Նանսեն. Հայերն ունեին կառուցողական արվեստի զարգացած տեխնիկա, երբ Եվրոպան դեռ մանկության շրջանում էր

24

Նորվեգացի նշանավոր ճանապարհորդ, բևեռախույզ, օվկիանոսագետ, գիտնական, հումանիստ և հասարակական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենն իր <<Հայաստանում>> ծավալուն գրքում անդրադառնում է հայոց հոյակերտ մշակույթի և ճարտարապետության վաղեմությանը: Ահա թե ինչպես է ներկայացնում Հայոց աշխարհը Նանսենը: Ներկայացնում ենք մի փոքր հատված այդ գրքից.
<<Զվարթնոցի ավերակները ցույց են տալիս, թե այդ շրջանում արդեն հայերն ունեցել են կառուցողական արվեստի խիստ զարգացած տեխնիկա: Հարգանքի ինչպիսի՜ մեծ զգացում է առաջանում դեպի Հին Հայաստանի մշակույթը, երբ մարդ նայում է ճարտարապետական այդ կատարելությանը, որ ստեղծված է 7-րդ դարում, երբ Եվրոպան գտնվում էր մանկության շրջանում…
Անիի եկեղեցու կառուցումն ավարտվեց 1001 թվականին Գագիկ Ա-ի օրք: Նրա ավագ ճարտարապետը Տրդատն էր, որը հյուսիսում՝ Կարս գետի մոտ, կառուցել էր Արգինայի եկեղեցին միևնուն ոճով: Անիի եկեղեցին ունի գոթականին բնորոշ բազմաթիվ տարրեր: Նմանությունն այնքան ակնառու է, որ մի քանի արվեստի պատմաբաններ, կարծելովմ թե կարող են հաստատել գոթականի եվրոպական ծագումը, պնդեցին, թե Անիի եկեղեցին պետք է կառուցված լինի 13-րդ դարի Արևմտյան Եվրոպայից եկած ճարտարապետների ձեռքով: Բայց այդ վարկածը փաստերի կողմից թույլ էր, քանի որ այդպիսի, այսպես կոչված, <<գոթական>> քիչ թե շատ զարգացած տարրեր կային 11-րդ դարի կամ նախորդ դարերի հայկական բազմաթիվ այլ եկեղեցիներում: Գոթական առաջին տարրերը Արևմտյան Եվրոպա բերեցին հայերը, ովքեր 11-12-րդ դարերում ցրվեցին աշխարհի բոլոր երկրներում>>: