«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում երիտթուրքական կուսակցության նախկին գործիչ Մեվլան-Զադե Ռիֆատի հուշերը՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեում կայացած մի գաղտնի խորհրդակցության վերաբերյալ, որտեղ երիտթուրք արյունարբու ղեկավարները միաձայն որոշեցին հայերի բնաջնջումը: Մեվլան-Զադե Ռիֆատը նշում է, որ ինքն այդ գաղտնի ժողովի մասին նյութերը գրի է առել իրավասու և իրազեկ անձանց հաղորդումների հիման վրա: Նշենք, որ երիտթուրք նախկին գործիչը չի նշում, թե որ թվականին է տեղի ունեցել այս ժողովը: Ստորև ներկայացնում ենք հատված.
«Թալեաթի նախագահությամբ անցկացվող գաղտնի խորհրդակցությունում առաջինը ձայն տրվեց դոկտոր Նազըմին: Դոկտոր Նազըմը դողդոջուն ձայնով սկսեց շարադրել իր կարծիքը խնդրի շուրջ….
Դոկտոր Նազըմ: Խոսքով փլավ չեն եփում: Պետք է գործել արագ և վճռականորեն: Հայերը վտանգավոր են, ինչպես թարախապալարը. սկզբում այդ թունավոր վերքը թվում է անվտանգ, բայց եթե այն ժամանակին չվիրահատվի փորձված վիրաբույժի կողմից, ապա անպայման կհանգեցնի մահվան: Անհրաժեշտ է գործել և գործել արագ: Եթե բավարարվենք մասնակի կոտորածով, ինչպես եղավ 1909 թվին Ադանայում և այլ շրջաններում, ապա դա օգուտի փոխարեն վնաս կբերի, քանի որ վտանգ կստեղծենք արթնացնելու այն տարրերին, որոնց նույնպես մտադիր ենք վերացնել ճանապարհից՝ արաբներին և քրդերին. վտանգը կեռապատկվի և մեր մտադրության իրականացումը կդժվարանա: Ես մի քանի անգամ այս ժողովում ձեզ ասել եմ և այժմ էլ կրկնում եմ. եթե մաքրագործումը համընդհանուր ու վերջնական չլինի, ապա օգուտի փոխարեն վնասն անխուսափելի է: Հայ տարրը պետք է հիմքից արմատախիլ անել, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր հողում և մոռացվի բուն այդ անունը: Հիմա պատերազմ է, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինի: Մեծ տերությունների միջամտությունն ու համաաշխարհային մամուլի աղմկոտ բողոքները կմնան աննկատ, իսկ եթե նրանք իմանան էլ, կկանգնեն կատարված փաստի առաջ, և դրանով իսկ հարցը կսպառվի: Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի համընդհանուր բնաջնջման բնույթ կրեն. անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին՝ մինչև վերջին մարդը:
Հնարավոր է, որ ձեզանից ոմանք դա գազանություն համարեն, ասեն՝ ի՞նչ վնաս կարող են պատճառել ծերունիները, երեխաներն ու տկարները, որ հարկ լինի նրանց ոչնչացնել: Թող պատժվի միայն նա, ով մեղավոր է. իսկ տանը նստած կանանց, ծերունիների ու կրծքի երեխաների վրա հարձակվելը բարբարոսություն է ու վայրենություն և հակասում է քաղաքակրթության ու մարդասիրության օրենքներին: Թե իբր դոկտոր Նազըմը չափազանցնում է ու դատում անխոհեմ:
Խնդրում եմ ձեզ, էֆենդիներ, մի եղեք այդքան փափկասիրտ ու գթասիրտ, դա վտանգավոր հիվանդություն է: Հիմա պատերազմ է: Ես ձեզ հարցնում եմ մի՞թե պատերազմը բարբարոսություն չէ: Ինչո՞վ է մեղավոր հողագործը, որը գնացել է հայրենի գյուղից ու սպանվել ռազմաճակատում, կամ վաճառականը թողել է իր կրպակը, որ զոհվի արկի պայթյունից: Նրանք ի՞նչ հանցագործություն են կատարել, որ զոհվում են այդպիսի ահավոր մահով: Դաժանությունը բնության օրենքն է, այն կարելի է ընդունել կամ մերժել միայն դատողություններում: Մի՞թե կենդանի էակները, նույնիսկ բույսերը չեն ապրում ուտելով ու ոչնչացնելով միմյանց: Միգուցե դուք ասեք. «Արգելե՛ք նրանց դա, չէ՞ որ դա բարբարոսություն է»:
Հասան Ֆեհմի: Այո, էֆենդի, ես էլ եմ ծանոթ ուժեղի կողմից թույլին խժռելու այդ օրենքին, որը հայտնի է կենսաբանության մեջ:
Դոկտոր Նազըմ: (շարունակելով): Լավ խորհեք, թե ինչու հեղափոխություն արեցինք, ի՞նչ նպատակ էինք հետապնդում: Ես չեմ ուզում մտածել, թե մեր նպատակն էր վերացնել սուլթան Համիդի մարդկանց և գրավել նրանց տեղը: Ես ձեր ընկերը, զինակիցն ու եղբայրն եմ դարձել, որ վերածնենք թուրքությունը: Ես ուզում եմ, որ այս հողի վրա ապրի ու լիակատար տեր ու տնօրեն լինի թուրքն ու միայն թուրքը: Թող անհետանան բոլոր ոչ թուրք տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ որ նրանք պատկանելիս լինեն: Մեր երկիրը պետք է մաքրել ոչ թուրք տարրերից: Կրոնն ինձ համար իմաստ ու նշանակություն չունի: Իմ կրոնը Թուրանն է:
Դոկտոր Բեհաեդդին Շաքիր: (բառերն արտաբերում է հատ-հատ ու շեշտված): Եթե մի այնպիսի խեղճի մեկը, ինչպիսի Մովսեսն էր մի այնպիսի հալածական, ինչպես Հիսուսը, և մի այնպիսի որբ, ինչպես Մուհամմեդը, կարողացան աշխարհում ստեղծել առանձին մեծագույն կրոններ, ապա ինչու մենք՝ ուժեղ կամքի ու մտքի տեր մարդիկս, չենք կարող ստեղծել և տարածել Թուրանի կրոնն ու գաղափարը:
Հասան Ֆեհմի: Թող աստված ների այդ խոսքերի համար (վախվորած նայում է շուրջը): Չլինի՞ թե սատանաները վրա տան մեզ:
Կարա Քեմալ: Խոջա էֆենդի, ի՞նչ եք քրթմնջում, աղոթո՞ւմ եք: Աղոթեք գլխիս վրա, որ գլխացավս անցնի:
Դոկտոր Նազըմ: (շարունակելով): Վայ մեզ, եթե այդ մաքրագործումը վերջնական չլինի, եթե նրանց չոչնչացնենք լիովին. Այդ դեպքում մենք չենք կարող զբաղեցնել մեր տեղերը. նրանք կբռնեն մեր ձեռքից և այստեղից դուրս կշպրտեն և, դրանով էլ չբավարարվելով, կսպանեն բոլորիս: Հեղափոխությունը խղճահարություն չի ճանաչում: Նա հետամուտ է իր նպատակին և փշրում է իր ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները:
Դոկտոր Բեհաէդդին Շաքիր: Մենք՝ հեղափոխականներս, հանուն թուրք ազգի ստեղծելով օսմանյան պետություն ազգայնականության սկզբունքներով, ստեղծեցինքն «Իթթիհադ վե թերաքքի» իշխանությունը: Մեր ազգային մշակույթում մենք կարող ենք թույլ տալ միայն թուրքական հունդի ծաղկում: Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը մաքրել մնացած օտար ժողովուրդներից, արմատախիլ անել նրանց որպես մոլախոտների: Սա է մեր հեղափոխության նպատակն ու նշանաբանը: Այդ իսկ պատճառով Իթթիհադի իշխանությանը մենք տվեցինք «Նոր Թուրքիայի կառավարություն» անվանումը՝ զրոյի հավասարեցնելով «օսմանցի» անվանումը: Եվ իրոք, ի՞նչ արժեք կարող էր ունենալ այն: Ի՞նչ կարող է ավելանալ օսմանյան անունով հիմնադրված պետության մշակույթում: Տարբեր ազգությունների ներկայացուցիչները օսմանցու միասնական անվան ներքո ստեղծել են մի զարմանալի խառնուրդ, որը, եթե դրան մոտենանք խիստ գիտականորեն, նույնիսկ չի էլ կարելի պետություն անվանել: Լավագույն դեպքում կարելի է ասել, որ սա հայրենական կալվածք է, որն Օսմանը ժառանգություն է թողել իր որդիներին: Բաղկացած լինելով այլազան տարրերից՝ օսմանյան խառնուրդը չունի իր ազգային դեմքը, այն նման է տարբեր ընտանի կենդանիների կուտակմանը մի տնտեսության մեջ: Հայերը, հույները, բուլղարները, չերքեզները, բոսնիացիները, պոմակները, սերբերը, ալբանացիները, քրդերը, արաբները, վրացիները, լազերը՝ այս բոլոր տարրերն իբրև թե կազմում էին մի ամբողջություն օսմանցի անվամբ: Պետք է հրաժարվել նման հասկացությունից: Ինչպես որ անասնաբակում սագը, բադը, հավը, ոչխարը, կովը, այծը, եզը, գոմեշն ու ձին ապրում են իրար կողքի և չեն տեսակափոխվում, ճիշտ այդպես էլ այդ ազգությունները մնացել են մեր հողի վրա՝ չփոխելով իրենց ազգությունն ու լեզուն: Բարենպաստ հանգամանքների դեպքում նրանք նույնիսկ նեղում էին թուրքերին և անջատվում՝ զավթելով նրանց հողերը, ինչպես արեցին, օրինակ՝ ռումինները, սերբերը, բուլղարները և հենց վերջերս՝ ալբանացիները:
Կարա Քեմալ: Թող կորչե՛ն…
Հասան Ֆեհմի: Ձերդ բարձրության բարեհաճ թույլտվությամբ և աստծո օգնությամբ ես նույնպես, ինչպես որ իմ դոկտոր եղբայրները, կցանկանայի մի քանի խոսք ասել, բայց ոչ թե արևմտյան գիտության տեսանկյունից, այլ հենվելով արևելյան գիտության և սուրբ օրենքի՝ շարիաթի վրա, որի համաձայն, այն ամենը, ինչ վնասակար է, պետք է կործանվի: Ճշտիվ ապացուցված է, որ հայերը վնաս են պատճառում: Քանի որ նրանք ապստամբեցին մեր կուսակցության՝ «Իթթիհադ վե թերաքքիի» դեմ, ամոթալի փախուստի մատնեցին ազատության հերոս Էնվեր փաշայի փեսային, ապա պետք է առանց տատանելու կոտորել նրանց բոլորին մինչև վերջին մարդը: Անգամ ես պատրաստ եմ տալ սրբազան վճիռը՝ ֆեթվան: Մի կածեք, թե ձեր առջև անփորձ փաթթոցավոր մի սոֆթա է: Իմ մեջ խոսում է երախտագիտությունը. ազատության շնորհիվ ես դարձա խոջա, մեդրեսների 50 հազար սաների հոգևոր ուսուցիչ եմ: Ես հանգում եմ այս եզրակացության, քանի որ վնասը համընդհանուր է, ապա դրանից խուսափելու համար թույլատրելի է մասնակի վնաս հասցնելը: Իրավաբանական սկզբունքի համաձայն՝ նկատի չեն առնվելու՝ ծերունիներ են, երեխաներ, թե կանայք, հաշմանդամներ են, թե տկարներ. բոլորը սպանվելու են և բնաջինջ արվելու: Գլխումս միտք ծագեց բնաջնջման դյուրին եղանակի մասին: Ձեր թույլտվությամբ հիմա կշարադրեմ այն: Հիմա պատերազմի մեջ ենք. զենք կրելու ընդունակ բոլոր հայերին կուղարկենք կրակի առաջավոր գիծ՝ կռվելու ռուսների դեմ, իսկ հետևից կրակի կառնենք հատկապես դրա համար մեր մեր ուղարկած ուժերի կողմից և բոլորին կբնաջնջենք: Տանը մնացած տկարներին, կանանց ու երեխաներին մեր հրամանով անմիջապես կվերացնեն մեր հավատացյալները, որոնք կկողոպտեն նրանց ունեցվածքն ու կառնեն կտանեն աղջիկներին: Իմ այս նկատառումը կընդունվի՞ արդյոք:
Կարա Քեմալ: Կեցցե՛ս, Խոջա էֆենդի: Եղբայրներ, տեսա՞ք, ահա մեզ արժանի շեյխ –ուլ-իսլամ:
Էնվեր: (լրջորեն): Բնաջնջման եղանակի մշակումը գործադիր մարմնի պարտականությունն է.
Ջավիդ: Եզրափակենք: Դոկտոր Նազըմի, Բեհաեդդին Շաքիրի և նույնիսկ խոջա Հասան Ֆեհմիի բացատրությունները բավականաչափ լույս սփռեցին հարցի վրա… Մինչև վերջին մարդը հայերի բնաջնջումը որչափ որ անհրաժեշտ է մեր ազգային քաղաքականության համար, նույնչափ էլ կարևոր է թուրքերի տնտեսական իշխանությունը հիմնելու համար: Անցնենք քվեարկության…
Թալեաթի առաջարկությամբ քվեները հավաքվեցին ու հաշվեցին: Արդյունքները ցույց տվեցին, որ բոլոր ներկա գտնվողները միաձայն քվեարկել էին, ընդհուպ մինչև վերջին մարդը, հայերին իսպառ բնաջնջելու օգտին»:
Mevlan Zade Rifat. Türkiye inkilabin iç yüzü, Halep, 1929
«Ազատ Ձայն»–ի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:














