Մարդիկ հարցրին, թե որ երկրում են իրենք, երկնքից պատասխանեցին՝ դուք Հայաստանում եք…

83

Սիրելի՛ ընթերցող, Ձեզ ներկայացնում ենք շումերական դիցաբանությունից մի հատված Համաշխարհային ջրհեղեղի մասին: Զիուսուդրայի մասին առասպելում հետևյալ կերպ է նկարագրված համաշխարհային ջրհեղեղի դեպքերը:

<
-Լսի՛ր, ով որդի Ուբարատուտուի, դո՛ւ բարեպաշտ Քսիսութր: Նավը թող լինի քեզ համար տուն, նավ շինի՛ր…
…Քսիսութրը վերջին անգամ նայեց երկրին և սոսկաց: Նա մտավ նավը և դուռն ամուր փակեց:
…Սև թուխպերը պատեցին երկնակամարը, դղրդաց որոտը, սարերի, ձորերի վրա սավառնեցին կործանիչ ոգիները, ժանտախտի աստվածն ազատ արձակեց հողմերին, հետո սոսկալի հեղեղներ թափվեցին երկնքից:
…Անցավ աղետը, Քսիսութրը արձակեց բոլոր կենդանիներին աշխարհի չորս կողմը, ինքն սկսեց զոհ մատուցել: Լեռան գագաթին նա սեղան կանգնեցրեցրեց՝ վրան սրբազան անոթներ…Իմացան աստվածները, բոլորեցին զոհասեղանը, ու երբ եկավ Աստղիկը՝ իր վզից հանեց Անու աստծո շինած մանյակը և ծիածան կապեց երկնքի կամարին:
Այնժամ Էան բացեց բերանը.
-Դո՛ւ, պատերազմասեր Բել, աստվածների զորավարն ես, բայց մտքովդ ինչպե՞ս անցավ այս զարհուրելի բանը…
Նավի մեջ ջրհեղեղից փրկված մարդիկ զոհարանի մոտ երկար սպասեցին Քսիսութրին ու նրա կնոջը, երբ ձայն լսվեց երկնքից.
-Զուր մի որոնիր, իզուր մի կանչիր անունները: Բարեպաշտության համար աստվածները նրանց վերցրին, և նրանք հիմա ապրում են մեզ մոտ:
Եվ մարդիկ հարցրին, թե որ երկրում են իրենք, երկնքից պատասխանեցին.
-Դուք Հայաստանում եք: Գնացեք դեպի հարավ:
Հնազանդվեցին հրամանին, զոհեր մատուցեցին աստվածներին և գաղթեցին հարավ՝ Բաբելոն:
Քսիսութրի որդիք Զրվանը, Տիտանը և Հապեթոստեն էին>>: