Շումերական դյուցազնավեպերն ու Արատտան

96

«Ազատ Ձայն» լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում շումերական վաղագույն 4 դյուցազնավեպերից մեկը՝ «Էնմերքարը և Արատտայի տերը», որում ակնհայտ է դառնում Արատտայի կապը Շումերի Ուրուկ քաղաքի հետ: Արատտան և Ուրուկը ունեցել են սերտ քաղաքական, նյութական, մշակութային և կրոնական հարաբերություններ: Դյուցազնավեպում խոսվում է նաև Ուրուկի դիցուհի Ինաննայի մասին, ում Էնմերքարը Արատտայից բերել է Ուրուկ և նրան դարձրել է Ուրուկի Էաննա տաճարի դիցուհի:

Ստորև Ձեզ կներկայացնենք մեծ հայագետ Մարտիրոս Գավուքճյանի «Հայոց հնագույն Պատմության ուսումնասիրություններ»-ից հատված՝ նվիրվածշումերական դյուցազնավեպերին:

«Շումերական  դյուցազնավեպի 4 տարբերակները (հավանաբար մի մեծ էպոսի հայտնաբերված առանձին չերս հատվածները) կոնկրետ տեղեկություններ են պահում Հայկական լեռնաշխարհի հետ Շումերի (Սումերի) ունեցած կապի մասին: Այս պոմները կարևոր լույս են սփռում մարդկային քաղաքակրթության զարգացման այդ մթնշաղային կանուխ շրջանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի վրա: Եվ իրենց կարևորության պատճառով ՝ ուզում ենք այստեղ ամփոփ ձևով ներկայացնել այդ չորս դյուցազնավեպերի մեզ հետաքրքրող դրվագները:

Դյուցազնավեպերից մեկը, որ Ս.Ն. Կրամերը հրատարակել է «Էնմերքարը և Արատտայի տերը» վերնագրով, հայտնաբերվել է վեց հարյուր տեղերից բաղկացած սեպագիր քսան սալիկների ու բեկորների վրա, ուր պատմվում է հետևյալը:

Մի օր, Շումերի Ուրուկ քաղաքի («Տեր» կամ «քուրմ-արքա») Էնմերքարը՝ որդին Ուտուի (Արևի աստծո), որոշելով Արատտա քաղաք-պետությունը ենթարկել իրեն, աղերսից իր քույր Ինաննային՝ շումերական սիրո և ռազմի հզոր դիցուհուն, այնպես անել, որ Արատտայի ժողովուրդը իրեն բերի ոսկի, արծաթ, լազվարդ ու թանկագին քարեր և իր համար կառուցի զանազան տաճարներ ու մեհյաններ՝ հատկապես Էնկի աստծո տաճարը՝ Էրիդու քաղաքում:

Ինաննա դիցուհին Էնմերքարին խորհուրդ է տալիս գտնել հարմար պատգամավոր, որ անցնի Անշանի (Զագրոսի) վեհազդեցիկ լեռները՝ վստահեցնելով, թե Արատտայի ժողովուրդը պիտի ենթարկվի իր կամքին ու կառուցի իր ցանկացած շենքերը:

Էնմերքարը իր ընտրած պատգամավորին ուղարկում է Արատտայի Էնի (քուրմ-արքայի) մոտ մի սպառնալի պատգամով, որ նա և իր ժողովուրդը բերեն արծաթ, ոսկի և շինեն ու զարդարեն Ուրուկի տաճարը՝ հակառակ պարագայում կկործանվի նրա քաղաքը:

Պատգամավորը, անցնելով յոթ լեռներ, հասնում է Արատտա ու կրկնում է իր տիրոջ խոսքերը: Սակայն, Արատտայի տերը մերժում է ենթարկվել՝ հայտելով, թե ինքն է Ինաննայի պաշտպանյալը և թե հենց Ինաննան է բերել ու հաստատաել իրեն որպես իշխող Արատտայում: Սրա վրա պատգամավորը նրան տեղեկացնում է, թե Էնմերքարը Ինաննային բերել է Ուրուկ և նրան դարձրել է Ուրուկի Էաննա տաճարի թագուհի: Դրա համար էլ դիցուհին խոստացել է, որ Արատտան պիտի ենթարկվի նրան:

Արատտայի տերը ցնցվում է լուրից: Նա պատասխան է շարադրում պատգամավորին, որ տանի տիրոջը՝ կշտամբելով նրան, որ ուզում է դիմել զենքի և ասելով, թե նա նախընտրում է մի մրցում, մի մարտ երկու ընտրված ախոյանների միջև, հայտնում է նաև, թե քանի որ Ինաննան դարձել է իր թշնամին, ապա նա պատրաստ է ենթարկվել Էնմերքարին, եթե նա Արատտա ուղարկի մեծ քանակությամբ ցորեն:

Պատգամավորը շատ շտապ վերադառնում է Ուրուկ և ժողովասրահի բակում Էնմերքարին հանձնում է պատգամը: Էնմերքարը, մի որևէ նոր քայլի դեիմելուց առաջ, անում է որոշ ծիսակատարություններ և հայցում է շումերների իմաստության դիցուհի Նիդաբայի խորհուրդը, որից հետո իր անասունների վրա ցորեն է բարձում և ուղարկում է պատգամավորի հետ: Միաժամանակ նրան հանձնարարում է, որ Արատտայում փառաբանելով իր գայիսոնը՝ հրամայի բերել կարնելիան և լազվարդ:

Պատգամավորը, հասնելով Արատտա, ցորենը դիզում է բակում և հայտնում է իր տիրոջ պատգամը: Ժողովուրդը, տեսնելով ցորենը, ուրախությամբ ցանկություն է հայտնում է Էնմերքարին ներկայացնել կարնելիան և «ծեսերին» էլ պատվիրել շնել տալու նրա համար «սուրբ տուն»: Բայց Արատտայի «ջղագար» Էնը՝ քուրմը, գովաբանելով իր իսկ գայիսոնը, մերժում է և ինքն է պահանջում, որ Էնմերքարը իրեն բերի կկարնելիան ու լազվարդ:

Երբ պատգամավորը Ուրուկ է վերադառնում, Էնմերքարը երևի հարցնում է omen-ների (համայնքների ժողովի) խորհուրդը, հատկապես մի ծիսակատարություն է անում սուշինա-եղեգի հետ, որին նա տարուբերում է «լույսից ստվեր» և «ստվերից լույս», մինչև որ վերջում նա «հինգ տարի անց, տաս տարի անց» կտրում է նրան: Եվ նա նորից է ուղարկում իր պատգամավորին՝ այս անգամ նրա ձեռքին դնելով իր գայիսոնը որպես բացահայտ սպառնալիք: Գայիսոնի տեսքը սարսափ է ազդում Արատտայի Էնի վրա: Նա դառնում է իր շատամ-ին և կծու խոսքեր ասում Ինաննայի դժգոհության պատճառով իր քաղաքին սպառնացող վտանգի մասին: Ապա թվում է, թե նա պատրաստ է ենթարկվելու Էնմերքարին, սակայն և այնպես նա նորից ասպարեզ է կարդում Էնմերքարին և այս անգամ պահանջում է, որ Էնմերքարը ընտրի իր «ռազմի մարտիկներ»-ից մեկին՝ առանձին կռվելու իր «ռազմի մարտիկներ»-ից մեկի հետ, որպեսզի այդպիսով հայտնի լինի, թե ով է ավելի ուժեղը:

Ուրուկ վերդարձած պատգամավորին Էնմերքարը հանձնարարում է նորից գնալ Արատտա և հայտնել երեք մասերից բաղկացած իր հետևյալ պատգամը՝

1. Ընդունում է ուղարկել մի ախոյան՝ մրցելու համար նրա ընտրած մարտիկի հետ:

2. Պահանջում է, որ Արատտայի Էնը բերի ու դիզի ոսկի, արծաթ ու թանկագին քարեր Ուրուկում՝ Ինաննա դիցուհու համար:

3. Հակառակ դեպքում՝ սպառնում է կործանել Արատտան և պահանջում է, որ Արատտայի Էնը և ժողովուրդը բերեն «լեռան քարեր» և շինեն ու զարդարեն իր համար Էրիդու տաճարը:

Սրան հետևում է մի նշանակալի հատված, որ, եթե ճիշտ է թարգմանվում, հայտնում է, թե Էնմերքարը՝ ըստ պոետի կարծիքի, առաջինն էր, որ  գրել է կավե սալիկի վրա և թե այդպես է արել, որովհետև իր պատգամավորը «ծանրաբերան» էր թվում և չէր կարող կրկնել պատգամը՝ գուցե նրա երկարության պատճառով: Պատգամավորը արձանագրված սալիկը հանձնում է Արատտայի տիրոջը և սպասում պատասխանի:

Այդ ժամանակ թվում է, թե Արատտայի տիրոջը օգնության է հասնում անձրևի և փոթորկի շումերական աստված Իշքուրը, որը Արատտա է բերում վայրի ցորեն ու լոբի և դիզում Արատտայի տիրոջ առաջ: Սրանց տեսքից նա նորից է քաջալերվում ու պատվիրում է պատգամավորին հայտնել իր տիրոջը, որ Ինաննան չի լքել Արատտան ու այդտեղի իր տունը:

Սրանից հետո տեքստը, դառնալով բեկորային,  դժվար է լինում խոսքերը կապակցել ու հետևել պատմության ընթացին, բայց հասկանալի է լինում այն, թե Արատտայի ժողովուրդը վերջում Ուրուկ են բերել ոսկի, արծաթ ու լազվարդ ու դիզել Էաննայի բակում՝ Ինաննայի համար:

Այստեղ մենք ձեզ ներկայացրինք դյուցազնավեպերից մեկը և ստորև մի փոքր պարզաբանումներ կատարենք:

Նախ նշենք, որ Սիրո և պատերազմի Ինաննա դիցուհին պատկանում էր Արատտային, ուր ուներ տուն (տաճար): Հետո Էնմերքարը Ուրուկ է բերում Ինաննային ու այդտեղ նրա համար հիմնում Էաննա տաճարը: Ինաննան քույրն է համարվել (արևի աստված Ուտուի որդի) Էնմերքարին: Եվ հավելենք, որ դյուցազնավեպերի տարբերակներից մեկում Էնմերքարը պահանջում է , որ Արատտայի տերը ենթարկվի իրեն, մեկ ուրիշում Էնմերքարը օգնություն է խնդրում Արատտայից՝ Ուրուկը ազատելու օտար ու թշնամու Մարտուի կողմից արված պաշարումից, և մերթ էլ Արատտայի տերն է պահանջում, որ Էնմերքարը իրեն ենթարկվի: Արատտայի և Ուրուկի միջև կան քաղաքական, կրոնական, մշակութային սերտ կապեր: Բացի այդ դյուցազնավեպում առկա տեղանքի անվանումները վկայում են Արատտայի տեղադրման վայրի մասին:

Դյուցազնավեպերում պահպանված տեղեկությունները Շումերի հնագույն քաղաքներից եղող Ուրուկի և Էրդուի տաճարների կառուցման ու զարդարման գործում կարևոր մասնակցություն են վերագրում Արատտային: Այլ խոսքով՝ արատտացիները (իրենց թանկագին մետաղներով, քարերով ու վարպետներով) կարևոր դեր են խաղացել այդ քաղաքների տաճարների կառուցման ու զարդարման գործում, որի նախաձեռնությունը վերագրվում է Էնմերքարին: Եվ ի վերջո, Արատտայի և Ուրուկի միջև եղած մշակութային, նյութական ու կրոնական սերտ կապերի պատճառը կարող է լինել այն, որ շումերները դուրս են եկել Հայկական լեռնաշխարհից:  Այս ամենին գումարվում են շումերերեն և հայերեն հազարն անցնող նույնիմաստ բառերը»: