«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մեծ հայագետ Հովիկ Ներսիսյանի գրքից մի հատված՝ նվիրված Միհրի պաշտամունքի ակունքներին: Մասնավորապես Ներսիսյանը քննում է, թե երբ է ծագել Միհրի պաշտամունքը, որտեղ և մինչև ուր է տարածվել:
«Գրավոր (սեպագիր) աղբյուրների վկայությամբ՝ Միհրի պաշտամունքը, որը մ.թ.ա. 14-րդ դարում գոյություն ուներ Հայկական լեռնաշխարհում, մ.թ.ա. 4-րդ դարում Արտաքսերքսես Բ-ի միջոցով ներմուծվեց Պարսկաստան: Մ.թ.ա. առաջին դարում ներթափանցեց Հռոմ, իսկ մ.թ. 3-րդ դարում այդ կրոնը դարձել էր միջազգային ու տարածվել էր Հնդկաստանից մինչև Սև ծով, Բալկաններից մինչև Բրիտանիա և Իսպանիա: Ամբողջ Եվրոպայում հաշվում են 400-ից ավելի Միթրայի տաճարների ավերակներ: Եվ այսպես, նախ մ.թ.ա. 4-րդ դարում Հայաստանից տարածվեց դեպի հարավ՝ Պարսկաստան ու Հնդկաստան և մ.թ.ա. առաջին դարում՝ դեպի հյուսիս-արևմուտք՝ Եվրոպա:
Ծագումնաբանության իմաստով՝ Հայկական լեռնաշխարհի լույսի, բարության և պայմանագրերի պահապան աստված Միհրը (Մհերը) ժայռածին է, այս հատկանիշը հաստատում են թե՛ հնագիտական տվյալները և թե՛ Գեղարդի ժայռափոր տաճարը (եկեղեցին): 1953-54թթ. Էսքիկալե վայրում տեղի ունեցած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել է 160 մ երկարությամբ լեռան լանջի խորքը գնացող երկու բոլորաձև սենյակներով վերջացող թունել: Սա նման է Բարձր Հայքի գավառում, Դերջանի Բագահառիճ գյուղի հանրածանոթ թունելին, որը Միհրին նվիրված մեծ մեհյանի համալիրի մաս էր կազմում: Դիցաբանական տեսակետից երկու թունելները Միհրի ծննդյան վայրերն են, այն իմաստով, որ ինչպես ասված է առասպելում՝ «աստղից անջատված ճառագայթը թափանցում է թունելի խորքը, ծնունդ տալիս Միհրին, որտեղից նա բարձրանում է երկինք»: Իսկ Գեղարդի ժայռափոր տաճարը, նախաքրիստոնեական շրջանում նույնպես Միհրի ծննդավայրն է ներկայացել, որը ըստ մեր քրիստոնյա պատմաբանների՝ «ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին» և ըստ Ալեքսանդր Սահինյանի «կը թուի ծագում առած ըլլալ ամենանախնական շրջաններուն, երբ քրիստոնէութիւնը իբր պետական կրօնք ճանչցուեցաւ»:
Ճշգրիտ պատմականի հիմնասյուները ուղղակի փաստերի և ապացույցների վրա են կառուցվում, այլ ոչ թե ըստ «ավանդության»-ների և «կը թուի»-ների:
Գեղարդի ժայռափոր տաճարում գոյություն ունեցող ցուլի և անգղի բարձրաքանակները վկայում են նրա նախաքրիստոնեական լինելը: Անգղը, որի ճիրաններում խոյն է ընկճվել, մեր հնագույն Ռազմի հաղթանակի աստվածության խորհրդանիշն էր:
Մուրսիլիսի (մ.թ.ա. 1321-1295) կողմից այն հիշվում է Տարքու ձևով, որպես պատերազմի դից: Հին ժամանակներում Տորքու, Թարքուն ռազմի, փոթորկի և հաղթության դից էր և ըստ Ն. Ադոնցի, Տորք-Տուրքը հին հայոց աստված է : Խորենացին այն հիշում է որպես «Այր խորշագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայաց»: Ինչպես տեսնում ենք այս հայոց ռազմի, փոթորկի և հաղթության աստծո մնացած ու ավանդված հուշերը, ժողովրդի կողմից վերածվելով վեպի ու հետագայում գրի առնվելով, պահպանվել և կենդանի են մնացել մինչ այժմ : Հայկական Անգեղ Տունը, ըստ հավատամքի և տոտեմիզմի՝ Տունը, տոհմը սերունդն էր Տորք աստծո, որի տոտեմն էր Անգղը՝ գիշատիչ թռչուն, ուժեղ, հզոր ու մեծ: Նույնիսկ հույների մոտ ևս հին ժամանակ նա նվիրված էր Արեսին և Հերային: Արեսը պատերազմի աստվածն էր (Հրատ աստղը) և Հերան Արեսի մայրը և Զևսի քույրը և կինը դրախտի, թագուհին և…. Հետևապես նա՝ Անգղը, ռազմի աստծո ներկայացուցիչն էր երկրի վրա, ուժեղ և հուժկու: Հետևապես Խոյը Անգղի ճիրանների մեջ բարձրաքանդակները ոչ մի կերպ չեն առնչվում քրիստոնեության հետ, այլ հնագույն ռազմի աստվածության յուրահատկության ներգրավումն է Միհրի պաշտամունքի մեջ:
Երբ նկատի ենք առնում հայկական եկեղեցիների քարաշեն կառույցը՝ խորանի արևելյան մասում գտնվելըը, որի հետևանքով հավատացյալը դեպի արևելք է կանգնում ու հնում իր արարիչ Արև աստծուն էր փառաբանում:
Գմբեթի չորս հիմնասյուները, որոնք 4 տարրը՝ կրակ, ջուր, օդն ու հողն էին ներկայացնում և նրանց վրա հեծած այդ 4 տարրերի միացման թմբուկը, որի վրա բարձրանում է վեղարը (գմբեթը), ձգտելով դեպի երկնակամարի բարձունքի արև աստվածը, մեզ բերում է այն անվիճելի համոզման, որ քրիստոնեության նախնական շրջանի եկեղեցի կոչված քարաշեն աղոթավայր կառույցները հնագույն մեհյաններն էին և հետագայում կառուցված եկեղեցիները կրկնօրինակներն են նախկին մեհյանների:
Նկատի ունենալով, որ Միհրի պաշտամունքը մ.թ.ա 4-րդ դարում Հայկական լեռնաշխարհից ներթափանցեց Պարսկաստան և Հնդկական Վեդաների մեջ և միայն մ.թ.ա. առաջին դարում ՝ Եվրոպա, ուստի կարևոր ենք համարում հակիճ ներկայացնել հնդկական Վեդայի Միհրին, Ավեսթայի Միհրին, որը հայկականը ավելի հարազատ և անաղարտ է պահել և, վերջապես արևմուտք թափանցած միթրաիզմը»:
Շարունակելի…
«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:














