«Մենուայի» ջրանցքը թուրքերը կծառայեցնեն տուրիզմի զարգացման համար

293

3000 տարվա վաղեմության 51 կմ երկարության ջրանցքը, որը կառուցվել է Վանի թագավորության շրջանում, թուրքերը որոշել են օգտագործել Վանում տուրիզմի զարգացման համար: Գրում է Հուրիյեթը:

Վանի Մենուա արքայի կողմից կառուցված ջրանցքը, որը ճարտարապետական մի զարմանահրաշ երևույթ է, նախատեսված էր երկրի արևելյան շրջաններից ջուրը հասցնել քաղաքի կենտրոն: Ջրանցքը համարվել է Վանի թագավորության գոյատևման ամենակարևոր գործոնը, քանզի հենց այս ջրանցքով էր Վանը ստանում խմելու և ոռոգման ջուր: 

Թերթը գրում է, որ Յուզունչու Յիլ Համալսարանի Հնագիտության բաժնի  պրոֆեսոր Ռաֆեթ Ցավուսողլուն նշել է, որ տարածքի մեծ ժայռերն են բերվել և կիրառվել ջրանցքի կառուցման համար, և տարածաշրջանում գյուղատնտեսությունը ծաղկում է ապրել հենց այս ջրանցքի շնորհիվ: Ջրանցքը կոչվել է նաև Շամիրամի անունով:

Նշվում է, որ Վանի թագավորությունից հետո ջրանցքը վերանորոգել է Շամիրամն  իր 42.000 աշխատողներով և ավելացվում, որ Մենուայի կինը՝ Թարիրին այգի ուներ, որը ջրվում էր հենց «Մենուայի» ջրանցքի ջրով:

Կարելի է շեշտել, որ ջրանցքն այնքան լավ էր կառուցված, որ գործում է մինչ օրս՝ ջուր մատակարարելով Վանի բնակիչներին և այգիներին։ Իսկ ջրանցքի ողջ երկարությամբ Մենուայի թողած արձանագրություններից մեզ են հասել 14-ը, որոնցում նա Հալդի աստծո անունից սպառնում է բոլոր նրանց, ովքեր կջարդեն արձանագրությունը և կփորձեն իրենց վերագրել ջրանցքի կառուցումը։