հայ ժողովրդի անգիր բանահյուսության մի մասն է կազմում, ուր «ժայռեր պոկելով խորտակում է հայոց աշխարհի թշնամու նավերը և… »: Ապրում էր նա, ինչպես ասում է վեպը, Արտաշեսի ժամանակ և նրա կողմից նշանակվեց արևմուտքի կուսակալ, Տայք նահանգն էլ հետը: Այսպիսի մի մարդու կարելի էր, իրավ, հավատալ նորանված Տայքի ապահովության հոգսը, Տորքը անհեթեթ ուժի ներկայացուցիչ է և Տուրքի մասին երգում էին: Երանի թե Խորենացին այդ երգը նույնությամբ գրի առած ու մեզ ավանդած լիներ, Վահանգի «Երկներ երկին»-ի նման:  Ասում է, թե նա ամբողջ ժայռեր էր պոկում, տաշում էր եղունգներով, տախտակներ շինում և եղունգներով էլ քանդաում էր նրանց վրա արծիվներ և այլ նշաններ: Նա կողմնակալ էր Պոնտոս ծովի ափին: Երբ Տայոց նահանգում թշնամու նավերը մոտենում են ափին, Տորքը հալածում է նրանց, նավերը հեռանում են արագ: Երբ նրանք արդեն ութ ասպարեզ դեպի ծովի խորքն են գնացել՝ տեսնելով, որ այլևս չի կարող հասնել նրանց, Տորքը պոկում է բլրաչափ ժայռեր և նետում է նավերի ետևից: Բարձրանում է ահռելի ալեկոծում, որից խորտակվում են թշնամու նավերը, և ալեկծությունն այնքան հեռու է տարածվում, որ մեծապես վնասվում են ուրիշ շատ ու շատ նավեր…

Ինչպես տեսնում ենք, այս Հայոց ռազմի, փոթորիկի և հաղթության մնացած ու ավանդված հուշերը, ժողովրդի կողմից վերածվելով վեպի, հետագայում գրի առնվելով պահպանվել  և կենդանի են մնացել մինչև այժմ:

Հին պատմության ուսումնասիրությունը պարզել է, որ կրոնը և հավատամքը նախապատմական  ժամանակներից սկսած մեծ ազդեցություն են ունեցել մարդկության գործունեության բոլոր բնագավառներում: Այդ դարաշրջանների հավատալիքները և նախապաշարումները, սնված բնության անբացատրելի երևույթներով և հազար ու մեկ անհասկանալի խնդիրներով, ամբողջությամբ իր ենթական էին դարձրել նրանց կյանքը, դարձել հունը կյանքի և ճակատագրական ուղղություն տվել նպատակներին:

Ամեն մի տոհմ և ապա ցեղ ունեցել է իր տոտեմը՝ աստվածացած, երբ գերդաստանը, տոհմը և ապա նրանց հավաքականը՝ ցեղը, հավատում էր, որ սերված է մի կենդանուց, մի թռչունից: Այդ տոտեմի ժամանակաշրջանի աղերսն ենք տեսնում, թե միջնադարյան  և թե ներկա բոլոր ցեղերի և երկրների դրոշակների վրա: Այսօրվա միտումով և մեկնաբանությամբ՝ զինանշաններ են արև, առյուծ, արծիվ և… Այսպես մի խումբ ազգեր հավատում էին, որ սերված են օձից (Մարական ցեղերը, Պարսկաստանի ցեղերը), մի ուրիշը՝ արծվից, առյուծից, անգղից, գայլից և այլն:

Տոհմի և ցեղի հզորացումով մեծացել և հզորացել է նաև նրա տոտեմը, աստվածը, և ներառել ու ներգրավել մյուս աստվածներին: Բևեռագրերից հասկանում ենք, որ միջցեղային և միջազգային կռիվները և պատերազմները մղվել են աստվածների համար և անունով: Թագավորը երկրորդական դեր է ունեցել: Նա եղել է մի միջնորդ, իր և ցեղի աստծո կամքը կատարող, խոսնակ, աստծո ներկայացուցիչը: Բերում ենք մի օրինակ միայն. «Որ ես պետք է քայլեմ հռչակված հզորությամբ Աշուրի՝ իմ տիրոջ, Հարիա (իմա՝ Հայաստանը՝ Հարք) երկրի և Բաբկի-ի (Հայկական բարձրավանդակը) լայնասփյուռ զորքերի դեմ, բարձր բլուրների վրայով, որտեղ ոչ մի թագավոր չի մտել, Աշուրը՝ իմ տերը հրամայեց» (Դ Լուքենբիլ): Այսպիսով,  պետություննների, ցեղերի և տոհմերի մեծամասնությունը իրարից զանազանվում էին իրենց աստվածների անունով: Այսպես Աշուր, Հռոմ անունները առաջացել են իրենց պաշտամունքից, աստծուց՝ Աշուրից և Հռոմոլուսից:

Ըստ վերրոնշյալ բացատրության՝ հայերը ևս, լինելով հին աշխարհի (Միջին Արևելքի) հավատամքի համընդհանուր առանցքի ու ոլորտի մեջ, այս տեսակետից բացառություն չէին կազմում:  Օրինակ՝ մեր միջնադարյան «Անգեղ Տուն» գավառը ևս նախապես կոչվում էր «Տորքի Տուն» երկիր և տոհմ (ըստ սեպագրերի) իր աստծո անունով, և որը հազարամյակներ առաջ  պաշտում էր Տորքը, Տուրք (Տրքօ, Տուրքի) ռազմի, փոթորիկի և հաղթության աստծուն:

Անգեղ Տուն, Տորք Անգեղեան, ավելի  ճիշտ ու բնորոշիչ և իրական ձևով Անգեղեան, ըստ հավատամքի  և տոտեմիզմի՝ Տունը, տոհմը սերունդն էր Տորք աստծո,  որի տոտեմն էր անգղը և  նրա յուրահատկությունները ուներ: Անգղը գիշատիչ թռչուն էր՝ ուժեղ, հզոր ու մեծ: Նույնիսկ հույների մոտ հին ժամանակ նա նվիրված էր Արեսին և Հերային: Արեսը պատերազմի աստվածն էր (Հրատ աստղը) և Հերան ՝ Արեսի մայրը և Զևսի քույրը և կինը, դրախտի թագուհին և…: Հետևապես նա ռազմի աստծո (իմա՝ Հրատի) ներկայացուցիչն էր երկրի վրա, ուժեղ և հուժկու:

Տորք Անգեղեան Տուն անունը հետագայում, երբ քաղաքակրթության զարգացման հետևանքով տոտեմիզմի մտայնությունը վերացվեց և  մոռացության տրվեց, Անգղ անունը անիմաստ դիտվեց: Տորքի ուժգնության և հաղթության վեպը, որը մինչ այսօր կենդանի մնալով մեզ է հասել, մեր ոսկեդարյան շրջանում վստահաբար ունեցել է տարբեր պատումներ ևս (ինչպես Սասնա Ծռերը): Դրդապատճառը եղել է նաև այն, որ պատմահոր նման մի անհատ դատել է, թե նման ուժի տեր մեկը, որ «ժայռեր էր պոկում, տաշում եղունգներով, տախտակներ շինում և եղունգներով էլ քանդակում էր նրանց վրա արծիվներ  (իմա՝ անգղեր, իր տոտեմը) և այլ նշաններ», մեկը, որ «պոկում է բլրաչափ ժայռեր և նետում է Հայոց աշխարհիի թշնամու նավերի վրա և խորտակում նրանց…» որևէ նրբության նշան չէր կարող ունենալ, և այդ հսկան կոպիտ մի տեսք պետք է ունեցած լիներ: Հետևապես նա գեղեցիկ չէր կարող լինել, այլ տգեղ և ժամանակի գրական ոճով «ան» ժխտական նախածանցով՝ ան-գեղ: Այստեղից Խորենացու ճիշտ արտահայտությամբ, մտայնությամբ և մեկնությամբ ոչ թե «Անգղ» է, այլ տգեղ: Ըստ այնմ էլ դարձել է «այր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնհայաց»: Այսպիսով՝ մեր Տորքի Տունը, տոհմը դարձել է Տորք Անգեղ Տուն և Տորքը, քրիստոնեական դարաշրջանում միտումնավոր կերպով աղճատելով, դարձել է Անգեղ Տուն, գավառ:

Տրամաբանական մոտեցումը մեզ բերում է այն եզրահանգման, որ քրիստոնեական շրջանում դիտավորյալ կերպով Տորք Տուն-ը, Տորք Անգղեանը դարձրին Տորք Անգեղ և ապա Տորքի աղճատումով՝ Անգեղ տուն: Նպատակը, որպեսզի ժողովրդի մտքից ջնջեն և մոռացության գիրկը նետեն  հայ ժողովրդի հոգևոր բարձր մշակույթը և այն նախաքրիստոնեական դարաշրջաններից մնացած հավատամքի հետքերը և մտայնությունը, որ դեռ կենդանի էին մնացել:  Ճիշտ այնպես, ինչպես Հռոմում Քրիստոսի ծննդյան թվականը հունվար 6-ից դարձրել են Դեկտտեմբերի 25-ը, որը արև աստծո՝Միհրի, ծննդյան օրն ու տոնն էր, որպեսզի ժամանակի ընթացքում ժողովուրդը մոռանալով հինը, տոնի Քրիստոսի ծնունդը, ինչին իրապես այսօր մենք վկա ենք:
Նկատի ունենալով վերոհիշյալ տվյալները միայն (բացի սպագրերը, որ նույնն են փաստում)՝  Թորգո-ն նույն մեր Տրքո-Տորքն է և Թորգոմա-ն, Տորք աստծո սերածները և այսօրվա մեր արտահայտչական ձևի Տորքորդիները: Այս անունը եկեղեցաական պատմագիրներ Հիպպոլիտոսը և Եվսեբոսը, ովքեր գործածում էին լատինական տառերը, Տ ձայնանիշի բացակայության պատճառով գործածել են Թ ձայնանիշը և գրի են առել Թորգո-մա Տորքո-մայի փոխարեն: Մեր պատմահայրը և մատենագրերը, հունադավան դպրոցին պատկանելով՝ այդ անվան լատինական տարբերակը նույնությամբ ընդօրինակել ու փոխանցել են մեզ՝ աղճատելով պատմական տվյալները»: