Հայկական Սիմահավքը՝ իրանական Ահուրա Մազդայի պաշտամունքի հիմք

30

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մեծ հայագետ Հովիկ Ներսիսյանի գրքից մի հատված՝ նվիրված հայկական Սիմահավքին,  որի բունը Վանա ծովի միջի կենաց ծառի վրա է, և գոյություն է ունեցել մոտ 3 դար առաջ նախքան Զրադաշտն ու իր Ավեսթան և միայն դարեր անց ներմուծվել է Ավեսթայի մեջ: 

«Պարսկաստանի սեպագիր արձանագրությունների վերևի մասում ներկայացված քանդակը ընկալում են որպես Ահուրա Մազդայի պատկեր: Նկատի առնելով այդ քանդակ պատկերի  հայկական նախատիպը՝ դա մեր կարծիքով նույնպես արտահայտում է արձանագրող թագավորին մատուցած Աստծո փառքը:

Արմավիրում հայտնաբերված հունարեն տեքստը վկայում է. Փառնակ անունով Լուսաստծո գոյությունը Հայասանում, դեռևս դարեր առաջ նախքան Պարսկական սեպագրերում ներկայացված քանդակ-պատկերի հանդես գալը:

«1927-ին հայտնաբերված բնագիրը… Ս. Տեր-Հակոբյանը համարել էր սելևկյան օրացույցի ամիսներ, սակայն չէր նկատել վերջին տողում «Փառնակ» անվանը հետևող շարունակությունը…». «Կ. Վ. Տրեևերը շեշտում է Փառնակի լուսնի աստծո անվանումներից մեկը լինելը և այն համարում ամիսների հովանավոր աստվածություն»:

Փառն-ակ դիցանվան Փառ (ն) արմատը պետք է համարել նույնը, ինչ հայերեն փառ՝ «լուսն, թաղանթ, բարակ մաշկ, վերքի երեսի խավը»: Հայերեն լուսն, փառ, խավ բառերից հոմանիշներ են, որոնք իբրև դիցանուն պիտի ցույց տային լույսի խավ, փառ, որոնք տվյալ դեպքում արտահայտում են «կենդանաշրջանի գոտու լուսարձակումը», որ է լուսն: Հր. Աճառյանը այս Փառը առանձնացնում է փառ(ք) բառից, վերջինս համարելով պահլավական փոխառություն, իսկ (լուսն) փառին վերագրում է «խալդյան» ծագում: Ուրեմն  «խալդյան», այսինքն՝ Վանի թագավորության ծագում պետք է վերագրվի նաև պահլավական փառ-farr-ին, որ նույն հայերեն լուսն-փառ բառն է, որովհետև իրանցիները Ահուրա Մազդային պատկերում են ճիշտ այնպիսի «փառ(ք)-ով, ինչպես Արարատյան թագավորության Թեյշեբա աստվածը»: Համեմատ. պահլավ. ֆար բառի 2 նշանակությունները «1. Փառք, շուք 2. Լույս»: Իրանցիները կատարել են կրոնական փոխառություն՝ բառի հետ միասին վերցնով լույս-փառքի հետ կապված կրոնական պատկերացումը:

Ավելին կա 3-րդ հայերեն բառը՝ փառ, որից խեչափառ աստղանուն դիցանունը: Հայերեն բարբառները ցույց են տալիս փառփեռ՝ «անիվի շառավիղներ» նշանակությունը, որը նույն ճառագայթն է, այսինքն՝ նախնական «լույս» իմաստըը, և ցույց չի տալիս այն, ինչ ենթադրում է Հր. Աճառյանը՝ թև»:

2        –Սիմ-ա-հավք՝ Ավեսթայում սաենա,  պարսկականում սիմորղ:

Սա այն կերպարն է, որ հայկական բանահյուսության մեջ կոչվում է Սիմ-ա-հավք, Սինամ-ա-հավք, Ավեսթայում՝ Saena, պարսկականում՝ սիմորղ:

Վանի Արարատյան թագավորության Aui դիցանունը Գ. Ջահուկյանը տառադարձել է հաւ, այստեղ ենթադրելով հայերեն հաւ «պապ» բառը և նշանակությունը: Թռչնի կերպարը և իգական լինելը ցույց են տալիս, որ Գ. Ջահուկյանի տառադարձությունը ճիշտ է, բայց սխալ է կռահված բառը: Այստեղ պետք է տեսնել հայերեն հաւ (սեռ. հաւի) «թռչուն, հավք»  բառը և նշանակությունը: Սա հավք դիցուհին է, որի պատկերը պահպանվել է Վանի Արարատյան թագավության պատկերագրության մեջ, ի դեմս Սիմ-ա-հավք – Սին-ամ-ա-հավքի, պահպանվել է շումերական SIM-ը և Վանյան հաւ-ը, որ տվյալ դեպքում բնիկ հայերեն  հաւ (ք) բառն է:

Մ.թ.ա. 9-րդ դարի վկայված հավք-դիցուհին նախատիպն է պարսկական Սիմ-մորղի, որտեղ մորղը թարգամանությունն է հայերեն հաւք բառի, իսկ Սիմը պահպանվել է նույնությամբ:

Շահնամեի ասությամբ, սիմորղը թռչնունների գլխավորն է, որ մանուկ Զալին պահել ու պահպանել է,  և հեն նա է եղել, որ Ռոսթամի ծննդյան ժամանակ դանակաբուժումը (վիրաբուժությունը) սովորեցրել է մոգպետներին:

Ավեսթայում հավքը Մերեղու Սաենա անվամբ է հիշվում, ուր մերեղու նշանակում է հավք: Պահլավական աղբյուրներում երկու հնչույթներով է հիշատակվում՝ Սեն Մուրուվ և Սենե Մուրուք  (Սեն հավք և Սենե հավք): Ավեսթայի 14-րդ յաշթի 41-րդ հատվածում բանաստեղծական չափազանցությամբ է ներկայացվում, որ իբր թե, երբ թռչում է, նրա շուքը, ինչպես մի ամպ լեռն է ծեծում: Իսկ 12-րդ Րաշն յաշթի 17-րդ հատվածում այսպես է հիշվում. «Ո՜վ ճշմարիտ արդարություն, եթե դու այն կենաց ծառի վրա, որ Վանա ծովում է և որի վրա Սիմահավքի բույնն է, մենք օգնության համար քեզ ենք ապավինելու»:

Եվ այսպես, նույնիսկ հայկական Սիմահավքը, որի բունը Վանա ծովի միջի կենաց ծառի վրա է, և գոյություն է ունեցել մոտ 3 դար առաջ նախքան Զրադաշտն ու իր Ավեսթան, և միայն դարեր անց ներմուծվել է Ավեսթայի մեջ»:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով: