Յանիկյանը հանրագիտարանում էր թաքցրել ատրճանակը, երբ 1973-ի հունվարի 27-ին ճաշի հրավիրեց թուրք դիվանագետներին

137
Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Թե ով է Լիր արքա երևակայելու արտաքինով այս մարդը, մեզնից շատերը չգիտեն։ Գուրգեն Յանիկյանն է։ Նա «Ով ով է», Who is Who հանրագիտարանում էր թաքցրել ատրճանակը, երբ 1973 թ.-ի հունվարի 27-ին ճաշի հրավիրեց թուրքական գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին ու փոխհյուպատոս Բահադիր Դեմիրին։ Ընդ որում, լինելով տաղանդավոր ճարտարագետ, դրանով չէր բավարարվել՝ հանրագիտարանը բացելուն պես գիրքում հմտորեն տեղադրված զսպանակը զենքը Յանիկյանի ձեռքը նետեց։

Մի քիչ ավելի ուշ մանրանասներ կավելացնեմ 77-ամյա Յանիկյանի ու թուրք դիվանագետների հանդիպումից, որը տեղի ունեցավ Սանտա Բարբարա քաղաքում։ Մինչև այդ արժե հիշատակել նրա կյանքի դրվագներ, որոնցից ամեն մեկը մի վեպի նյութ է։

Օրինակ՝ այն, որ հեռավոր 1918-ին նրա կյանքը փրկել է… Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկու քույրը՝ Նադյան։ Յանիկյանը մասնակցել էր ցարի դեմ ռուսական հեղափոխությանը որպես անարխիստ, նույնիսկ կուսակցության բաժանմունքներից մեկի ղեկավար, բայց բոլշևիկյան հեղաշրջումից հետո 14.000 ուրիշ «այլախոհների» հետ բանտ նետվել։ Կուսակիցներին Էրիտո, Պավլով կեղծանուններով հայտնի հայ հեղափոխականին, որը Մոսկվայի համալսարանի ճարտարագիտական բաժնի ուսանող էր, սպասում էր գնդակահարություն։ Ձերբակալվածներն այնքան շատ էին, որ մի մասին հյուրանոցներում էին տեղավորել, բայց Գուրգենին վիճակվել էր Բուտիրկան, որի բակում զօր ու գիշեր գնդակահարում էին «հեղափոխության թշնամիներին»։

Գուրգենին էլ տարան նույն բակը, 4 զինվոր հրացաններով նշան բռնեցին, կրակեցին… բայց դատարկ փամփուշտներով։ Չնայած մատնությանը, նրա դեմ և ոչ մի ապացույց չէին կարողացել գտնել։ Նադյան, որ սովորում էր նույն համալսարանում, Յանիկյանի կուսակիցն էր… ու նրա մտերմուհին, եղբորից՝ Չեկայի ղեկավար «երկաթե Ֆելիքսից» իմանալով սպասվող հետապնդումների մասին, գնացել էր Գուրգենի բնակարան, որի բանալին ուներ ու վառել բոլոր փաստաթղթերը։ Գուրգենին դատապարտում են ընդամենը… ցմահ աքսորի։

Այստեղ վերջանում է արկածային մասը, սկսվում է ողբերգությունը։ Էրզրումից Թիֆլիս գաղթած նրա ընտանիքին հայտնում են, թե Գուրգենը գնդակահարված է։ Հայրը հանկարծամահ է լինում, նշանածն էլ ուրիշի հետ ամուսնանում…
Իր մեղքը հետևողականորեն մերժելու և ճամբարում իր… բեմադրությունների շնորհիվ, որոնց հաճախում էին բարձրաստիճան բոլշևիկների կանայք, նրան ազատ են արձակում։
Յանիկյանը միայն գաղափարի մարտիկ չի եղել։ Հարուստ ընտանիքի զավակ՝ փողը կպչում էր նրա մատներին։Լենինը արգելել էր ալկոհոլի վաճառքը… և նա հարստացավ Մոսկվայում օղու մաքսանենգության միջոցով։
20-ականներից Ռուսաստանում պարենային դժվարություններ կային։ Յանիկյանը ալյուր բեռնաթափող հատուկ վերելակ է ստեղծում, այնուհետև ստանձնում է Ռոստովի մարզի ցորենի տեղափոխությունը, որի արդյունավետությունը փրկում է տարածաշրջանը սովից։ Դաժան ձմռան պայմաններում, նա թոքերի ծանր բորբոքում է տանում… հատուցումը՝ բոլշևիկները չեն տալիս խոստացված վարձատրությունը, իսկ իր հայտնագործած սարքերի վրայից պոկում են գյուտարարի անունը։

Բայց Յանիկյանի արած գործի մասին տեղյակ էր անձամբ Ստալինը, որի միջամտությամբ բավարարվում է Գուրգենի մի խնդրանքը՝ նրա կնոջը պարսկական քաղաքացիություն է շնորհվում, և նրան շուտով հաջողվում է հեռանալ ՍՍՀՄ-ից։

Յանիկյանի կյանքի պարսկական շրջանը նույնպես առասպելական պատմություններով է հարուստ՝ այդ մարդուն հաջողվում էր բոլորովին օտար միջավայրում հասնել հսկայական հաջողությունների, «նստել-վեր կենալ» երկրի ղեկավարների հետ, տվյալ դեպքում՝ շահի հետ։

Նա դեռ 1918-ին կռվել էր թուրքերի դեն, բայց իր կյանքի նպատակը համարում էր պատմական արդարությունը ճանաչմանը հասնելը, որի համար թափված անօգուտ ջանքերը ի վերջո ստիպեցին 77 տարեկան ծերունուն դիմել մի գործողության, որը ուծացման լեթարգիական քնից արթնացրեց Եղեռնի զոհերի երրորդ սերնդին։ ։
Նրան դառնություններ էին սպասում՝ ՀԱԵ Արևմտյան թեմի առաջնորդ Հովսեփ Աճեմյանը գալիս է բանտ մի ուրիշ հայի տեսակցելու և Յանիկյանին չի այցելում՝ որպես մարդասպանի, ՀՅԴ ներկայացուցիչ Մայք Մինասյանը Յանիկյանին ռոճիկ, իսկ կնոջը հիվանդանոցային ծախսերի փոխհատուցում է խոստանում, եթե նա… դատարանում իրեն հայտարարի դաշնակցության անդամ։
Հա, նաև բանտում «Սիրելի հայրենակից» դիմելաձևով բազմաթիվ նամակներ է ստանում… դրամական օգնության խնդրանքով։

Հիմա վերադառնանք Սանտա Բարբարա, թե չէ Յանիկյանի մասին կարելի է անվերջ պատմել։ Նա թուրք դիվանագետներին «Հիլթըն» հյուրանոցի իր համար հրապուրեց՝ խոստանալով նվիրել մի նկար, որը կախված էր եղել… Աբդուլ Համիդի սենյակում։ Ընդամենը։ Եվ այդ նկարը վերջին բանը եղավ, որ իրենց կյանքում տեսան թուրք գլխավոր հյուպատոսն ու փոխհյուպատոսը։

Գուրգեն Յանիկյանը հաղթեց իր «անհատական պատերազմը», իր բառերով ասած, որը հայության ազնվագույն մի հատվածի պատերազմը դարձավ մինչև Հայաստանի Հանրապետության անկախությունը»։